ԿարևորՀասարակություն

Աշխատանքի նոր հնարավորություն արցախցիների համար․ դիմումներն արդեն ընդունվում են

«Տունս կորցնելուց բացի, նաև աշխատանքս եմ կորցրել»։

Շուշեցի տիկին Կարինեն է զրուցակիցս, ծնվել ու մեծացել է Շուշիում, երկու անգամ ստիպված է եղել ծննդավայրը լքել․ երկրորդ անգամ, ցավոք, դեռ անվերադարձ։ Շուշիում տիկին Կարինեն 18 տարի գրադարանի վարիչ է եղել, հետո արդեն ընտանեկան փոքրիկ բիզնես ունեին։

«Մենք մինչև վերջին օրն աշխատում էինք, փոքր հյուրատուն ունեինք, մեր աշխատանքը դա էր, շատ մեծ կորուստ ունեցանք․ աշխատանք կորցրինք»,– պատմում է շուշեցի Կարինե Իշխանյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ տիկին Կարինեի կարգավիճակում շուրջ 2000 քաղաքացի կա, որոնք արցախցիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի շահառու կարող են լինել։

Սոցապնախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հստակեցնում է՝ մեկնարկող ծրագրերը նախատեսված են միայն հայկական կողմի տիրապետությունից դուրս մնացած տարածքների այն բնակիչների համար, որոնք գտնվում են Հայաստանում։ Սակայն եկող շաբաթ ծրագիրը կընդլայնվի, և դիմել կկարողանան նաև Հայաստանի տարածքում գտնվող այն արցախցիները, որոնց տները վնասվել են և պիտանի չեն բնակության համար ։

«Բոլորն ունեն դիմելու հնարավորություն։ Աշխատանքի և պրակտիկայի ընտրությունը լինելու է ըստ իրենց հնարավորությունների ու նախասիրությունների։ Հիմնականում աշխատանքը կլինի սպասարկման կամ արդյունաբերության ոլորտում»,– ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Արցախցիներին զբաղվածության և պրակտիկայի երկու տարբերակ է առաջարկվում․ առաջինի դեպքում անձը կարող է կատարելագործել հմտությունները կամ ձեռք բերել լրացուցիչ աշխատանքային փորձ։ Շահառուն ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամսով և այդ ընթացքում կստանա 100 հազար դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարները կփոխհատուցվեն գործատուին։ Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերումը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34 հազար դրամի չափով: Սոցապփոխնախարար  Ռուբեն Սարգսյանն ասում է՝ այս տարբերակներն ընտրվել են գործատուների հետ քննարկումների արդյունքում, որպեսզի փոխշահավետ լինի, թե գործատուի, թե աշխատողի համար։  

«Եթե կան գործատուներ, ովքեր ցանկանում են, որ արցախցիներն իրենց մոտ աշխատանքի անցնեն, իհարկե, խոսքը գնում է ժամանակավոր աշխատանքի մասին, կարող են դիմել զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ կամ նախարարություն։ Դա բավականին մեծ օգուտ կլինի մեզ համար»,– մանրամասնում է Ռուբեն Սարգսյանը։

Զբաղվածության մյուս առաջարկի դեպքում մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում։ Դա հնարավորություն է՝ ընդգրկվել համայնքային հասարակական աշխատանքներում և օրվա դիմաց վճարվել շուրջ 8 հազար դրամ:

«Դիմել ենք բոլոր մարզպետարաններին՝ ներկայացնելու իրենց մոտ պահանջվող աշխատանքների ցանկը։ Օրինակ՝ Վայոց ձորից ստացել ենք հայտ՝ 16 ծրագիր իրականացնելու համար։ Հիմնականում դրանք բարեկարգման, վերանորոգման և ձնամաքրման աշխատանքներ են, այսինքն՝ մասնագիտական գիտելիքի պահանջ չկա»,– ասում է նախարարի տեղակալը։

Զբաղվածության արդեն շուրջ 700 հայտ է ստացվել։ Ծրագրերը կերկարաձգվեն, եթե պահանջարկ ու անհրաժեշտություն լինի։ Դիմել կարելի է employment.am կայքում լրացնելով ձևանմուշը կամ այցելելով զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն։ Առայժմ ծրագիրն անժամկետ է, և դիմելու վերջնաժամկետեր չկան։ Զրուցակիցս՝ տիկին Կարինեն, արդեն դիմել է։

«Ես օնլայն դիմումը լրացրել եմ, բայց մեզ դեռ չեն պատասխանել։ Ինչ-որ խմորեղենի արտադրամասում պիտի օրավարձով աշխատեի․ լրացրի, բայց դեռ չեն պատասխանել»,– ասում է տիկին Կարինեն։

Տիկին Կարինեն դեռ սպասում է պատասխանի, պատմում է, որ որդին դժվարությամբ, կարողացել է աշխատանք գտնել։ Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից այս համատեքստում առաջնահերթորեն կարևորում են արցախցիների կարողությունների զարգացումը։

«Մեր տեսլականն այն է, որ այդ քաղաքացիները ձեռք բերած հմտությունները ապագայում օգտագործեն Արցախի տարածքում, երբ կվերադառնան»,– եզրափակում է Սոցապնախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Back to top button