ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ Երևանը շեղվեց տրանսպորտի կարգավորման խիստ թանկարժեք խորհրդատվությունից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է մայրաքաղաքի «նորեկներին»՝ 100 նոր կոմպակտ դասի ավտոբուս, որոնցից 30-ով արդեն այս ամիս կսկսեն երթեւեկել 38, 99 և 26 համարի երթուղիների ուղեւորները։ Երեւանի քաղաքապետարանը նոր ավտոբուսները ձեռք է բերել համայնքի բյուջետային միջոցներով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։  

«Քանի որ, ըստ ժամանակացույցի, 12 մետրանոց ավտոբուսների մրցույթը ձախողվեց, արագ լուծում էր պետք նաև նրա համար, որ այս տարվա սկզբից շարքից դուրս եկող «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փոխարինվեն նոր շարժակազմով, և որպես օպտիմալ տարբերակ ընտրվեց կոմպակտ դասի ավտոբուսների ձեռքբերումը։ Դա երթուղային ցանցով նախատեսված շուրջ 900 ավտոբուսից 100 ավտոբուս է»,–նշում է Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանը

Նոր ավտոբուսների ձեռք բերումը, սակայն, քաղաքապետարանի այսպես ասած ընդդիմադիր թեւում միանշանակ չի ընկալվել։ Նախ՝ ձեռք բերված ավտոբուսները նախատեսվածից փոքր են, բացի այդ՝ տարակուսանք է հարուցում, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը հսկա միջոցներ ծախսել մայրաքաղաքի երթուղային ցանցի բարեփոխման խորհրդատվություն ձեռք բերելու համար, եթե այն կենսունակ չէր, կամ եթե կենսունակ էր, ինչո՞ւ չի ծառայում  որպես Երեւանում տրանսպորտի կարգավորման քաղաքականության հիմք։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան․ «Այն գազելները, որոնք ձեռք բերեց Երևանի քաղաքապետարանը, կարող են տեղափոխել, եթե չեմ սխալվում, մինչեւ 17 ուղևորի։ Հետևաբար, դրանք միկրոավտոբուսներ են և, այո, կարող ենք արձանագրել , որ WYG-ի զեկույցից Երևանի քաղաքապետարանը շեղվել է, և այն, ինչ ձեռք է բերվել, նոր տրանսպորտային համակարգի համար պիտանի չէ։ Կարելի էր ձեռք բերված 100 գազելի փոխարեն գնել 70-80 միջին տեղատարողության այլ դասի ավտոբուսներ, սակայն շեշտը դրվեց քանակի և ցուցադրական արդյունք ապահովելու վրա, և ձեռք բերվեցին շուկայում հնարավոր ամենաէժան միկրոավտոբուսները, որոնք էլ գազելներ են»,– մեկնաբանում է Խաժակյանը։

Դավիթ Խաժակյանը

Վերադառնալով՝ բրիտանական WYG խորհրդատվական ընկերության 2019թ․ խորհրդատվական զեկույցին՝ հիշեցնենք, որ դրա վերջնական տարբերակը հիմք ընդունելով՝ նախատեսվում էր Երեւանի համար ձեռք բերել 12 մետրանոց, 90–100 ուղևորի համար նախատեսված ավտոբուսներ և 7.5-8.5 մետրանոց, 45–55 ուղևորի համար նախատեսված ավտոբուսներ։  

Դավիթ Խաժակյանն այն դիտարկմանն է, որ նոր ձեռք բերված տրանսպորտային միջոցները նախորդիվ նախագծված ցանցի տրամաբանությունից և հաշվարկներից դուրս են, իսկ վերջերս քաղաքապետարանի ձեռք բերած 100 կոմպակտ դասի ավտոբուսները նախատեսվածից փոքր են։ Այսուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շեշտում է՝ WYG–ի խորհրդատվությունը շարունակում է մնալ մայրաքաղաքի երթուղային ցանցի բարեփոխման հիմքում։

«Քաղաքականությունը չի փոխվել, բրիտանական կազմակերպության խորհրդատվությունը և կազմած երթուղային ցանցը շարունակում են մնալ քաղաքի տրանսպորտային ցանցի զարգացման հիմքում։ Արդեն քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար, և հունվարի 27–ին մրցույթը կավարտվի, տվյալները կամփոփվեն։ Այսինքն՝ շարունակում ենք ընթանալ խորհրդատվությամբ սահմանված ծրագրով»,– ասում է Կարապետյանը։

Երեւանի քաղապետարանի ներկայացուցիչը հայտարարում է՝

«Դա խորհրդատվություն է եւ ոչ թե դոգմա»։

Մինչդեռ Դավիթ Խաժակյանը պնդում է հակառակը՝ WYG բրիտանական ընկերությանը պատվիրած զեկույցը որոշակիորեն նաեւ պարտավորեցնում է հետևել ստացված մասնագիտական խորհրդատվությանը և չշեղվել դրանցից։


«Պարտավորեցնում է այն մասով, որ ուղևորահոսքերի հաշվարկները, որոնք կատարել է WYG կազմակերպությունը ենթադրում է նշածս տեղատարողության ավտոբուսներ, այսինքն՝ հանրային տրանսպորտի չվացուցակները, ուղևորահոսքերը, ծանրաբեռնվածությունը, որը հաշվարկվել է WYG-ի կողմից չի ենթադրում գազելների առկայություն, դա նշանակում է, որ պետք է ցանցի վերահաշվարկ իրականացվի, իսկ այն գումարը, որը մենք տրամադրեցինք WYG-ին բավականաչափ մեծ է։ Նոր տրանսպորտային ցանց նախագծելը էժան գործ չէ և պարզապես հարյուր գազելի համար նոր տրանսպորտային ցանցի նախագծումը ճիշտ չի լինելու և եթե որևէ հաջորդ քաղաքապետ կփորձի այս ցանցը տեղայնանցնել, ապա այս կամ այն կերպով նա պետք է ազատվի գազելներից, որ կարողանա ցանցը հավուր պատշաճի շահագործել»,–նշում է Կարապետյանը։

Եւ մինչ մայրաքաղաքի տրանսպորտի կարգավորմանն ուղղված լուծումները շարունակում են տարաբնույթ բանավեճերի առիթ լինել, նոր ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսները շուտով երթուղի կմտնեն։ Դրանցում այժմ տեղադրում են վճարման տուփերը, այսինքն՝ ուղևորներն այլեւս վարորդին գումարը վճարելիս նրան ձեռքով չեն մեկնի այն։ Իսկ խորհրդատվական զեկույցով անհրաժեշտ համարվող ավտոբուսների ձեռքբերումը դեռ մնում է ապագայի հարց, ու հարց է նաեւ՝ մոտիկ, թե  հեռու ապագայի։

Back to top button