ԿարևորՀասարակություն

Ապաշրջափակումը` Լարսին այլընտրա՞նք․ Վրաստանում մտահոգված են

Պատերազմից հետո ստորագրված եռակողմ համաձայնագրի՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին կետը Վրաստանում թեժ քննարկումների առիթ է դարձել։ Փորձագետների հիմնական մասը պնդում է, որ Վրաստանը կորցնում է տարածաշրջանում տարանցիկ երկրի իր առաջատար դերը։

Ինչպես է փոխվելու  տարածաշրջանի տրանզիտային քարտեզը, կարծիքներ Վրաստանից։

Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին միացնողը միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսը բացվել է ավելի քան 10 օր ձնահյուսի վտանգի պատճառով փակ լինելուց հետո։

Մինչ Վրաստանի ռազմավիրական Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու դժվարանցանելի հատվածում (մինչև Կազբեկի) կկառուցվի շրջանցիկ ճանապարհը, որ խոստանում էր դառնալ Լարսի միակ իրական այլընտրանքը, վրացի փորձագետները շտապում են պնդել՝ Հայաստանն արդեն հասնում է այլընտրանքային ճանապարհների փնտրտուքին, բայց ոչ Վրաստանի տարածքով։  

Հրադադարի մասին նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրով սկսվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշջափակման գործընթացը՝ գրեթե զրկելով Վրաստանին տարանցիկ երկրի գործառույթից։

Տրանսպորտային հարցերով զբաղվող HUB Georgia կազմակերպության վերլուծաբան Պաատա Ցագարեիշվիլին կարծում է, եթե այն կյանքի կոչվի, վրաստանյան միջանցքների նշանակությունը կտրուկ կնվազի.

«Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը և Թուրքիան կապող, Գրումրիով անցնող, արդեն գոյություն ունեցող երկաթուղին աշխատանքային վիճակում է։ Դրա գործարկումը չափազանց մեծ ջանքեր չի պահանջի։ Եթե ​​Ադրբեջանն էլ վերականգնի Նախիջևանի հետ ճանապարհային և երկաթուղային կապերը Հայաստանի տարածքով, դա, անշուշտ, կկրճատի վրացական երթեւեկության, ներառյալ նաև Բաքու-Թբիլիսի-Կարսով բեռնափոխադրումների մի զգալի մասը։ Այդուհանդերձ սրանք հեռավոր ապագայի նախագծեր են, դեռ վաղ է օգուտների ու կորուստների մասին հաշվարկներ անել»,-ասում է Ցագարեաշվիլին։

Այստեղ կարծիք կա նաև, որ «Դարի նախագիծ» անունը ստացած, Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն էլ, որ այդպես էլ մինչ օրս չի կարողանում շահույթով աշխատել, կարող է դառնալ դարի ամենաանհաջող նախագծերից մեկը: Որոշներն էլ առանձնացնում են Վրաստանի համար միակ դրականը՝ աբխազական երկաթգծի բացման ուղղությամբ ճնշումների հնարավոր թուլացումն է:

«Վրացական երկաթուղիներ» ընկերության նախկին տնօրեն, տնտեսական հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին նշում է, որ Վրաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև միակ ուղիղ կապն է այս պահին, սակայն Նախիջևանով նրանց  կապը նշանակալիորեն թուլացնելու է Թբիլիսիի աշխարհաքաղաքական գործառույթը։

Խուխիշվիլին միևնույն ժամանակ՝ հույս ունի, եթե այս ամենը Վրաստանին լուրջ տնտեսական վնասներ հասցնի, ապա խաղաղությունը շահավետ կլինի բոլորին․ «Ստորագրված համաձայնագիրը, եթե վերջ դնի հակամարտությանը, լուրջ խնդիրներ առաջ չբերի, պետք է տարածաշրջանում սպասել ներդրումային մեծ ակտիվության։ Դա էլ իր հերթին միջազգային ասպարեզում կբարձրացնի Հարավային Կովկասի իմիջը»։

Վրաստանի աշխարհաքաղաքական գործառույթը պահպանելու համար տրանսպորտային հարցերով փորձագետները խորհուրդ են տալիս իշխանություններին բարելավել ենթակառուցվածքները, զարգացնել նավահանգիստները՝ մրցակցելու նոր իրողությունների հետ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button