ԿարևորՏնտեսական

Ո՞ր ընկերություններն են 2020-ին ավելի շատ հարկ վճարել

Համավարակն ու պատերազմն ազդել են նաև խոշոր հարկատուների վճարած հարկերի տեսակարար կշռի վրա։ Հազար խոշոր հարկ վճարողները 2020 թվականին վճարել են պետական հարկային  եկամուտների 71․3  տոկոսը։

Պետական եկամուտների նախագահի առաջին  տեղակալ  Ռաֆիկ Մաշադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ընդգծում է՝ 2019-ին ընդհանուրի մեջ խոշորների տեսակարար կշիռը 72․5 տոկոս էր կամ  79  մլրդ դրամով ավելի, քան այս տարի։ 

«Այդպես էլ պետք է լիներ, քանի որ, ըստ էության, այն իրավիճակը, որում  հայտնվեցինք՝ կորոնավիրուս, պատերազմ, իր ազդեցությունն  է թողել  բոլոր ոլորտների վրա, հավասարաչափ հարկային եկամուտները նվազել են»։          

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ ճգնաժամի ազդեցությունը նկատելի է նաև խոշոր հարկատուների վրա։

«Եթե հազար հարկատուների ցանկը դիտարկենք այդ տեսանկյունից, այն  դրական  միտումները, որոնք կային  2019 թվականին 2018–ի համեմատ կամ 2018–ին 2017–ի համեմատ, 2020–ին հակառակ պատկերը ունեն։ Ակնառու է, որ տարին ճգնաժամային էր։ Հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծության առումով նույնպես ճգնաժամը նկատելի է»։

Առաջին  տասը խոշոր հարկ վճարողների ցանկում  էական փոփոխություններ չեն եղել։ Ցուցակում առաջատարը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 50 մլրդ դրամ վճարած հարկերով։ Ընկերությունը 2019-ի համեմատ 6,4 մլրդ  դրամով պակաս հարկ է վճարել։ Ուշագրավ է, որ երկրորդ տարին անընդմեջ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է արդյունաբերական ընկերություն, որն ունի նաև արտահանման ուղղվածություն։  Տասնյակում միակ փոփոխությունն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից  առաջ է անցել  փոխարեն «ՄՏՍ Հայաստան»-ը։  Փորձագետ Արմեն Քթոյանն ընդգծում է՝

«Արձանագրվող տեղաշարժերը պայմանավորված են տարբեր գոծոններով, բայց չեմ կարող ասել, որ համավարակը դրա վրա ունեցավ վճռական ազդեցություն, քանի որ ուսումնասիրություն չեմ արել»։ 

Հարկերի նվազման օրինաչափությունը խախտել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը։ Այն 2020-ին  շուրջ  9․5 մլրդ դրամով ավելի շատ հարկային եկամուտ է ունեցել, քան 2019-ին։ Այս ընկերությունն է շահագործում Սոթքի հանքավայրը, որը նոյեմբերի 10-ից անցել է Ադրբեջանի  վերահսկողության տակ։

«Ամենաշատ հարկերի ավելացում արձանագրվել է  Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունն է,  որի  հարկային եկամուտները  2019-ի համեմատ ՝ 9,4 մլրդ դրամով ավելացել են։ Այս ընկերությունը շահագործում է   Սոթքի հանքավայրը, որը  նոյեմբերի 10-ից հետո  հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ»։         

Փորձագետ Քթոյանի դիտարկմամբ՝  Սոթքի օրինակն ակնհայտ է դարձնում, որ 2021-ին հարկային եկամուտների նվազում կարձանագրվի, սակայն մեկ այլ միտում է մատնանշում։

«Եթե խոշոր հարկատուների միտումներն ենք դիտարկում,  ապա վերջին  տարիներին նկատելի է հանքագործական ընկերությունների դերակատարման նվազում։  Սա պայմանավորված է  հանքարգործական արտադրանքի համաշխարհային գների որոշակի նվազմամբ, նաև տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային թեթև վերաձևումներով»։  

Անդրադառնալով հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների կողմից շահութահարկ չվճարելու մասին մամուլի հրապարակումներին՝   Պետական եկամուտների նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը դրանք  իրականությանը  չհամապատասխանող է որակում։

 «Վերջին երեք տարիներին  ոլորտն ապահովում է ՀՀ-ում հայտարարագրված շահութահարկի շուրջ  10 տոկոսը, իսկ ընդհանուր առմամբ, որպես հարկային եկամուտներ  ապահովող ոլորտ,  մեր երկրի համար կարևորներից է»։

Հարկային եկամուտների աճ է արձանագրել նաև CPS ընկերությունը, որը զբաղվում է  վառելիքի ներմուծմամբ ու իրացմամբ։ ՊԵԿ–ում արձանագրում են՝  ոլորտային առումով հարկերի մեջ տեսակարար ավելի մեծ կշիռ ունեն ծխախոտի արտադրությամբ ու  ներմուծմամբ  զբաղվող ընկերությունները, հանքարդյունաբերությունը և առևտուրը։

Ըստ հարկատեսակների՝ ամենամեծ նվազումն արձանագրվել է  շահութահարկի գծով՝ 40 մլրդ  դրամ, 8 մլրդ դրամով էլ նվազել է եկամտային հարկի հավաքագրումը․ 2020–ին՝ 200 մլրդ՝ 2019-ի 208 մլրդ-ի փոխարեն։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ ամեն Քթոյանն արձանագրում է․ «Նախորդ տարիներին ունեինք խոշոր  հարկատուների  վճարած հարկերի տեսակարար կշռում ուղղակի հարկերի  աճի միտում՝ տարեկան 2-3 տոկոսային կետով։ 2020 թվականին միտումը խախտվեց»։

Ցուցադրել ավելի
Back to top button