ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ,  ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:  

Արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ 

Նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ: 

Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն: 

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Back to top button