ԿարևորՔաղաքական

Հավատարիմ կմնա՞ նախագահ Բայդենը հայամետ սենատոր Բայդենին

Նոր Ամերիկա, նոր վարչակազմ, նոր ակնկալիքներ։ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը առաջիկա 4 տարիների ընթացքում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից սպասում է հայանպաստ որոշումներ։

Անկանխատեսելի Թրամփի կանխատեսելի իրավահաջորդի արտաքին քաղաքականությունը ինչքանո՞վ օգտակար կլինի ՀՀ–ի և Արցախի համար։ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի փոխանցմամբ՝ կառույցի  ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել  նոր վարչակազմի անդամների հետ, բայց նամակներ ուղարկվել են՝ սպասելիքները, համագործակցության առաջնահերթությունները ձևակերպված․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ակտիվացում, Արցախի անվտանգության ապահովում, Էրդողան–Ալիև տանդեմի պանթուրքական հեռահար նպատակների կանխում, ինչպես նաև՝  ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

Արփի Վարդանյանը կարծում է, որ հայամետ քաղաքական ուղենիշ ունեցող Ջո Բայդենի դիրքորոշումը պետք է որ չփոխվի․ նման ակնկալիք ունի Սենատում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենի հետ հարցուպատասխանից հետո։

«Դրական ակնկալիքներ ունեմ ԱՄՆ  նոր վարչակազմից։ Ակնկալում ենք և պահանջում անվտանգություն Հայասատանի և Արցախի համար։ Մեծ ուշադրության կենտրոնում պետք է պահել թուրք-ադրբեջանական համագործակցության մեծացումը, չանտեսել Թուրքիայից և Ադրբեջանից եկող ռազմական սպառնալիքները,  մասնավորապես, պանթուրքական հայտարարությունների ֆոնին»։

Լուսանկարը՝ Ռոյթերսի

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը չի կիսում այն կարծիքը, թե  ԱՄՆ նախագահը՝ լինի դեմոկրատ թե հանրապետական, չի փոխում քաղաքական գիծը։ Վարդանյանը վստահ է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը փոփոխություն կմտցնի Հայաստանի, Արցախի  անվտանգությանն առնչվող  կարևոր  հարցերում՝ ցուցաբերելով  հստակ դիրքորոշում։

«Վերջին պատերազմի ժամանակ Ամերիկան տարբեր պատճառներով հետ քաշված էր»,-շեշտում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը և հույս հայտնում, որ Արցախի հայերի անվտանգության հարցը կլինի օրակարգային։

«Նոր վարչակազմ է, նոր Ամերիկա, և սպասումները մեծ են։ Այսօր ապահովության, անվտանգության հարցի անհրաժեշտության կա։  Ակնկալում եմ, որ Ջո Բայդենը պետք է այս հարցերին ուշադրություն դարձնի՝ ի դեմս նոր պետքարտուղարի։ Ուժեղացվի ԵԱՀՄ ՄԽ դերը, և ընդլայանվի՝ հայ–ամերիկյան հարաբերությունների օրակարգը»։

Ցեղասպանության ճանաչման հարցում նույնպես Արփի Վարդանյանը մեծ սպասումներ ունի։  

Ջո Բայդենը ավելի վաղ ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը։

՝

Ցուցադրել ավելի
Back to top button