ԿարևորՀասարակություն

«Խնդրել եմ ձիուս գտնել»․ սարերում ցրտահարված երեխայի կյանքը հաջողվել է փրկել

«Առավոտյան ձյուն չէր գալիս, կարծում էինք՝ նորմալ եղանակ է լինելու։ Ժամը 10։30-ին գնացինք, իսկ արդեն ետ դառնալիս ձնաբուք էր»։

«Ռադիոլուրի» զրուցակիցն այն տղան է, ում պատմությունը վախեցրեց ու անհանգստացրեց համագյուղացիներին, զարմացրեց բժիշկներին։16–ամյա Աշխարիկը դժվարությամբ է համաձայնվում խոսել, առանց մանրամասների։ Արցախի սարերին սիրահարված տղան ծնվել ու մեծացել է Ապարանում, բայց մինչ պատերազմը 4 տարի ընտանիքի հետ ապրել է Արցախի Քաշաթաղի շրջանում։

«Ես շատ եմ սիրում ման գալ սարերում․․․․ շատ եմ սիրում զբոսնել հատկապես ձիերով։ Ես հենց իմ ձիու հետ էի։ Ձյունը շատ էր, իրեն թողեցի ճամփին, ես ոտքով գնացի, ինքն էլ չեկավ ինձ մոտ»,-պատմում է Աշխարիկ Բարսեղյանը։

Աշխարհիկը քչախոս է, գլխով անցածը պատմում շատ հակիրճ։ Տարատեսակ հարցերիս ի պատասխան միայն ասում, որ զանգահարել ու համագյուղացի ընկերոջը խնդրել է իր սիրելի ձիուն սարից իջեցնել։ Հարցնում եմ՝ հիվանդանոցում գիտակցության գալուց հետո առաջինն ինչի մասին է մտածել․ պատասխանում է․ «Չեմ կարող ասել»։

Հունվարի 19-ին Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել՝ Ձորագլուխ գյուղի մոտակա սարում քաղաքացիներ կան, եղանակի ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել։ Շուտ հասնելն այլընտրանք չուներ։ Փրկարարները ժամանակին հասան։ 16 տարեկան տղային ու նրա ազգականին մոտեցրին շտապ օգնությանը։ Արդեն հիվանդանոցում զարմանալու ու գործելու հերթը բժիշկներինն էր։ Ձնաբքի պատճառով մոլորված ու ցրտահարված տղային  հիվանդանոց հասցրին կլինիկական մահ ախտորոշմամբ։ Ապարան բժշկական կենտրոնի Բուժական գծով փոխտնօրեն Մարգարիտա Աճեմյանը պատմում է․

«Կատարվել ենք սիրտ–թաքային վերակենդանացման միջոցառումներ մոտ 1 ժամ 15 րոպե։ Որից հետո նկատվել է սրտի ռիթմ, ինչը մեզ հույս տվեց, որ շարունակենք։ Սովորաբար վերակենդանացումը դադարեցվում է 30-40 րոպե հետո, բայց նշանները տեսնելուց հետո մենք շարունակեցինք համառ աշխատել և 1 ժամ 15 րոպե հետո երեխայի սրտի ռիթմը սկսեց նկատվել»,– պատմում է բժշկուհին։

«Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխված տղայի կյանքը հաջողվեց փրկել, տղայի, որ հստակ ծրագրել է՝ ապաքինվելուց հետո իր հավատարիմ ձիու՝ «Ցիգանի»  հետ էլի է գնալու զբոսնելու սարերում։ Միայն թե այստեղի սարերն ուրիշ են․ այն չեն, ինչ Արցախում։

«Որտեղ որ ես ապրում էի, միայն էտ տեղն եմ սիրում»,-ասում է 16-ամյա տղան։

Ցուցադրել ավելի
Back to top button