
Սիլվա Կապուտիկյանի հայտնի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը թերևս սիրելի է բոլորիս համար։ Կապուտիկյանի գրադարանին նայելիս էլ պարզ է դառնում, թե հայոց լեզուն «հազարագանձ» անվանելու համար որքան է բանաստեղծուհին բառեր փնտրել։ Գրողի գրադարանում մի քանի տասնյակ հատորներ միայն բառարաններ են՝ բացատրական, ուղղագրական, հոմանիշների, հականիշների և այլն։
«Կապուտիկյանը իր ժամանակների այն խիզախ ստեղծագործողներից էր, որոնք ամենաբարձր ամբիոններից պաշպանում էին հայոց լեզուն։ ՍՄԿԿ վերջին համագումարում պետական լեզվի հարցը երբ քննարկվում էր և առաջնահերթություն տրվում ռուսաց լեզվին, Սիլվա Կապուտիկյանը ելույթ ունեցավ և ասաց, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, և այլ տարբերակ լինել չի կարող»,-ասում է Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանի ֆոնդապահ Սեյրանուհի Գեղամյանը։


Հայերենը պետական լեզու է միայն Հայաստանում, իսկ աշխարհում կան մի քանի միլիոն հայեր, որոնք սովորում են օտարալեզու դպրոցներում, համալսարաններում, բայց տներում ընտանեկան պետական լեզուն շարունակում է մնալ հայերենը։ Այդպես էր նաև Բայրամյանների ընտանիքում։ Մասնագիտությամբ մանկավարժ Օնիկ Բայրամյանը ծնվել է Բեյրութում, հաճախել ֆրանսիական դպրոց, տնից դուրս խոսել ֆրանսերեն և արաբերեն, տանը՝ բացառապես հայերեն։ Հայոց լեզուն սովորեցրել է մայրը։ Զրուցակիցս ասում է՝ մինչև ամուսնանալը մայրս դպրոցում էր հայոց լեզվի ուսուցչուհի, ամուսնանալուց հետո՝ տունը դարձրեց դպրոց․
«Մայրն է սկիզբն ու վերջը, մայրն է հաղթանակը, այդ պատճառով էլ ասում ենք՝ մեր մայր Հայաստան»,-ասում է Օնիկ Բայրամյանը։
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան էր եկել երաժիշտ Արմինե Ղուլոյանը՝ Գերմանիայի Ունա քաղաքում գտնվող Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը։ Եկել էր թանգարանին նվիրելու իր երգը, որը գրել է Կապուտիկյանի հենց «Խոսք իմ որդուն» բանաստեղծության հիման վրա։
«Մայրս այսօր Մոսկվայից զանգահարեց և ասաց, որ հիանալի օր է, որպեսզի գնաս ու նվիրես թանգարանին»։


ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ…
Լսիր, որդիս, պատգամ որպես,
Սիրող քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ,
Հայոց լեզուն հազարագանձ:
Կտրել է նա հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ,
Սլաքի հետ Հայկյան նետի:
Ու Մեսրոպի Սուրբ հանճարով,
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հույս, դարձել դրոշ,
Պահել երթը մեր անաղարտ:
Նրանով է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել մեզ է հասել
Նրա կարկաչը դրավոր:
Պահիր նրան բարձր ու վճիտ,
Արարատի Սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Մեր պապերի աճյունի պես:
Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա’ս…
Սիլվա Կապուտիկյան