ԿարևորՀասարակություն

Տեղեկատվական անվտանգություն․ ինչպես չդառնալ խաբեության զոհ

Թուրքական սքամինգի թիրախում այս անգամ կապանցիներն էին։ Նկարել տեղանքը և ուղարկել համապատասխան հասցեով․ ահա այն չափազանց հեշտ առաջադրանքը, որի համար կապանցուն նաև վարձատրություն էր առաջարկվում։

Բնականաբար՝ սա հերթական խաբեությունն էր, որին արագ արձագանքեցին հայ մասնագետները։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ կա միջազգային մի կազմակերպություն, որը ստանում է պատվերներ և արհեստական բանականության շնորհիվ սկսում աշխատել աշխարհի տարբեր ուղղություններով։ Տվյալ կազմակերպության պատվերները ակտիվ աշխատում են Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի և մի շարք այլ երկրների ուղությամբ։  Տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է, որ պատվերը եղել է նաև Հայաստանի դեպքում։

«Կոնկրետ Կապանի վրա տեղադրված, որտեղից մարդկանցից ուզում են տեսագրություններ և ձայնագրություններ։ Իհարկե, հարյուր տոկոսանոց տեղեկություն չունենք, սրա հեղինակը ադրբեջանցիներն ու  թուրքե՞րն են, թե՞ ոչ, սակայն ենթադրելի է, որ պատվերը նրանք են գրանցել, որովհետև պատերազմի օրերին էլ նույն բանն էին անում»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Վերջին շրջանում թուրքական սքամինգը թիրախավորել էր հայ օգտատերերի whats up, viber, messenger-ի օգտահաշիվները։ Իսկ դրանք ավելի խոցելի են, երբ   ինֆորմացիան բաց է պահվում։ Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ առհասարակ ինֆորմացիայի հասանելիությունը հեշտացնում է խաբեբաների գործը․

«Այս պահին ինֆորմացիան շատ բաց է, մարդիկ չեն պատկերացնում, որ ինֆորմացիան պետք է պահպանել։ Հասարակ օրինակ բերեմ, մենք ուր գնում ենք, նշում ենք, որ այսինչ վայրում ենք, երբ օրինակ երկրից դուրս հանգստանալու ենք գնում։ Այնքան շատ և բաց է այդ ինֆորմացիան, որ հիանալի առիթ է գողերի, խաբեբաների համար, անգամ այս տեսանկյունից է վտանգավոր, ոչ միայն օնլայն հարթակում»,-նշում է Քրիստինե Գյոնջյանը։

Օնլայն հարթակում կան խաբեության այնպիսի նուրբ հնարքներ, որ ամենազգուշ և մեդիագրագետ օգտատիրոջ համար անգամ դժվար է տարբերակել՝ սա խաբեությո՞ւն է, թե՞ ոչ՝ ասում է տեղեկատվական անվտանգության մասանգետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն կարծում է, որ  խաբեությունների հիմնական պատճառը մարդկանց անուշադրությունն է։ Շատ կարևոր է հասկանալ ՝ ո՞վ է գրում, ի՞նչ է ուզում և ինչո՞ւ․

«Թուրքական հիմնական սքամինգն արվում է մի քանի միլիոն մարդու վրա, փորձում են,  որի դեպքում ստացվի, սակայն իրենք նաև անհատական ծուղարկներ են ստեղծում անհատ օգտատերերի համար, թիրախավորում են նրանց, ովքեր օրինակ ակտիվ են սոցիալական ցանցերում»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը կարծում է, որ տեղեկատվական պաշտպանության միջոցները հնարավոր է յուրացնել համապատասխան գիտելիքները ստանալուց հետո միայն։ Ըստ նրա՝ հարկավոր է սկսել երեխաներից․ այն պահից, երբ նրանց ձեռքին  է հայտնվում հեռախոսը։ Զրուցակցիս դիտարկմամբ՝  կարևոր է նաև ծնողների տեղեկացվածությունը․

«Մենք, լինելով օպերատորների միություն, որը խրախուսում է ինտերնետի տարածումը, նաև անչափ կարևորում ենք ինտերնետ անվտանգությունը, այդ պատճառով շուտով սկսելու ենք դասընթացներ՝ համացանցի անվտանգ օգտագործման վերաբերյալ, որի նպատակն է բոլորին սովորեցնել ինտերնետ անվտանգության հիմնական կանոնները»,-ասում է Քրիստինե Գյոնջյանը։

Տեղեկատվական անվտանգության սպառնալիքները նպատակային և կանոնակարգված օգտագործվելու դեպքում ուղղված են բոլորիս դեմ ու ստիպում են յուրաքանչյուրիս լինել զգոն ու ուշադիր։ Կամ առնվազն չմոռանալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները որքան հեշտացնում են մեր կյանքը, այնքան էլ բարդացնում են այն։

Back to top button