ԿարևորՀասարակություն

Սակրավորներն առաջնագծում․ և՛ խրամատ են փորել, և՛ կռվել

Խաղաղապահ ուժերի բիրիգադի սակրավորական գումարտակը պատերազմի ժամանակ ոչ  միայն ինժեներական աշխատանքներ են կատարել Հայաստանի սահմաններում, այլև կռվել Արցախի պաշտպանական դիրքերում: Արմավիրցի  խաղաղապահ- սակրավոր  Ավետիս Մելքոնյանը վիրավորվել է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի սահմանների պաշտպանության ժամանակ: Նա հիմա ապաքինման փուլում է, որից հետո կրկին անցնելու է ծառայության

Ավետիս Մելքոնյանը մինչև վիրավորվելն ընտանիքից թաքուն էր պահել պատերազմի ժամանակ առաջնագծում գտնվելը:  Նա պայմանագրային զինծառայող է, սակրավոր և պատերազմի առաջին օրերին ծառայությունն  իրականացրել է  Հայաստանի հարավ-արևմտյան սահմանին: Մոր մտքով չէր անցել, որ որդին  Արցախում է:

Թեև հիմա Ավետիսը  տանն է, բայց Կարինե Գրիգորյանը չի կարողանում  առանց հուզվելու  վերհիշել պատերազմի դաժան օրերը․ «Առավոտ զանգում էր, երեկոյան զանգում էր, ասում էի Ավո ջան միայն ձայնդ լսեմ, թեկուզ ասես՝ մամ ջան, ոնց ես, հերիք է: Գիտեի, որ իմ տղան Ղարաբաղում չի, բայց շատ էինք  անհանգիստ, մյուսների համար էլ: Չեմ պատկերացրել, որ տղաս առաջնագծում կլինի»:

Կարինենին  անհանգստացնում էր երկրին վրա հասած պատերազմն ու  կորուստները: Ավետիսը խաղաղապահ ուժերի բրիգադի սակրավորներից է, արդեն 6 տարի ծառայություն է իրականացնում, Հայաստանի սահմաններում և Սիրիայում: Հունիսին էր վերադարձել Սիրիայից: Սեպտեմբերի 27-ին տագնապով ներկայացել ծառայության:

«Գնացինք զորամաս, ստացանք զենք-զինամթերք, բարձրացանք տեղամաս ու սկսեցինք ինժեներական աշխատանանքերը: Հոկտեմբերի 10-ին մեկնել ենք Լեռնային Ղարաբաղ»:

Սիրաիյում պատերազմից հետո հումանիտար առաքելություն կատարող սակրավորական գումարտակն Արցախում անցել էր  ինքնապաշտպանական գործողության: Ինժեներական գործիքները փոխակերպվել էին զենք-զինամթերքի: Ավետիսը  նաև նռնակաձիգ, հրաձիգ է: Խաղաղապահ ուժերի սակրավորական գումարտակը Հադրութի շրջանում պաշտպանել է Դրախտիկ գյուղի սահմանը,  և՛ խրամատ են փորել, և՛ կռվել:

«Հոկտեմբերի 19-ին մեր դեմ դիվերսիոն խումբ թափանցեց, շատ մոտ էին, Կռվի ընթացքում 5-6 զոհ ունեցանք: Հետո հոկտեմբերի 21-ին նահանջեցինք, «Նահանջ» հրաման էր եկել: Իջանք գյուղ ու ընկանք շրջափակման մեջ: Մենք չէինք պատկերացնում, որ ընտեղ կարայինք ընկնել շրջափակման մեջ: Ասֆալտե ճանապարհով իջնում էինք մինչև մեքենան կգար: Էդ ժամանակ կրակահերթով սկսեցին մեզ վրա կրակել, որ վազելով իջնում էինք, փամփուշտը կպավ ոտքիս, ես ընկա, ձեն տվեցի, մեր սպաներից մեկն էր մոտիկ, ինքը եկավ, քաշելով տարավ մի քիչ ապահով տեղ, էդ ժամանակ էլ էին կրակահերթով կրակում»:

Շրջափակումից դուրս են եկել մի քանի ժամ հետո: Վիրավոր Ավետիսին առաջին օգնությունը ցուցաբերել էր սպան՝ գոտիով կապելով վերքը: Մինչև ընկերներն օգնության կհասնին  վիրավոր Ավետիսը կարելի է ասել 2-րդ կյանքն  է ապրել: Թշնամին ավելի է մոտեցել, բայց խոտածածկ տարածքում չէի նկատել վիրավոր զինվորին:

«Մոտ 2-3 ժամ մնալուց հետո, ասեցին, որ մի ճանապարհ կա, որը  դեռ մեր հսկողության տակ է, նոր ինձ տարան, սկոռիոյով տեղափոխեցին Կարմիր Շուկայի հոսպիտալ»:

Հետո տեղափոխել են  Երևան: Հրազենից վնասվել էր  Ավետիսի աջ ոտքը և կոտրվել:  Նրան  վիրահատել են, հիմա  ապաքինման փուլում է: Շարժվում է միայն քայլակով: 28-ամյա երիտասարդն ամուսնացած է և  ունի 2 տարեկան աղջիկ:  քիչ է խոսում առաջնագծում անցկացրած 11 օրվա մասին, իր պարտքն է կատարել հայրենիքի նկատմամբ:  Ավետիս Մելքոնյանը զինվորական է և ապաքինվելուց հետո շարունակելու է ծառայությունը:

Կարդացեք նաև
Close
Back to top button