ԿարևորՄիջազգային

Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները

Այսօր տեղի է ունեցել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը: Նա հավատարմության երդում է տվել սահմանադրությանը և երկրին:

«Ես ՝  Ջոզեֆ Ռոբինետ Բայդեն կրտսերը, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն հանդես եմ գալու որպես Միացյալ Նահանգների նախագահ և ողջ ուժով պաշտպանելու եմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Եվ թող Աստված օգնի ինձ», — արտասանեց նա երդման ավանդական բանաձևը՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որը պահել էր նրա կինը ՝ Ջիլ Բայդենը:

ԱՄՆ նորընտիր նախագահը երդվել է այն Աստվածաշնչի վրա, որը 127 տարի պատկանել է իր ընտանիքին:

Երդմնակալությանը մասնակցել են երկրի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման, ինչպես նաև նախկին փոխնախագահ Մայքլ Փենսը։ Նրանք չեն մասնակցել ավելի վաղ Էնդրյուս ռազմաբազայում կայացած 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժեշտի արարողությանը:

Թրամփը, խախտելով երկարամյա ավանդույթները, չի մասնակցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:

Բայդենի հավատարմության երդումից անմիջապես հետո 21 հրետանային համազարկ է հնչել Կապիտոլիումի բլրի վրա:

Երդվել է նաև ԱՄՆ փոխնախագահ 56-ամյա Քամալա Հարիսը: Այսպիսով, կեսօրին (ԱՄՆ ժամանակով) սկսվեց Բայդենի վարչակազմի քառամյա պաշտոնավարման հետհաշվարկը:

Երդմնակալության արարողությունն անցել է կրճատ ձևաչափով և երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով սոցիալական հեռավորության պահպանման նորմերին համապատասխան: Բացի այդ, դրա կազմակերպիչները հրաժարվել են հանդիսավոր շքերթից:  

Back to top button