ԿարևորՀասարակություն

ԲԴԽ անդամների ընտրության հարցն ԱԺ-ում քննարկվել է առանց ընդդիմության

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրության հարցը: Թեկնածուները երկուսն են. խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Ընդդիմությունը քննարկմանը և քվեարկությանը չի մասնակցել։ Պարզաբանելով, թե ինչու՝ ԼՀԿ–ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, որ դատաիրավական բարեփոխումների հարցում ընդդիմության դերն անտեսվել է, թեկնածուներ են ներկայացվել առանց ընդդիմության հետ քննարկումների։

ԲՀԿ-ից էլ հայտնել են, որ այսօր իրականում այլ հարցեր պետք է քննարկեին։ «Քառօրյա նիստի հարցերից ոչ մեկը չի արտացոլում իրական օրակարգը, իսկ դրա փոխարեն առաջադրվում է կեղծ օրակարգ, որը կապված է դատական համակարգում հարցերի լուծման հետ«,-լրագրողների հետ զրույցում շեշտել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ի տարբերություն ԼՀԿ-ի՝  ԲՀԿ-ում վերապահումներ ունեն թեկնածուների վերաբերյալ:

Գագիկ Ջհանգիրյանի առաջադրման հետ կապված օրենսդրական որևէ խոչընդոտ չկա՝ հակադարձելով թեկնածության շուրջ նման պնդումների մասին հարցին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Հենց նա ներկայացրեց խմբակցության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի կենսագրությունը։ Քննարկվող  պնդումները նա համարեց սոփեստություն, մանիպուլյացիա՝ վկայակոչելով օրենսդրական հիմքերը։    

 «Որևիցե սահմանափակում, որպես այդպիսին նախատեսված չէ։ Մենք հստակ պետք է տարբերակենք դատավորին ներկայացվող տարիքի պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և պետք է հստակ տարբերակենք ԲԴԽ գիտնական-անդամներին ներկայացվող պահանջները»։   

Բոլոր խմբակցություններում թեկնածության քննարկումներն անցել են հաճելի, բարեկամական պայմաններում՝ 20 րոպեանոց ելույթում, մասնավորապես, ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։ Նշեց, որ ԲԴԽ անկախությունն առանցքային է համարում, խոսեց նաև դրա օրենսդրական երաշխիքների, ապա խնդիրների մասին՝ բխեցնելով.

«Կարծում եմ այդ բուրգը՝ ինչ-ինչ բարեփոխումներով կամ բացառություններով, մինչև օրս գործում է։  Կարծում է, որ էստեղ ԱԺ-ի օրենսդրական առաքելությունը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հետագայում բոլոր դատավորներին և դատարաններին հնարավորինս անկախացնենք ոչ միայն գործադիր, օրենսդիր, այլ և այլ ազդեցություններից, այլ նաև վերադաս դատական ատյանների ևեթե կուզեք՝ ԲԴԽ-ի ազդեցություններից»։

Գործող դատական համակարգի զտման ուղղությամբ քայլեր չեն կատարվել,  որպես նախկինի ժառանգորդ՝ համակարգն  իներցիայով առաջ է շարժվել։ Սահմանադրական հնարավորությունը պետք է օգտագործել՝ ասաց։

«Ուզում եմ ասել մի խոսքով՝ կարճ, որ  անկախ դատարանի ստեղծման խնդիրը կլուծի մնացած բոլոր իրավապահ մարմիններում առկա, այսօր էլ հազար անգամ հանդիպող հազար ու մի խնդիրներ։ Ահա, թե ինչու շատ կարևոր է ունենալ անկախ դատարան և դատական համակարգ»։  

Որոշ պատգամավորներ հետաքրքրվեցին նաև չափելիության հարցով, թե՝ ինչպե՞ս իմանալ, որ խնդիրը լուծվել է, կամ՝ ինչ երաշխիքներ կան, որ կկարողանա դրանք իրականացնել։

«Բայց ես այնտեղ ունենալու եմ միայն մեկ ձայն։ Հիմա ես բոլորի անունից չեմ կարող որևէ խոստում տալ, բայց  մենք կաշխատենք էդ խնդիրները բարձրաձայնել և լուծումներ գտնել»։  

ԲԴԽ-ում կարծես ոգևորված չեն նրա թեկնածությամբ։ Ի պատասխան մեկ այլ պատգամավորի այս դիտարկմանը՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դրանից զարմացած է։ 

«Ես կարծում եմ  այստեղ խնդիրը այլ-այլ հարթությունների մեջ է թաքնված, հակառակ դեպքում՝ ինձ թվում էր, որ իմ՝ այնտեղ գնալը նրանք պետք է աղուհացով դիմավորեին և այլն։ Դրա համար, չեմ ուզում մեկնաբանել։ Որևէ գնահատական հիմա չեմ տա։  Ներսում կփորձենք քննարկել էդ բոլոր հարցերը»։

Այն պահին երբ  խորհրդարանում քննարկվում էր հարցը, ԱԺ դիմաց բողոքի ակցիա էր, որի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցին էլ անդրադարձ էր կատարվել։ Բողոքի ակցիայում ասվել էր, թե  «Իմ քաայլը» նրան գործուղում է ԲԴԽ, որ ճնշում գործադրի դատավորների վրա։ Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց.

«Դուք պատրաստվու՞մ եք ճնշում գործադրել և ինչ գործիքակազմ ունեք»։ 

Իմ բոլոր լիազորությունները հավասար են ԲԴԽ մյուս անդամների  լիազորություններին,  և դրանցում գրված չէ, որ պետք է ճնշում գործադրեմ՝ եղավ արձագանքը։ Ջհանգիրյանը նաև հերքեց խոսակցությունները, թե՝ գնում է նախագահի պաշտոնը ստանձնելու համար։ Ձևակերպեց, որ նման խոսակցությունները կասկածելի աղբյուրներից են և իրականությանը չեն համապատասխանում։

Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց․

«Ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել, ինչպես ասում են, դղյակն ու բիզնեսները՝ լինելով մշտապես պաշտոնյա: Խնդիրներ կարող են հարուցել»։

Ձեր ասած «իմ դղյակը» Մոնումենտում չի, բացի այդ, այնտեղ դղյակային որևէ բան չկա, այնտեղ հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման: «Ասեմ ձեզ, էն ժամանակ էլ այնտեղ աղբանոց է եղել, այդ հողը, որ էն ժամանակ քաղաքապետարանն ինձ հատկացրել է, եղել է աղբանոց, էդ հիմա է աչք ծակում»։

Մանրամասնելով՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ Բաղրամյան փողոցի հարևանությամբ իրենց եռահարկ սեփական տունը կառուցվել է 89-90 թթ․, երբ ինքը պաշտոնյա չի եղել։ Վաճառել են, այդ գումարով էլ  քանդել հին տունը և նույն տեղում կառուցել նորը։  

Ցուցադրել ավելի
Back to top button