ԿարևորՄշակույթ

Բորիսիչի հեռանալով՝ քաղաքից գույն պակասեց

Առաջին անգամ ոտք դրեց թատրոն տատիկի շնորհիվ: Ապրում էին Ռուսական դրամատիկական թատրոնի հարևանությամբ։ Բեմի վարագույրն ու  դահլիճի  լույսերը   նրան կախարդեցին, ու նա  ընդմիշտ մնաց  թատրոնում։ Նրա  ձայնը  հնարավոր   չէր շփոթել։ Նա    Վիգեն Ստեփանյանն է՝  իր բամբ  ձայնով։ 

«Փոքր տարիքում ինձ անընդհատ ուզում էին ինչ –որ բաներ սովորեցնել՝ երաժշտություն,նկարչություն։ Ես էլ անընդհատ ուզում էի ֆուտբոլ խաղալ։ Հայրիկիս մի ընկերը, որը հայտնի կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանն  էր, ասում էր,  որ ես պետք է դառնամ հայտնի կոմպոզիտոր, հայրիկիս մյուս ընկերը , որ ոչ պակաս հայտնի դերասան Բաբկեն Ներսիսյանն էր, ասում էր, որ ես պետք է դառնամ դերասան։ Ստեփան Ջրբաշյանի տիկինը՝ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Անժելա Հարությունյանը,  ասում էր, որ պիտի երգեմ․․․ Տաթևիկ Սազանդարյանն էլ ասում էր՝ այո, երեխան այնքան լավ ձայն ունի

․․․ Իմ խռպոտ ձայնի մասին էր խոսքը։  Չգիտեմ՝ ես ինչ դարձա կամ դեռ պետք է դառնամ, չնայած տարիքս արդեն նորություններ հայթայթելու տարիք  չի, բայց ինձ հետաքրքիր է ապրել, երբ ինչ–որ նոր բան եմ սկսում ստեղծել»։   

Ավագ սերունդը միանգամից կհիշի 80-ականներին հեռուստաեթերում հայտնված և միանգամից սիրված ներկայացումը՝ «Համեցեք Հակոբ Նշանիչի ծնունդին»։  

Մի առիթով դերասանն ասել է․«Արդեն Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան էի ու բավականին  լուրջ ու   հետաքրքիր դերեր էի մարմնավորում, բայց ներկայացումից հետո մի գիշերում առավել հայտնի դարձա։ Առավոտյան քայլում էի Երևանի փողոցներում ու լսում էի՝ Հակոբ Նշանիչը։  

Վիգեն Ստեփանյանը նկարահանվել է 5 տասնյակից ավելի ֆիլմերում, թատրոնում հանդես է եկել ավելի քան 100 դերակատարմամբ: Բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։

 «Մետրո» թատրոնը 91-ին բացվեց հենց Վիգեն Ստեփանյանի  շնորհիվ,  այդ շրջանի ամենահետաքրքիր թատրոններից մեկն էր։ Դերասան Լևոն Հարությունյանի առաջին բեմելը Վիգեն Ստեփանյանի շնորհիվ էր։

«Առաջին քննությունս հանձնել եմ Վիգեն Ստեփանյանի մոտ։ Ես ոչ մի բանից տեղյակ չէի։ Ինքը հարցրեց՝  էտյուդ գիտե՞ս, ասում եմ՝ չէ, արձակ գիտե՞ս, ասում եմ՝ չէ, ասեց բա ինչու ես եկել։ Ասեցի՝ կարող եմ երգել ու երգեցի Կոմիտաս․․․ Ես իր հետևից գնացել եմ , ու «Մետրո» թատրոնը եղել է միակ թատրոնը, որտեղ ես աշխատել եմ։

Ստեփանյանը վառ գույն էր  հայկական կինոարվեստում և թատրոնում։ Լևոն Հարությունանն  ասում է՝ մանկան նման պարզ էր ու անկեղծ։

«Մենք ժամանակ առ ժամանակ թատրոնում  ասում էինք մեր մեծ բալիկն է, ինքը այդքան բարություն ուներ։ Մարդ,  որ կարողանում էր միշտ ասել «կներես»։ Ինքը այդքան մեծ էր բոլորի համար։ Իսկապես մեզանից տեսակ գնաց։ Գուցե ծեծված բան եմ ասում, բայց նա միայն ֆիզիկապես հեռացավ»։

Դերասան էր, որը կարողանում էր ցանկացած տարիքի առավելությունը, համ ու հոտը փոխանցել, իսկ  որտեղ հայտնվում էր,  տոնն այնտեղ  անպակաս էր։ Իսկ կանայք միշտ տարված էին նրանով։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը,  ում հետ ընկերությունը ավելի քան   20 տարիների պատմություն ունի,  հումորով ասում է, թե որն էր  Բորիսիչի հետ  հաճախ շփվելու  պատճառներից մեկը։

«Ես դրա համար էլ շփվում էի որտեղ իր կողքն էի, աղջիկներն ուշադրություն էին դարձնում, ես էլ օգտվում էի․․․․Իհարկե, հումոր եմ անում, բայց շատ մեծ կորուստ ունեցանք ։ Մեր քաղաքում գույն պակասեց։ Ինքը իր ներկայությամբ գույն էր, տեսակ։  Փողոցում պատահական հանդիպելն  արդեն տոն էր»։

Լավ մարդ կարգին երևանցի, փիլիսոփա արտիստ․ այսպես են բնութագրում նրան ընկերները, մտերիմները, բայց Կարո Շահբազյանն ասում  է, որ այս ձևակերպումը միայն Վիգենին է վերաբերվում։

«Ես միշտ իրեն ասում էի՝ Բորիսիչ, դու ոնց որ մեծ երեխա լինես՝ նկատի ունենալով իր մաքրությունն  ու ազնվությունը»։

Իսկ երբ հավաքվում էին ընկերներով, ու սեղանի շուրջ  գինու բաժականերն էին բարձրանում, անպայման հնչում էր Բորիսիչի երգը։  Ննջիր խաղաղությամբ , սիրելի Բորիսիչ։

Back to top button