ԿարևորՀասարակություն

Ադրբեջանն արգելափակում է Արցախի հուշարձանների պահպանությանն ուղղված նախաձեռնությունները

Արցախի մշակութային հուշարձանների պահպանությունը  խնդիր է Հայաստանի համար։ Պատասխանատուներն ասում են, որ հայկական կողմն  անգործ չի նստել, քայլեր ձեռնարկում է, բայց դրանք արգելափակվում են ադրբեջանական կողմից։
Դեկտեմբերին,  օրինակ,  ՅՈՒՆԵՍԿՕ–ի հանձնախմբի մուտքն Արցախի գրավված տարածքներ Ադրբեջանի կողմից արգելվել է։ Հայ Առաքելական Եկեղեցին էլ կարևորում է գործընթացում ռուս խաղաղապահների  ներգրավվածությունը։  

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած  Արցախի մշակութային հուշարձաններն ու եկեղեցիները վտանգված են, վերջերս  հայտարարել է   Ամենայն Հայոց  կաթողիկոս Գարեգին Երկրորդը և կարևորել ռուս խաղաղապահների   գործադրած ջանքերը  մշակութային  հուշարձանների պահպանության  հարցում։   Առաքելական եկեղեցու համար  կարևոր է մշակութային ժառանգության պահպանությունը,  և այս ուղղությամբ եկեղեցին ձեռնարկում է  քայլեր՝ համագործակցելով միջազգային կառույցների հետ` «Ռադիոլուրին» ասաց Հայր Գարեգին վարդապետ  Համբարձումյանը։

«Եկեղեցին  հետևում է բոլոր քայլերին, որոնք ձեռնարկվում են զանազան  միջազգային կառույցների հետ, ինչպես  ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ Միջազգային այլ կառույցների հետ բոլոր  ջանքերը գործադրվում են,   որպեսզի ոչ միայն  կանխվի մեր հոգևոր կառույցների քայքայումը, այլ  նաև  տարիների ընթացքում այդ կառույցների  պահպանության խնդիրն է, որը մեծապես կարևոր է»,- նշեց տեր հայրը։

Ինչպես Դադիվանքում են ռուս խաղաղապահների հսկողությամբ հայ հոգևորականներն իրականացնում եկեղեցական արարողություններ, այնպես էլ նույնը պետք է իրականացվի  հոգևոր մյուս կառույցներում, ասում է հոգևորականն ու  բերում Ամարասի վանքի օրինակը․ Ադրբեջանցի զինվորականները  շատ մոտ են վանական համալիրին  և այստեղ  հոգևոր կյանքի կազմակերպման խնդիր կա։

«Ամարասում վանահայրն իրականացնում է ծիսական արարողություններ։ Կարծում ենք, որ այս առումով  ևս ռուս  խաղաղապահների ակտիվ ներգրավվածությունը վանքի պահպանության գործում չափազանց կարևոր պիտի լինի, և այս առումով  ևս քայլեր ձեռնարկվում են»։  

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի արդեն նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նշում է, որ հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստել։  Մեր կողմից ձեռնարկված յուրաքանչյուր քայլ ադրբեջանական կողմն  արգելափակում է։

«Դեկտեմբերին  ՅՈՒՆԵՍԿՕ–ից հանձնախումբ պետք է գար մոնիթորինգի, սակայն ադրբեջանական կողմը նրանց մուտքն արգելել է։ Շատ բան է արվել և արվում , սակայն այդ պետությունը  կարողանում է ամենաբարձր միջազգային կառույցներին ասել՝ ոչ»։

Ակտիվորեն  հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, հուշարձանների   խնդիրը թմբկահարել այնքան, որ Ադրբեջանին դժվար լինի հակաքայլեր ձեռնարկել։  Տեսակետը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի   ճարտարապետ Աշոտ Հակոբյանինն է։ Նույն լռության արդյունքում  ոչնչացվեցին Նախիջևանի հուշարձաններն ու Նոր Ջուղայի  գերեզմանատունը՝ ասում է։  

«Այսօր մեր պետությունն  իր բոլոր  ռեսուրսներով պետք է լծվի այս  գործին,  և նույնիսկ այսքանը տալուց հետո պահանջների մեծ փաթեթով ինքը պետք է հանդիպի  Ադրբեջանի հետ։ Բանակցության կետ պետք է դառնա հուշարձանների պահպանությունը, միջազգային կառույցներից  պետք է պահանջվի անընդհատ դիտորդական  խմբերի այցելություն, մոնիթորինգ»,- ասաց ճարտարապետը։

Քանի որ իրավական որևէ փաստաթուղթ չի գործում, ապա պետք է դիմել  ուժային միջոցների, սա էլ արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանի մոտեցումն է։ Նա առաջարկում է մշակութային հուշարձանների պահպանության հարցում  ներգրավել  միջազգային հատուկ  զորքեր։ Հայաստանը, արվեստաբանի կարծիքով,  պետք է  օգտագործի  1954 թվականին  ստորագրված  Հաագայի կոնվենցիան,  որին  Հայաստանը միացել է 1993 թվականին, իսկ Ադրբեջանը ՝ 2005–ին։

«Սա միակ փաստաթուղթն է, որով Հայաստանը կարող է դիմել միջազգային կառույցներին»,-նշեց արվեստի քննադատը։

Սա առաջին միջազգային համակողմանի փաստաթուղթն է, որով սահմանվում են   զինված  ընդհարման  դեպքում մշակութային արժեքների պաշտպանությունը նախատեսող  բազմաթիվ նորմեր։ Մասնավորապես, Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշվում են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն  պատերազմական գործողություններից հետո գրավված տարածքներում  մնացած մշակութային արժեքների պահպանության համար։ Այդ քայլերը փաստաթղթում սահմանվում են որպես հրատապ միջամտություն և ամենաանհրաժեշտ միջոցառումներ։ Լիլիթ Սարգսյանը համոզված է, որ Կոնվենցիայի ուժով մեր հուշարձանները պաշտպանելու հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում։

Back to top button