ԿարևորՀասարակություն

Կանաչապատողներն ու աղբահանողները չեն հասցնում մաքրել Երևանի ձյունը

Ես երգում եմ այնպես, ինչպես քաղաքում մաքրում են ձյունը․․․

Վերջին օրերին Գագիկ Սուրենյանը զգուշացնում էր՝ ըստ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում ձյուն է լինելու, առատ ձյուն, հնարավոր է նաև բուք։

Ձյունը տեղաց սպասված ժամանակին, իսկ ձնամաքրման աշխատանքներն իրենց սպասել տվեցին։ Դրա հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ մայրաքաղաքում ժամանակին աշխատանքի չհասան, քանի որ տրանսպորտը ժամանակին տեղ չհասավ։ Չակերտավոր «անսպասելի» ձյունը «տեղաց» անգամ Ազգային ժողովի օրակարգի վրա․ խորհրդարանը նիստը սկսեց ուշացումով։

Որ աշխատանքի հասնելու համար վարորդները հրատապ պետք է անցնեն ձմեռային անվադողերի՝ այդ մասին ԱԻՆ-ը նախորդիվ զգուշացրել էր։ Իսկ որ ձյան պատճառով կխաթարվի տրանսպորտի գրաֆիկը, իսկ տաքսիները կգան կրկնապատկված կամ եռապատկված սակագներով, սա արդեն ոչ թե զգուշացնելու, այլ կարգավորելու հարց է։ Իսկ մինչ դուք կհասնեք աշխատանքի, Արցախի փրկարարների գիշերային հերթափոխն արդեն ձնեմարդ է պատրաստել․ կլոր, ծղոտե բեղերով ու փրկարարի գլխարկով:

Քաղաքացիները ձյան ու ձյունը չմաքրելու անհարմարություններից դժգոհում են, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ձնամաքրման աշխատանքներ են տանում։ Ձյունը չի դադարում, աշխատանքը՝ ևս։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղյակ է դժգոհություններից, առաջին անգամ չէ, որ դրանց առնչվում է ու հասցրել է բարկանալ նաև չափազանցված բողոքներից։  «Օդում ձյունը որսալու տեխնոլոգիային դեռ չենք տիրապետում»․ ՖԲ-ում գրեց Կարապետյանը, իսկ «Ռադիոլուրին» բացատրեց․

«Երևանը գտնվում է այնպիսի կլիմայական գոտում է, որտեղ ձյան տեղումներն հաճախակի չեն։ Առատ ձյունը Երևանում ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն»։

Քաղաքապետարանից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ողջ տեխնիկան՝ 29 բազմաֆունկցիանալ ձնամաքրիչ և աղ ցանող մեքենաները գործարկված են, այլ հարց է, որ գուցե դրանք բավարար չեն։ Ձյան մաքրման աշխատանքների պատասխանատու կազմակերպության՝«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Թադևոսյանն էլ մանրամասնում է․

«Տարածքը մեծ է, մեր աշխատուժը՝ սահմանափակ։ Հնարավոր չէ իհարկե ամբողջ քաղաքը մաքրել 300-400 բանվորով, բայց հնարավորության սահմաններում առավոտյան ժամը 7։00-7։30-ից մի քանի հերթափոխով աշխատում են»։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը պատասխանատու է քաղաքի այն տարածքների ձնամաքրման համար, որոնք նախատեսված են հետիոտնի համար։ Նայում եմ պատուհանից դուրս․ Ալեք Մանուկյան փողոցի մայթերը դեռ մշակված ու մաքրված չեն։ Արաքսն էլ է նայում պատուհանից։

«Ես նայում եմ պատուհանից դուրս, ձյունը արդեն սկսել է հալվել, և բնությունը, կարծես թե մեր կողմից է»,– ասում է Արաթս Թադևոսյանը։

ԱԻՆ–ից՝ հաղորդում են հունվարի 21-25-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մինչ այդ ես պիտի աշխատանքից տուն գնամ, անցնեմ ձնապատ մայթերով, օգտվեմ անտրամաբանորեն բարձրացած սակագներով տաքսուց ու գուցե ժանապարհին հանդիպեմ ձյունը մաքրող այգեպան բանվորներին կամ աշխատանքից ուշացողներին։

Back to top button