ԿարևորՀասարակություն

Ինչու են բարձրացել «Հայփոստ»-ի սակագները

«Հայփոստ» ընկերության որոշ ծառայությունների սակագները մի քանի անգամ բարձրացել են, սակայն կան նաեւ ուղղություններ, որոնցով առաքման  սակագինը նվազել է։ 2001 թվականից փոստային առաքանու սակագները չէին վերանայվել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է «Հայփոստ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը՝ փորձելով հիմնավորել, թե ինչով են պայմանավորված որոշ ծառայությունների սակագների կտրուկ բարձրացումները։ «Հայփոստը» ՓԲԸ տարիներ շարունակ աշխատել է, ինչպես ընդունված է ասել, «մինուսով», շեշտակիորեն բարձրացել են նաև լոգիստիկ ծախսերը։

«Սակագնային փոփոխություններ կատարվեցին, որովհետև «Հայփոստը» վերջին տարիներին շատ մեծ վնասներ է կրել հին սակագներով աշխատելու պատճառով,  և հիմա  նույն  վնասներից խուսափելու միակ  տարբերակը  սակագների բարձրացումն է»,-պարզաբանում է Գևորգ Աբրահամյանը։

Փոստով նամակ, առաքանի ուղարկելու սակագները երկրի ներսում առայժմ չեն փոխվել, փոփոխվելու դեպքում կիրազեկվի հանրությանը։ Սակագները, սակայն, փոփոխվել են ոչ միայն աճի ուղղությամբ։ Օրինակ՝  Միացյալ Նահանգներ փոստային առաքումը թանկացել է մոտ 3 անգամ, նույնքան անգամ, սակայն, նվազել է դեպի ՌԴ առաքման սակագինը։ Ծանրոցների սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության զարգացման շուրջ ՌԴ-ի հետ առանձին պայմանավորվածություններ կան, սակայն գների փոփոխությունները կատարվել են առանձին մեխանիզմներով։

«Ամերիկա և եվրոպական երկրներ ուղղություններով ունենք ակնհայտ բարձրացումներ։ Փորձեմ բացատրել մեխանիզմը․ սակագինը ներառում է ոչ միայն տրանսպորտային, այսինքն՝ լոգիստիկ ծախսերը, այլեւ, օրինակ, երբ առաքումը հասնում է Ամերիկա։  Այդ երկրի ներսում առաքումը տեղ հասցնելու համար հավելյալ գումար է սահմանված, այդ սահմանված գումարը այսօրվա՝ բարձրացված սակագնի 60%-ն է կազմում։ Մյուս 30%-ը տրանսպորտային, լոգիստիկ ծախսն է, և միայն բարձրացված սակագնի 10%-ն է, որ տնօրինում է «Հայփոստը»։ Ընդ որում՝ այդտեղից էլ շատ ժամանակ զեղչեր ենք անում»,-ասում է Գևորգ Աբրահամյանը։

«Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթներն օրեր առաջ քննարկվել էին նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ անդրադառնալով գրահրատարակչության ոլորտին։ «Հայփոստը» ներկայացրել է առաքման առավել մատչելի տարբերակ՝ նախատեսված հենց  հրատարակչությունների համար: Ըստ այդմ՝ տպագրական նյութերը կառաքվեն որոշակի զեղչերով։ «Հայփոստը» փորձել է մատչելի տարբերակ գտնել նաև դեպի Ամերիկա առաքման համար։

«Լոս Անջելեսում «Հայփոստ»-ն ունի ներկայացուցչություն։ Հիմա բանակցություններ են ընթանում, և մինչև այնտեղ ուղարկելու դեպքում շատ մատչելի գին կսահմանվի»,-նշում է պարոն Աբրահամյանը։

Ներկայում, բացի փոստից, դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս առաքումներ իրականացնում են այլ կազմակերպություներ եւս։ Այս առումով «Հայփոստը» մենաշնորհային դիրքերում չէ։

«Անգամ այս պարագայում, սակագների բարձրացումներից հետո էլ, «Հայփոստի» սահմանած գները շարունակում են մնալ ամենամատչելին»-շեշտում է պարոն Աբրահամյանը։

Համավարակի շրջանում «Հայփոստը», վնաս կրելով հանդերձ, շարունակել է անխափան աշխատել։ Երբ մարդիկ համատարած մեկուսացած էին, փոստատարներն աշխատում էին։ Ի դեպ, փոստատարի կերպարն էլ շուտով կփոխվի։

«2 տարի առաջվա եւ 1-2 տարի հետոյի փոստատարները տարբեր մարդիկ են լինելու։   Այս տարվա կեսից արդեն թոշակները և նպաստները սկսեցինք բաժանել պլանշետների օգնությամբ, մեր փոստատարների մոտ դա հեշտ ստացվեց։ Գնալով ամեն ինչ փոխվելու է, փոստատարները  կանցնեն հատուկ վերապատրաստումներ,  կաշխատեն նորարար մեթոդներով»,-պատմում է Գևորգ Աբրահամյանը։

ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը խոստանում է բարձրացված սակագներին զուգահեռ սահմանել նոր որակ, որը ծառայությունից օգտվող քաղաքացիները անպայման կզգան։

Back to top button