Մտքի ուժը

Ինչո՞ւ և ինչպես Արցախի գլխին կրակ թափվեց. ի՞նչ է սպիտակ ֆոսֆորը․ «Մտքի ուժը»

Պատերազմող Արցախի գիշերվա երկինքը պատվում է թանձր մառախուղով, ողողովում կրակի քուլաներով։ Ճիչերն ու աղմուկը միանում են կրակի ձայներին։

Հետո արդեն կադրերով նայում ու հասկանում ես՝ երկնքից կրակ է թափվում բառի ուղիղ իմաստով։ Կրակի պատճառն այս դեպքում թշնամու կիրառած սպիտակ ֆոսֆորն էր։

ԵՊՀ անօրգանական ու անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, պատվավոր վարիչ Համբարձում Խաչատրյանը սպիտակ ֆոսֆորի քիմիական հատկանիշներին զուգահեռ պատմում է, թե ինչ նպատակով են թշնամի երկրները դրանք կիրառում պատերազմների ժամանակ։

Ասում է, որ սպիտակ ֆոսֆորը ֆոսֆոր տարրի բնության մեջ գոյություն ունենալու ձևն է։ Այն ֆիզիկական հատկություններով ինքնաբռնկվող նյութ է, գոլորշիները թունավոր են, եթե անմիջապես շնչես այն։

«Ինքնաբոցավառվող է, այրման ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում։ Քանի որ արդեն բոցավառվել է, կա բոց ու բարձր ջերմաստիճան, առաջին հերթին վտանգավոր է, եթե մարդու մաշկի վրա է ընկել, վտանգավոր է, եթե այդ զինամթերքն իր կողքին է պայթել։ Կենդանի ուժին ոչնչացնելու համար երևի թե այդքան էլ նպատակահարմար չի, որ թշնամին կիրառի, քանի որ սովորական պայթուցիկը ավելի է ազդում։ Սա ավելի շատ ազդում է բնության վրա։ Կարելի է էկոլոգիական զենք անվանել։ Ավելի շատ կիրառվում է բուսականությունը վերացնելու նպատակով․ արգելված է բազմաթիվ միջազգային պայմանագրերով»։

Սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործվում է տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Այն կիրառվում է ցերեկվա ժամերին՝ ծխածածկույթ առաջացնելու, իսկ գիշերը՝ հստակ տարածք լուսավորելու համար։

Արգելված է հրկիզվող զենքերի ռազմաօդային ճանապարհով օգտագործումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ համաձայն Ժնևի կոնվենցիայի հրկիզվող զենքերի կիրառության արգելքների կամ սահմանափակումների մասին երրորդ արձանագրության։

Հատկանշական է, որ արձանագրությունը չի ստորագրել ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը։ Բնապահպանական համարվող քիմիական զենքը, որը պատերազմի ժամանակ կիրառվում է անտառները, բուսականությունն ոչնչացնելու նպատակով, ունի նաև դրական հատկանիշներ՝ գիտնականն է ասում ու նշում՝ անգամ եթե հողի մակերևույթի մեջ ներթափանցի, հողին նաև օգուտ կտա։

Ցուցադրել ավելի
Back to top button