ԿարևորՀասարակություն

Վիրաբյանը կվերադառնա՞․ նախարարությունը բողոքարկելու է դատարանի վճիռը

«Ես անհիմն եմ համարում ինձ պաշտոնից ազատելը»․ 2020 թվականի սեպտեմբերի 10-ին այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Իսկ այժմ դատարանը հայտարարեց՝ Վիրաբյանը կշարունակի աշխատել։

«Ի պատիվ մեր դատարանի, դատավոր Գրիգորյանի, շատ օբյեկտիվ, շատ պրոֆեսիոնալ վերլուծություն է արել և ամբողջությամբ բավարարել է մեր պահանջը»

Ամատունի Վիրաբյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը նշում է, որ ամսիսներ տևած դատավարությունց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց պահանջները՝ անվավեր է համարել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, վերականգնել է Վիրաբյանին նախկին աշխատավայրում և որոշել է բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը․

«Սա նախապատմություն ուներ, ինչ–որ մի քաղաքացի բողոքել էր պրն Վիրաբյանի դեմ, սուտ մատնություն էր արել, որ նա կաշառք է պահանջել, մի անհեթեթություն։ Եվ դրա վերաբերյալ գործ էր հարուցվել, որն, իհարկե, կարճվեց։ Բայց դրա հետ մեկտեղ նախարարը հորդորել է դիմում գրել, գնալ, քանի որ նա չի վստահում, այս համատեքստով։ Այնուամենայնիվ հրաման էին կայացրել այլ իրավական հիմքով՝ հարկեր չվճարման մասով, մտացածին հիմք էին ստեղծել և հեռացրել էին աշխատանքից, որը մենք վիճարկեցինք»։

Աշխատանքից ազատվելու հիմքը ձևակերպվում էր այսպես՝ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենը հաշվապահական հաշվառումը վարել է խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում։ Արդյունքում՝ հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

Նշվում էր, որ սրա հետևանքով Ազգային արխիվը շահութահարկի գծով 21 մլն 369 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է ձեռք բերել։

Վիրաբյանը չէր ընդունում առաջադրված մեղադրանքը, Արդարադատության նախարությունն էլ չի ընդունում  դատարանի կայացրած վճիռը։ Պարզաբանում է կառույցի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը․

«Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿԻ նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը»։ 

Փաստաբան Գրիգորյանը նշում է, որ իրենք պատրաստ են դեպքերի նման զարգացմանը․

«Իհարկե պատասխանող կողմի իրավունքն է բողոքարկելը, բայց ես կարծում եմ՝ իրենք մինչև վերջ էլ բողոքարկելու են, տրամադրությունը այդպիսինն է։ Մենք պատրաստ ենք, թող բողոքարկեն, մենք հանդես կգանք և՛ վերաքննիչում, և՛ ցակացած ատյանում»։

Դատական պրոցեսը դեռ շարունակվում է․ քանի դեռ առաջին  ատյանի կայացրած վճիռը բողոքարկվում է, այն ուժի մեջ չի մտել։ Ինքը, Ամատունին դեռ չգիտի՝ կվերադառնա Ազգային արխիվի տնօրենի պաշտոնին, թե ոչ։ Նշում է, որ խնդիրն ավելի շատ բարոյական էր։ Իրեն դատարանի վճիռն էր պետք այն մասին, որ նախարարի հրամանն անհիմն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button