ԿարևորՀասարակություն

Մասնագիտությամբ վիրաբույժ մարզպետը Շիրակի խնդիրներին բժշկական մոտեցում է ցուցաբերելու

Կառավարությունն այսօր Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, առողջապահության նախկին փոխնախարար  Հովհաննես Հարությունյանին։   Երիտասարդ նորանշանակ մարզպետը երեկոյան ճեպազրույց  է ունեցել լրագրողների հետ, որի  առաջին և ամենազգայուն հարցը վերաբերել է գերիների թեմային։

«Հավատացնում եմ, որ կառավարության օրակարգային թիվ մեկ խնդիրն է։ Այս պահին մանրամասների մեջ չեմ խորանա, բայց մոտեցումը մեկն է՝ գերիները պետք է վերադառնան օր առաջ, ժամ առաջ։ Բայց բոլորս էլ պատկերացնում ենք, որ այդ հարցերը կարճ ժամանակում չեն լուծվելու»։

Աղքատության բարձր ցուցանիշով առանձնացող  մարզի խնդիրներն  ավելացել են պատերազմից հետո։ Հովհաննես Հարությունյանն ասում է՝  այդ պատասխանատվությունը կրելու որոշումը կայացնելիս  չի երկմտել։

«Գիտակցում էի գործի ծանրությունը,  և այդ ամենը պատկերացնելով եմ համաձայնել։ 2020-ին համավարակի պատճառով մենք ունեինք արտակարգ դրության մեջ գտնվող մեջ գտնվող տնտեսություն, երկիր, մարզ։ 2020-ի հետ կապված շատ ծրագրեր սառեցվեցին, հիմա  պետք է փորձենք առաջին հերթին այդ սառեցված հարցերը բարձրացնել և նոր սկիզբ տալ»։

Մասնագիտությամբ վիրաբույժ նորանշանակ մարզպետը մարզի խնդիրներին բժշկական մոտեցում է ցուցաբերելու։ Ինչպես հիվանդությունը բուժելու, այնպես էլ խնդիրները լուծելու համար ճիշտ ախտորոշում է պետք։ Նորանշանակ մարզպետի խոսքով՝ իր թիմում ընդգրկվելու են գրագետ ու գործունյա շիրակցիներ։

Back to top button