ԿարևորՀասարակություն

Ի՞նչ հարցերի են պատասխանելու պատերազմին առնչվող դեպքերով հարուցված քրեական գործերը

Պատերազմին առնչվող դեպքերով հարուցված քրեական  գործերի հիմնական մասը վերաբերում է դասալքություններին, զորահավաքի հետ կապված իրավախախտումներին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ, սակայն, կան նաեւ հարուցված քրեական գործեր բազմաթիվ այլ դրվագներով եւս, որոնք լայնորեն քննարկվել են սոցցանցերում ու լրատվամիջոցներում։

«Խոսքը վերաբերում է նաև  ուժերի կարիքների համար՝ սպառազինության եւ այլ նյութական միջոցների ձեռքբերման ընթացքում հնարավոր առերեւույթ չարաշահումներին։ Այդ քրեական գործերի շրջանակներում բազմաթիվ այլ դրվագներով եւս քննություններ են իրականացվում։ Օրինակ՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո բազմաթիվ հրապարակումներ եղան համացանցում եւ սոցցանցերում։ Դրանք մանրամասն մոնիթորինգի են ենթարկվել, եւ բոլոր այն հրապարակումները, որոնցում մենք նկատել ենք առերեւույթ հանցավոր դրսեւորումների հատկանիշներ, անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցով քննություն իրականացնելու համար»։

Տարբեր ասուլիսների ընթացքում նաեւ պաշտոնատար անձինք, նախկին պաշտոնյաներ նույնպես աղմկահարույց հայտարարություններ են արել։ Օրինակ՝ Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը։ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դրանց  առնչությամբ տեսանյութերը նույնպես ուղարկվել են քննչական մարմիններ՝ ներկայացված հանգամանքների վերաբերյալ քննություն իրականացնելու նպատակով։

Երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչ եղան հայրենիքը ծախածների եւ դավաճանների վերաբերյալ հայտարարությունները, նշեց․ «Համոզված եմ, որ քրեական գործերը կտան հարցերի պատասխանները», և հավելեց, որ  պատերազմին առնչվող դեպքերով 1300-ից ավելի  քրեական  գործ է հարուցվել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ առանձին խմբով ուսումնասիրվում են այն տվյալներն ու հրապարակումները, որոնք վերաբերում են Արցախի հանրապետության հարավային եւ  հարավարեւելյան ուղղություններով կատարված ռազմագործողություններին։

«Այդ շրջանակներում՝ դեպի Շուշի, Շուշիի մատույցներում եւ Շուշիի ներսում կատարված ռազմագործողություններին, դրանց արդյունքներին կամ հետեւանքներին։ Հավաքված այդ տվյալներն ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ դրանով քննություն իրականացնելու։ Այդ գործով, մասնավորապես, նաեւ գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ԱԱԾ տնօրենին՝ համապատասխան գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու եւ բոլոր հանգամանքները պարզելու, բոլոր տիպի հնարավոր հանցավոր արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով»։

Ի դեպ, հետպատերազմյան շրջանում մենք ականատես եղանք նաեւ զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիաների, որոնց ժամանակ ծնողներն ուղղակիորեն իրենց փաստերն էին բերում եւ մեղադրանքներ ներկայացնում կոնկրետ զորամասերի կոնկրետ հրամանատարների։ Օրեր առաջ էլ զինվորական դատախազն էր հանդիպել զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների, հարազատների հետ։

«Մանրամասն ներկայացրել են իրենց հայտնի տեղեկությունները՝ պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի տարբեր սպաների, հրամանատարական կազմի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ, որոնք, իրենց կարծիքով, քննության առարկա պետք է դառնան։ Փաստերի այն մասով, որոնք մեզ արդեն հայտնի են եղել եւ դրանք դարձել են քննության առարկա, իրենց տեղեկացվել է այդ մասին։

Իսկ այն մասով, որտեղ նոր տեղեկություններ են եղել, միջոցներ են ձեռնարկվել, որ դրանք ներկայացվեն նաեւ քննչական մարմիններին, որտեղ քննություններ են իրականացվում։ Հորդոր է հնչել մեր այդ քաղաքացիներին, որպեսզի ակտիվ համագործակցեն քննչական մարմինների հետ՝ իրենց հայտնի տեղեկությունները տրամադրելու համար, որպեսզի դրանք պատշաճ ձեւով քննության առարկա դառնան։ Այսինքն՝ այն դեպքերը, որոնք մինչ այդ քննչական մարմիններին, դատախազությանը հայտնի չեն եղել»։

Դեպքերից մեկով էլ զոհված զինծառայողի հայրը դիմել էր գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ ինքն անմիջապես ականատես է եղել, թե ինչպես անօդաչու թռչող սարքի ձայնի առկայության պայմաններում, երբ զինծառայողները եղել են մարտի դաշտում, հրամանատարի կողմից հրաման է տրվել վերադառնալ,  նստել ավտոմեքենան ու շարունակել ընթացքը՝ դեպի նշանակման վայր։ Այդ հրամանը կատարելուց ընդամենը 5 րոպե անց ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով այդ մեքենայում գտնվող 19 զինծառայողներից 18-ը զոհվել էին, իսկ մեկը եւ ուղեկցող մեքենայից երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի տեղակալի նկատմամբ  եւ ընթանում է քննություն։          

Back to top button