Գերմանիայում մի քանի մարդ զրկվել է աշխատանքից՝ COVID-ի դեմ պատվաստումից հրաժարվելու համար


Գերմանիայում առողջապահության ոլորտի մի քանի աշխատողի հեռացրել են աշխատանքից ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար, գրում է Bild թերթը:
Բուժքույրական կենտրոնի ղեկավար Ռենե Վիլմերը և նրա կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ և հորդորել են աշխատակիցներին հետևել իրենց օրինակին:
Նրանցից երեքը հրաժարվել են պատվաստվել, իսկ չորսը դեռ որոշում չեն կայացրել: Վիլմերը խոսել է իր աշխատակիցների հետ, փոխանցել նրանց պատվաստումների մասին նյութեր: Նաև երկու օր ժամկետ է սահմանել՝ կողմնորոշվելու համար: Ժամկետը լրանալուց հետո աշխատակիցները դրական պատասխան չեն տվել, որին հետևել է աշխատանքից ազատելու մասին որոշումը:
Վիլմերը պարզաբանել է, որ աշխատողներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, չեն լսել իրեն, և նրանցից մեկը նույնիսկ հրաժարվել է պատվաստումից: Մինչդեռ նախկին աշխատակիցը պնդել է, որ պետը մերժել է իրենց մտահոգությունները և սպառնացել է աշխատանքից հեռացնել, եթե չպատվաստվեն:
Պարբերականը նշել է նաեւ, որ աշխատանքից հեռացված կինը մտադիր է դատի տալ իր նախկին ղեկավարին: