ԿարևորՀասարակություն

7.4 մլն ԱՄՆ դոլար՝ մարզային առողջապահական համակարգի արդիականացմանը

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի  ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, 7.4 մլն ԱՄՆ դոլար գումար կտրամադրվի մարզային առողջապահական համակարգի արդիականացմանը, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Վայոց ձորի ազգաբնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բարելավմանը, «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային համապատասխան ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովմանը:

Ինչպես նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,  դեռևս 2013թ ստորագրված համաձայնագրի շրջանակում 22.8 մլն ՓՀԻ (XDR) արժեքով (համարժեք 35 մլն ԱՄՆ դոլարին) միջոցները նախատեսված էին  ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքների համար, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքների, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերմանը։ Ըստ նախարարի՝ 2020 թ. մարտի 6-ին կնքված համաձայնագրի փոփոխությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել են վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը։ Արդյունքում, նպատակահարմար է համարվել վարկային ծրագրում թողնել միայն Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքները։

Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը դիտարկվել է որպես ՀՀ կառավարության առաջնահերթություն և ընդգրկվել կառավարության 2019-2023թթ․գործունեության միջոցառումների ծրագրի միջոցառումների ցանկում։ Այնուհետև, կապված ՀՀ-ում COVID-19-ին համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու, ինչպես նաև երկրի բժշկական կազմակերպությունները անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պարագաներով և այլ ապրանքատեսակներով համալրելու հրատապ անհրաժեշտությամբ՝ նպատակահարմար է գտնվել 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխել և ուղղել COVID-19-ին դիմակայելուն:  Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն ԱՄՆ դոլար դեֆիցիտ Մարտունու ԲԿ արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ վարկային ծրագրով նախատեսվում Վայոց ձորի նոր բժշկական կենտրոնի կառուցումը:

«Մարտունու բժշկական կենտրոնն ինտենսիվ կառուցման փուլում է գտնվում: Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցման   նախագծման և նախահաշվային աշխատանքներն ավարտված են և հաստատվելուց հետո կսկսվեն նաև այս բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները»,-ասել է նախարարը: 

Back to top button