ԿարևորՏնտեսական

Եկամտային հարկի վերադարձի արտոնությունն առայժմ չի հանվի

Աստիճանաբար հրաժարվել հարկային արտոնություններից՝ ներդնելով հարկման ավելի արդարացի համակարգ․ այս մոտեցմամբ  կառավարությունն արդեն քննարկումներ է սկսել շահագրգիռ կողմերի հետ։ Գործադիրը նախ կսպասի  առաջարկների, ապա հայեցակարգի նախագիծը կներկայացնի կառավարության  ու խորհրդարանի քննարկմանը։  Հարկային փոփոխությունների  հիմնական մասը նախատեսվում է  գործարկել  հաջորդ տարվա հունվարից։

Վաճառել մորթվա՞ծ, թե՞ կենդանի․ բոլորովին կապ չունի` կենդանին խոշոր եղջերավոր է, թե ասենք ձուկ։ Առաջին հայացքից պարզունակ հարցը իրականում որոշիչ է հարկեր վճարել–չվճարելու հարցում։  Եթե կենդանին  է վաճառվում, տնտեսվարողն  ազատվում է շահութահարկից, եթե կենդանու միսը, արդեն   շահութահարկի դաշտում է։ Աուդիտորների ու  փորձագետ հաշվապահների կազմակերպության փոխտնօրեն Արթուր Հարությունյանն է բացատրում։     

«Նույն ֆերման ունի իր սպանդանոցը, մորթում է և վաճառում ։ Նույն ռեստորանը հարյուրավոր կիլոգրամով  միս  է գնում,  բայց պատրաստ չէ կենդանի գնել։ Այդ մարդը խոզը կամ տավարը բուծում է, որ վաճառի, բայց մորթելուց հետո, եթե մենք համարում ենք, որ միայն  մորթելը չի զրկում  արտոնությունից։  Մարդիկ ստեղծում են երկրորդ կազմակերպությունը և  կենդանի անասունը վաճառում են իրենց պատկանող կազմակերպությանը՝ հարմար գնով, քանի որ շահույթը չի հարկվում։ Մյուսն էլ անասունը  բարձր գնով է վերցնում  ու մորթում»։

Ֆինանսների նախարարությունում սկսել են քննարկել հարկային արտոնություններից աստիճանաբար հրաժարվելու հարցը։   Արտոնությունների ռեժիմն այսօր  գործում է  գրեթե բոլոր ոլորտներում՝ արտադրությունից մինչև գյուղատնտեսություն։  Ըստ գործադիրի հաշվարկների՝  հարկման արտոնյալ ռեժիմի պատճառով   չհավաքագրվող   հարկերը կազմում են  ՀՆԱ-ի  7 տոկոսը։   Գերատեսչությունում անհանգստացնող երևույթներ  են  նկատել․ օրինակ՝ հաճախ  խոշորի հետ փոխկապակցված  փոքր ընկերություններն են   հայտնվում են արտոնյալ դաշտում։  

«2020 թվականը մենք սկսել ենք 34 հազար միկրոձեռնարկատիրական սուբյեկտով, ավարտել ենք շուրջ 46 հազարով։ Դրանք մեր ակտիվ հարկ վճարողների կեսից ավելին են»,- ասում է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Օրակարգում շրջանառության հարկի շեմի իջեցումն է՝  գործող 117 մլն դրամից այն առաջիկայում գուցե  դառնա  60 մլն դրամ։ Քննարկումներ են ընթանում  նաև հարկային տարբեր արտոնություններից հրաժարվելու հարցի շուրջ։ Ֆինանսների նախարարությունում կարծում են՝ հարկման դրույքաչափերի եւ, առհասարակ, հարկային քաղաքականության մոտեցումների  վերանայման կարիք կա։ 

«Հարկային բոլոր այն արտոնությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր հիմնավորումներով, երբեմն ոչ այնքան պատշաճ ձևով տրվել են, պետք է գնահատենք ու վերաիմաստավորենք դրանց նշանակությունը, արդյո՞ք ծառայել են իրենց հիմնական նպատակին, թե՞ իրենց հիմնական խնդիրը չլուծելով հանդերձ ՝ պետությունից ռեսուրս են տանում»։

Ֆիննախում այս պահին վերլուծում են հարկային արտոնությունների արդյունավետությունը։ Արդեն  պարզել են՝ կոնկրետ թիրախային խմբին տրված հարկային արտոնություններից օգտվել են նաև  նրանք, որոնք պետք է այդ խմբում չլինեին։ Արման Պողոսյանը ոլորտներ չի մատնանշում, սպասում է արդյունքներին։

«Հարկային համակարգի  ձևախեղումների   հանգեցրած   կարգավորումների մասին է խոսքը, մասնավորապես, հարկման տարբեր համակարգերի՝ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, շրջանառության հարկման արտոնյալ համակարգ, ԱԱՀ։  Գործունեության միևնույն տեսակը ԱԱՀ-ի համակարգում  իրականցնելիս տնտեսվարողը  վճարում է  պայմանական 25 տոկոս իրացման,  շրջանառության հարկերի համախումբ, բայց գործունեության նույն տեսակը շրջանառության հարկի համակարգում 5 տոկոս է հարկվում։  Սա բերում է աղավաղումների, շարժառիթներ է ստեղծում, որ խոշոր տնտեսվարողները մասերի բաժանվեն ու տեղավորվեն իրենց համար չնախատեսված ավելի մեղմ կամ  արտոնյալ միջավայրում՝ դրանով իսկ անհավասար մրցակցության մեջ  մտնելով փոքրերի հետ»։

Հարկ վճարողների պաշտպանություն կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը  փորձում է հասկանալ  հարկային քաղաքականության հայեցակարգի տրամաբանությունը։ 

Մտավախություն ունի, որ՝ «դրոշմանիշային վճարը, իմ կարծիքով, առանց քննարկման ներկայացվեց ԱԺ։ Մինչդեռ պետք է քննարկվեր  վճարողների շրջանակը։  Մեր երկում այնպես է ստացվել, որ ով վճարում է, ուզում են, որ անընդհատ վճարի։ Բայց դա դիսբալանս է ստեղծում, քանի որ մեկը,  օրինակ,  ստվերային եկամուտ է ստանում, մյուսը՝ մաքուր։  Երբ բեռը ավելացնում ես, երկուսի միջև անարդարության զգացումը մեծանում է»։ 

Հիփոթեքային վարկով առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելիս՝ եկամտային հարկի վերադարձի արտոնությունը հանելու հարց գործադիրն այս փուլում չի քննարկում։  Նման մտադրություն ունեցել է, բայց  որոշել է առժամանակ հետաձգել դրա իրականացումը։ 2020-ին կառավարությունը պետական բյուջեից 13 մլրդ 350 մլն դրամ  եկամտային հարկի գումար է վերադարձրել հիփոթեքով բնակարան ձեռք բերել որոշած քաղաքացիներին, 2019-ին այդ ցուցանիշը կազմել է  7.9 մլրդ դրամ։ Ֆիննախում  նշում են, որ խնդրին կանդրադառնան ավելի ուշ՝ ճիշտ պահին ու ճիշտ մեխանիզմով։

Ցուցադրել ավելի
Back to top button