ԿարևորՔաղաքական

Իշխանությունը նշում է հեռանալու նախապայմանը

Խորհրդարանական ուժերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ առաջարկել է հուշագիր ստորագրել արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին։

Քաղաքական ուժերի համար առաջարկը նոր չէ՝ հակադարձում են ընդդիմադիրները և իրենց կոնտր առաջարկը ներկայացնում։ Ի՞նչ է այս ամենը նշանակում, ձե՞ռք է բերվել պայմանավորվածություն, և արդյո՞ք արտահերթ ընտրություններ կազմակերպվելու են։

Չկա համաձայնություն, չկա հրաժարական, չկան արտահերթ ընտրություններ․սա այն է, ինչին տանում են այս պահի ներքաղաքական զարգացումները։ Պահանջվող հրաժարականից առաջ իշխող ուժը խորհրդարանական մյուս ուժերին առաջարկում է ստորագրել հուշագիր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու պարտավորությամբ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, «Լուսավոր Հայաստան»–ը պատրաստվում է առաջադրել Էդմոն Մարուքյանին։ Երկու խմբակցությունն էլ իշխանության առաջարկը մերժում են։ «Լուսավորականներն» անգամ կոնտր–հուշագիր են առաջարկել իշխանությանը։ Էդմոն Մարուքյանը հստակեցնում է՝ առաջարկը առաջին անգամ հնչել է Նիկոլ Փաշինյանից, և իշխանությունը ընդդիմադիրների պատասխանից վաղուց տեղյակ է․  

«Դա արդեն մենք քննարկել ենք իրենց առաջնորդի հետ։ Չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է։ Չի ստորագրվում հուշագիր, ինքն էլ հրաժարական չի տալիս։ Հարց է առաջանում․մենք «Բարգավաճ Հայաստանի» հետ հազիվ  45 պատգամավոր ենք, գումարենք «Իմ քայլից» դուրս եկած այդ 5 հոգին էլ՝ 50։ Եթե իրենք վստահ չեն իրենց 82–ի վրա, որ հնարավոր է ես առաջադրվեմ,  ինձ ընտրեն, ուրեմն դա ուրիշ քննարկման հարց է։ Եթե վստահ են, ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու։ Հրաժարական են տալիս, երկու ժամկետ՝ 7 օր գումարած 7 օր չի ընտրվում, խորհրդարանը ցրվում է։ Քանի որ իրենք ասում են, որ եթե ես ընտրվեմ, չեմ անի ընտրություն, ես կոնտր–հուշագիր եմ առաջարկել։ Հուշագիր ստորագրենք,  իմ ընտրվելու դեպքում նախապես նշենք ժամկետ, այդ ժամկետում հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում։ Պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում։  Եվ խորհրդարանը ցրվում է, երբ երկիրը կայունացված է լինում ու գնում ենք խորհրդարանական ընտրությունների։ Չի եղել համաձայնություն»։  

Նախապայամններ քննարկելուն դեմ է «Բարգավաճ Հայաստան»–ը ։ Այս կուսակցությունում հաստատում են՝ «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափում  որևէ տարաձայնություն չունեն և շարունակում են սատարել Վազգեն Մանուկյանին։ Իսկ նման կասկածների հիմքում այն իրողությունն է, որ մարզային հանդիպումների ժամանակ վարչապետի միասնական թեկնածուի կողքին բհկ–ականներ չկան։ Խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը հաստատում են՝ իրենց պահանջները նույնն են․

Միքայել Մելքումյան. «Ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների։ Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, և դա քո քաղաքական մեծամասնությունն է, ուրեմն պետք է վստահ լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու։ Եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»։

Իվետա Տոնոյան. «Այս իշխանության օրակարգ բերած որևէ հարցի շրջանակում մենք նրանց հետ քննարկելու որևէ հարց չունենք։ Որևէ բովանդակային քննարկման հնարավորությունը այլևս այս իշխանությունը բացառել է»։

Երկուստեք կտրուկ մերժումները ստեղծում են մի իրավիճակ, երբ առկախված է մնում խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու միակ սահմանադրական ճանապարհը։

2020–ի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, որի ընթացքում պետք է աշխատեին իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ խոսքը թե՛ քաղաքական, թե՛  անվտանգության ոլորտում իրավիճակը, և թե՛ տնտեսական կայունության մասին է։ «Դրանից հետո  կխորհրդակցենք հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ»,– նոյեմբերի 25–ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչ կարող է լինել, եթե խորհրդարանի քաղաքական ուժերը համաձայնության այդպես էլ չգան։ «Իմ քայլը» խմբակցությունում յուրովի են մեկնաբանում ընդդիմության կեցվածքը։ Սուրեն Գրիգորյանն է ներկայացնում  հնարավոր զարգացումը։

«Ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չի  լուծելու խնդիրը։ Պետք է առկա լինի ըմբռնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները  ընդունելի ձևաչափ են ընդունելի հանգուցալուծման, այդ թվում ընդդիմության մեր գործընկերների համար։ Մենք չենք  ասում՝ դուք պետք է կողմ քվեարկեք կամ դեմ քվեարկեք։ Մենք ասում ենք՝ եթե դուք հայտարարում եք, որ գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դա նշանակում է, որ պետք է չխոչընդոտեք այդ գործընթացին։ Եթե դուք առաջադրում եք վարչապետի թեկնածու, դա նշանակում է, որ դուք տեսնում եք խնդիրը, որ խորհրդարանն ընտրի այլ վարչապետ։ Երեկ որոշակի դատողություններ հնչեցրեց վարչապետը։ Եթե դուք ասում եք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ չեք, դա, ըստ էության,  նշանակում է , որ դուք դրա վերաբերյալ որպես խնդրի լուծում համաձայնություն չունեք և ըստ էության՝ հաստատում եք, որ այսօրվա իշխանությունը լեգիտիմ է, որովհետև եթե վիճարկում եք լեգիտիմությունը, ապա այն  ստուգելու մեկ մեխանիզմ կա»։

Արտահերթ ընտրությունների ժամկետների առումով նույնպես ուշագրավ հաշվարկ կա։ Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կրկին վկայակոչում է Փաշինյանի խոսքերը՝ 2021–ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին։ Պատգամավորը հիշեցնում է, որ 2021–ը՝ մյուս տարիների պես բաղկացած է 12 ամսից։ Այժմ դեռ առաջին ամիսն է, հետևաբար  դեռ վաղ է խոսել արտահերթ ընտրությունների հստակ ժամկետի մասին ։

Back to top button