ԿարևորՄիջազգային

Բացառիկ և ոչ միանշանակ․ 5 փաստ Թրամփի պաշտոնավարման մասին

 «Բացառիկ» որակումը, թերևս,  որևէ առաջնորդի այսքան հաճախ չի տրվել։ Զրուցակիցս ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է, «ամենաբացառիկացվածը»՝ մեր խոսակցության հերոսը։

«Պատմության մեջ մնալու է որպես բավականին էքսցենտրիկ և բացառիկ կերպար, որը որևէ դասական առումով չի համապատասխանել և չի նմանվել Միացյալ նահանգների որևէ այլ նախագահի։ Տարբերվող մտածելակերպ է ունեցել, բիզնեսմեն է եղել, վերջիվերջո ամենատարեց նախագահն էր, երբ ստանձնեց պաշտոնը, ամենահարուստ նախագահն էր միացյալ նահանգների պատմության մեջ և մինչև նախագահի պաշտոնը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցրել»։

Տարիքով՝ ամենամեծը, մտածելակերպով՝ ամենատարբերվողը, ունեցվածքով՝ ամենահարուստը, որպես պետական պաշտոնյա՝ ամենաանփորձը։

Իր նախորդներից այս ու մի շարք այլ «ամենա»–ներով տարբերվողը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։

«Այո, նա պատմության մեջ կմնա որպես բացառիկ, թեկուզ և ոչ միանշանակ ընդունվող նախագահ»։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ կազմել ենք ամենաբացառիկ նախագահի պաշտոնավարման 4 տարիների ամենաարտառոց փաստերի հնգյակը

Նախագահ՝ առանց աշխատավարձի

«Թրամփն այս ամբողջ ընթացքում անվճար աշխատեց որպես նախագահ։ Աշխատավարձից հրաժարվել էր հենց ամենասկզբում և բարեգործության համար էր օգտագործում ամբողջը։ Սա կարևոր բան է, որը երբևէ տեղի չի ունեցել միացյալ նահանգների պատմության մեջ»։

ԱՄՆ նախագահի աշխատավարձը պետք է կազմեր 400.000 դոլար, սակայն Թրամփը դեռ 2016 թվականին հայտարարեց, որ իր կարծիքով՝ վարձատրությունը պետք է լինի 1 դոլար և ինքը նախատեսում է հենց այդքան էլ ստանալ։

Նախագահ, որը չի սիրում պատերազմ

«Թրամփը նաև այն բացառիկ նախագահն էր, որի օրոք Միացյալ Նահանգները որևէ պատերազմ չնախաձեռնեց։ Վերջին տասնամյակների բոլոր նախագահները ինչ–որ երկրներում ռազմական գործողություններ են սկսել, իսկ Թրամփը պատմության մեջ մնաց որպես բացառիկ դերակատար՝ որևէ պատերևազմ չսկսելով։ Իհարկե ռազմական գործողություններ նրա օրոք տեղի ունեցան, բայց որևէ նոր պատերազմ չսկսվեց»։

Նրա օրոք ավելի շատ են աշխատել

«Բացառիկ ձեռքբերումներ նա ունեցավ նաև տնտեսության մեջ․ պատմության մեջ մտավ որպես նախագահ, որն  ապահովել է գործազրկության պատմականորեն ամենացածր մակարդակը»։

2020 թվականի փետրվարին ԱՄՆ–ում գործազրկության մակարդակը կազմել է 3.5 տոկոս, որը ամենացածր ցուցանիշն է եղել վերջին 50 տարիների ընթացքում։

Համավարակի ժամանակ՝ հակառակը

«Միևնույն ժամանակ մնաց որպես նախագահ, ում օրոք պանդեմիայի ժամանակ գործազրկությունը պատմության ամենաբարձր մակարդակն արձանագրեց»։ 

Համավարակի հետևանքով ԱՄՆ–ում աշխատանքից զրկվել է 33,5 միլիոն ամերիկացի:

Հեռացում առանց հրաժեշտի՝ ինքնաթիռով

«Այսօր չի մասնակցելու իր հաջորդի երդմնակալության արարողությանը, ուղղակի լքել է Սպիտակ տունը և մեկնելու է ուղղաթիռով՝ զբաղվելու իր բիզնեսներով հավանաբար»։

Թրամփն այս հարցում ևս միակն է։ Մինչ այժմ չի եղել որևէ նախագահ, որը Սպիտակ տունն իր կենդանության օրոք լքել է առանց արարողակարգի։ Ի դեպ, ամենասոցցանցային նախագահը այս մասին հայտարարել է հենց Թվիթերի միջոցով։

Արտառոց փաստերի հնգյակն այսպիսինն էր։ Ցանկն, իհարկե, կարելի է երկար շարունակել, սակայն մենք որոշեցինք այն միայն մեկով՝ մեզ անմիջականորեն առնչվող արտառոց փաստով լրացնել։ Ինչպիսի՞նն էին Հայաստանի և Միացյալ նահանգների հարաբերությունների Թրամփի կառավարման օրոք․

«Բացառիկ մի իրավիճակ է, երբ պետությունները բարձր մակարդակի հարաբերություններ չեն ունեցել։ Թրամփը վերջին 30 տարիների ԱՄՆ միակ նախագահն է, որը Հայաստանի ոչ մի գործընկերոջ հետ այդպես էլ չի հանդիպել՝ լինի նախագահը, թե վարչապետը։ Դա, կարծում եմ, իրոք բացառիկ բացասական երևույթ է երկկողմ հարաբերություններում»։

Այս բացառիկությունը ամերիկագետը պայմանավորոմ է երեք հանգամանքով՝  ժամանակակից աշխարհի պրոբլեմներ, Թրամփի աշխարհայացք և հայկական կողմի պասիվ,  ոչ պրոֆեսիոնալ աշխատանք։

Մի հարցում, սակայն, Թրամփը նախկիններից չտարբերվեց․ նա ևս իր ապրիլքսանչորսյան ուղերձներում կիրառեց «Մեծ եղեռն» տերմինը, այդպես էլ չարտասանելով «ցեղասպանություն» բառը։

Իսկ բացառիկ բառն այս ռեպորտաժում հնչեց 13 անգամ։ Այսպես է լինում, երբ խոսակցության առարկան Թրամփն է՝ արտառոց մուտքով, տարօրինակ ընթացքով, արտասովոր հրաժեշտով։

Back to top button