ԿարևորՀասարակություն

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացածների պրոթեզների որակը կբարձրանա

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում հաստատեց վերջին պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս որոշումը բխում է վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնելու անհրաժեշտությամբ:

Նրա խոսքով՝ գործող կարգավորումներով պրոթեզովորման կարիք ունեցող անձինք դիմում են իրենց նախարարություն համապատասխան հանձնաժողովի որոշման հիման վրա նրանց տրվում է հավաստագիր, և գործող հավաստագրման ընկերությունների միջոցով ձեռք են բերվում պրոթեզավորում.

«Սակայն առկա կարգավորումները թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել: Նոր կարգավորումով պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում: Մասնավորապես, ներկայացվող ընթացակարգը ենթադրում է ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով, այդ թվում արտերկրից հրավիրել մասնագետներ: Նաև տվյալ անձի միջավայրի՝ կեցավայրի, աշխատավայրի, գնահատում է կատարվելու: Այդ կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր անձի մասով կունենանք անհատական պրոթեզի չափանիշներ»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ առկա պրոթեզարանները, որոնք իրականացնելու են տեղադրումը, նրանց նկատմամբ չափանիշների փոփոխություն նույնպես նախատեսվում է՝ նոր մասնագետների ներգրավում, ուսուցում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ամենի նպատակն է, որ պրոթեզավորման գործընթացը կազմակերպվի հնարավորինս արագ և իրենց համար հարմարավետ, և երկրորդը՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի. «Կոնկրետ այս խմբի շահառուների կարիքները հոգում ենք պետական բյուջեի միջոցներով»:

Back to top button