ԿարևորՀասարակություն

Գրելու համար ձեռագիր պե՞տք է

Միջազգային օրերի օրացույցում հունվարի 23-ը նշված է որպես ձեռագիր գրելու միջազգային օր։ Եվ մինչ ձեռագիր նամակներն ու գրություններն աստիճանաբար անցյալ են դառնում՝ արագորեն զիջելով էլեկտրոնային գրելաձևին, օրվա իմաստն ավելի է կարևորվում։

Հոգեբանները նկատում են՝ ձեռագիր նամակներն ավելի շատ հույզեր են պարունակում, քան բազմաթիվ զմայլիկներով լեցուն էլեկտրոնային նամակները․ աշխարհում ամեն օր միջինում 267 մլրդ էլեկտրոնային նամակ է ուղարկվում։ Մինչդեռ փոստով ուղարկվող ձեռագիր նամակների կայուն նվազում է արձանագրվում։ Յոթանասունամյա տիկին Էթերին մինչ օրս պահպանում է ամուսնուց մոտ 50 տարի առաջ ստացած նամակները։

Կես դար վաղեմության նամակները գրված են գեղեցիկ ձեռագրով՝ վստահաբար ջանասիրաբար։ Տիկին Էթերին «Ռադիոլուրի» խնդրանքով հանում է կտորի մեջ փաթաթված նամակները, որոնք պահում է դեռ մոտ 60 տարի առաջ նվեր ստացած իր իր հին, բայց խիստ խնամքով պահված պայուսակում։ Վայելչագիր նամակում ամուսինը՝ Ժորան, գրել է․

«Արևը, որ իմ սրտի մեջ է, բացի սիրուց, ոչ մի բան չի բերի քեզ»։

Մեկ այլ նամակում ձեռագիրը տարբեր է։ Տիկին Էթերին միանգամից անկեղծանում է՝

«Չէ, դա իմ ձեռագիրն է, ես եմ գրել, ամուսնուս ձեռագիրը շատ սիրուն էր»։

«Հայփոստում» էլ են նկատել՝ փոստային առաքանիներով հիմնականում ուղարկվում են փաստաթղթեր, տեղեկանքներ, հատուկ պատվիրված նամակներ։ Մարդիկ իրար սովորական նամակ, որպես այդպիսին, հիմա հազվադեպ են գրում։ Փոխարենը, ըստ վիճակագրական որոշ գնահատումների, աշխարհում ամեն օր միջինում 267 մլրդ էլեկտրոնային նամակ է ուղարկվում։ Ըստ որոշ կանխատեսումների՝ 2023-ին էլեկտրոնային հասցեատերերի թիվը կհասնի 4,3 միլիարդի։

Լևոն Չքոլյանը ձեռագիր և էլեկտրոնային տառերի «մրցակցությանը» հետևում է դեռ բանակում ծառայելու տարիներից։ «Ռադիոլուրին» պատմում է, որ կալիգրաֆիայով, հայերեն՝ վայելչագրությամբ, զբաղվում էր դեռ այդ շրջանում։

«Զինվորական ծառայության ժամանակ պաստառների, քարտեզների վրա տեքստերը ես էի գրում, և դա ինձ հետագայում օգնեց տառատեսակներ ստեղծելու հարցում»,-ասում է Լևոն Չքոլյանը։

Լևոնը պատմում է, որ ուսանողական տարիներին զգացել է համացանցում հայերեն տառատեսակների սղության խնդիրը, առավելապես՝ ձեռագրին մոտիկ տառերի։ Ըստ այդմ՝ որոշեց ստեղծել հենց այդպիսի տառատեսակ, որը մոտ կլինի ձեռագրին և այն անվանեց վրձնագիր։ Տառատեսակը հասանելի է համացանցում, կարելի է բեռնել անվճար։ Գրաֆիկ-դիզայնով զբաղվող մասնագետը դրանից հետո էլի մի քանի հայերեն տառատեսակ ստեղծեց։

«Ունեի վրձիններ, որոնցով սկսեցի ձեռագիր տառեր գրել, և տառերի այդ ֆորմաներն ընդունեցի որպես հիմք, ու այդպես ստեղծվեց վրձնագիրը»,-նշում է Լևոնը։

Վայելչագրությունն արվեստի հատուկ ուղղություն է։ Հայոց գրերի մի քանի տեսակներ են ստեղծվել դեռ մի քանի դար առաջ, օրինակ՝ գրչագիր, գլխագիր կամ երկաթագիր, բոլորգիր, շղագիր տեսակներ։ Վայելչագրությունը գրչության արվեստի կարևոր մասն է, որն իբրև առարկա ժամանակին դասավանդվել է հայկական դպրոցներում։ Մեր օրեր հասած ձեռագիր վիմագրությունները, վավերագրությունները, գրքերն ուսումնասիրելիս հասկանալի է դառնում, թե գրչապետը որքան ժամանակ է ծախսել ամեն տառն արվեստի գործի վերածելու համար։ Հայերեն տառատեսակների հեղինակ Լևոնը Չքոլյանը վստահ է, որ վայելչագրությունը, որպես արվեստի առանձին ճյուղ, ապագայում ոչ միայն չի վերանա, այլև կզարգանա։ Ինքն անձամբ ներկայում փորձում է բարելավել սեփական ձեռագիրը։

«Տետրեր ունեմ, որոնց մեջ անընդհատ գրում եմ, ձեռագիրս բարելավելու համար պարապում եմ, կարելի է ասել։ Ուզում եմ այն դարձնել հնարավորինս գեղագրական»,-պատմում է Լևոն Չքոլյանը։

Գեղագրական ձեռագիր ունանալը գուցե ապագայի աշխարհի ամենաանհավանական թոփ 10 հմտությունների շարքում դիտվի, անհավանական այնքան, որքան մի քանի տասնամյակ նամակը մի քանի վարկյանում աշխարհի մի ծայրից մյուս ծայրը հասցնելն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button