Ծովահայեր

Ի՞նչ էին անում անապատի նավերը՝ ուղտերը Սևանում․ «Ծովահայեր»

Ի՞նչ են բացահայտում Սևանի ավազանից գտնված հայտնի ու անհայտ կենդանիների ոսկորները․ այս հարցի պատասխանի փնտրտուքը մեր հետազոտող խմբին տարավ Սևանի ավազանի հյուսիս-արևմտյան ափ։

Նախ այցելում ենք Լճաշեն, որը գտնվել է երբեմնի Մետաքսի ճանապարհին։ 1950-ականներին Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով բացված հնագույն բնակավայրի վկայությունները մինչ պահպանվում և ցուցադրվում են Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում և Հայաստանի Պատմության Թանգարանում, մենք փորձում ենք Լճաշենի հնավայրում գտնել հուշումներ, ինչն ավելի հետաքրքիր և նպատակային կդարձնի մեր ստորջրյա հետազոտությունները։

Մինչ մենք ուշադիր զննում ենք հսկայական քարերը, տեղանքի խորությունն ու փորձում ենք գտնել ստորջրյա քարանձավի մուտքը, կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանը աչքաթող չի անում այդ տարածքից հայտնաբերված ոչ մի ոսկոր։

Վերադարձի ճանապարհին, ամրոցի համար բարձրահարթակ հանդիսացող բլրի լճի հարթակն ուղղահայաց կտրվածքով իջնող շերտերի մեջ նկատում ենք նախապատմական կենդանու հսկայական գլխի հատված, մեր ունեցած գործիքի օգնությամբ փորձում ենք ազատել ոսկորը դարերի հնությունը վկայող երկրի շերտերից։

Չի ստացվում, վնասվում է ոսկորը։ Մի փոքր վերցնում ենք հնագիտական ուսումնասիրության համար և հնագիտական արժեքավոր գտածոն թողնում լճի հատակին՝ դարավոր շերտերի հետ միաձուլված։ Տեղանքը հիշելու համար նշաններ ենք թողնում՝ հետագա ուսումնասիրությունները շարունակելու և ստորջրյա զբոսաշրջիկներին ցուցադրելու համար։

Մինչև կպատրաստվենք հաջորդ սուզմանը, հնարավորությունը բաց չենք թողնում նաև ուսումնասիրելու Սևանի ափամերձ գոտին՝ Այրիվանքի հատվածը, որտեղ 3000 տարվա լռությունից հետո ոսկորները դուրս են գալիս ջրի երես։

Իսկ թե ինչ ոսկորներ են դրանք, որտեղից են հայտնվել տվյալ տարածքում, «Ծովահայեր»-ի տաղավարում պատմում է կենդանաբան Անդրանիկ Գյոնջյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button