ԿարևորՀասարակություն

SOCAR-ը սպառնում է «սոված թողնել» Արցախի կողքին կանգնած վրացիներին

Վրաստանում այսօր կազմակերպվում է ARTSAKH INTERNATIONAL SOLIDARITY առցանց միջոցառումը՝ օգնելու պատերազմի հետևանքով փախստական դարձած արցախցիներին։  Չնայած ադրբեջանական պետական նավթային ընկերության ներկայացուցիչների կողմից կազմակերպիչներին ուղղված սպառնալիքներին, այսօր Վրաստանի ժամանակով ժամը 15-00 — ից կհնչեն ամերիկացի, բրիտանացի, ֆրանսիացի ու վրացի արվեստագետների համերաշխության խոսքն ու երգը՝ նվիրված պատերազմից տուժածներին։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության օրն անցկացվող միջոցառումը նպատակ ունի Բայդենի վարչակազմի ուշադրությունը բևեռել Հարավային Կովկասի վրա։

«Հարավային Կովկասի երկու հնագույն՝ հայկական ու վրացական քաղաքակրթությունները ցեղասպանության ուղիղ սպառնալիքի տակ են։ Հայաստանյան ժողովրդավարությունը խեղդելուց հետո Էրդողանի հաջորդ կանգառը Վրաստանն է», — «Ռադիոլուր»-ին ասում է «Բազմակողմ դիվանագիտություն ինստիտուտի» Վրաստանի ծրագրի պատասխանատու, գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն, ում ջանքերով այսօր կազմակերպվող  առցանց համերգը ուղերձ է աշխարհին՝ թույլ չտալ մաս-մաս անել Հայաստանն ու Վրաստանը.  

«Սա ակցիա է՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի, ուղերձ է քաղաքակիրթ մարդկությանը՝ կանխել նախապատրաստվող ցեղասպանությունները, նման վայրագություններն ու ընդհանրապես պատերազմները․ սա ակցիա է Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների դեմ»։

Կակաբաձեի խոսքով Թուրքիայից շարունակաբար Վրաստան են ներթափանցում «Իսլամական պետության» գրոհայինները, պատերազմի արդյունքում վերջիններս հայտնվեցին նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ըստ նրա, տարածաշրջանի երկու հզորները պատուհաս են դարձել մեր գլխին։ Իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ գնալով ավելի է ընդլայնում ազդեցության հնարավորությունները Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա:

«Համերաշխություն Արցախին» ակցիայի կազմակերպումը խիստ նյարդացրել է  ադրբեջանական պետական նավթային ընկերությանը․ SOCAR-ի վրաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները հերթական անգամ փորձ են անում միջամտել.   

«SOCAR-ի ներկայացուցիչներն ինձ և գործընկերներիս են զանգահարել՝ սպառնալով, թե սոված կթողնեն, եթե չհրաժարվենք այս միջոցառման անցկացումից։ SOCAR-ն այստեղ ունի մի քանի հազար «ֆեյքերի ֆաբրիկա»։ Գիտենք, որտեղ են նրանք տեղակայված ու ինչ գործունեություն են ծավալում։ Տարիներ շարունակ իրենց միլիարդներով դա արհեստավարժ են անում»։

Վրացի մտավորականի խոսքով, սակայն, արդարության, խաղաղության համար պայքարողներին ոչ մի սպառնալիքով չեն կանգնեցնի։

Առցանց հեռարձակվող համերգին միացողներին կոչ է արվում նաև նվիրատվություն կատարել պատերազմից տուժածներին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։

Back to top button