Սյունիքում Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է մարզի գործարարների հետ


Սյունիքի մարզպետարանում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Մարզի ֆեյսբուքյան էջում հանդիպման լուսանկարներն են հրապարակված:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-19-ին երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարը նախօրեին այցելել էր «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:
Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել էր կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել էր որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։