ԿարևորՎերլուծական

Տարածաշրջանում բոլորը պատրաստվում են պատերազմի․ իրանագետ

Եթե Ջո Բայդենն առանց խնդիրների ստանձնի ԱՄՆ նախագահությունը, Իրանն ակնկալում է ԱՄՆ-ի վերադարձ միջուկային համաձայնության շրջանակներ։ Այսինքն, Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հարաբերությունների որոշակի նորմալացումն է։ Վերջերս Իրանն անցկացրեց զորավարժություններ՝ ցուցադրելով իր հզորությունները։

Բուռն ակտիվությամբ շարունակվում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ակտիվությունը։ Վերջերս էլ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի արտգործնախարարները հանդիպեցին Իսլամաբադում։ Հայտնի չէ, թե ի՞նչ որոշումներ են ընդունվել եւ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակը գործում է ընդդեմ տարածաշրջանային անվտանգության։

Ակնհայտ է, որ Իսլամաբադում Ադրբեջանի եւ Պակիստանի բանակների ռազմական ներուժի հզորացման խնդիր է դրված։  Փետրվարի սկզբներին էլ Կարսում Թուրքիայի եւ Ադրբեջանի հերթական մեծ զորավարժություններ են անցկացվելու։ Բնական հարց է առաջանում՝  ինչու՞, արդյո՞ք նոր պատերազմի են պատրաստվում։ 

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է, որ ոչ բոլոր շահագրգիռ կողմերն են բավարարված վերջին պատերազմի արդյունքներով։ 

«Բավարարված չէ Թուրքիան. պարզ է, որ Թուրքիան կուզեր շատ ավելի մեծ «հաջողություն»՝ լինեին թուրք խաղաղապահներ նաեւ, բայց դա չհաջողվեց։ Ռուսական կողմը դաշտից ուղղակի դուրս մղեց թուրքերին՝ թողնելով նրանց միայն դիտորդական առաքելության»,-ասաց Ոսկանյանը։

Եթե մի կողմ թողնենք դիվանագիտական պաճուճանքները եւ իրերը կոչենք իրենց անունով,  ՌԴ-ն այժմ ունի ռազմակայան Արցախի այն մնացյալ հատվածում, որը, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, ամբողջությամբ Ադրբեջան է, հետեւաբար, իրենց «տրամաբանությամբ», ռազմակայանը գտնվում է Ադրբեջանում, իսկ դրա հարեւանությամբ՝ Գանձակում, Թուրքիան է փորձում ռազմակայան տեղակայել։ Ստացվում է, որ երկու ախոյան պետությունների ռազմակայանները գտնվում են միմյանց շատ մոտ։ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Կարսում զորավարժություններ անցկացնելու ուղերձն էլ նույնն է․ այն ռուսական մյուս՝ Գյումրիի ռազմակայանի հարեւանությամբ է։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Կարսում փետրվարին նախատեսված զորավարժությունները թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության շարունակությունն են։

 «Ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ զորավարժություններին պետք է մասնակցեն հարձակվողական սորատեսակների ներկայացուցիչներ։ Դրանք պետք է ուղղված լինեն Հայաստանի դեմ հարձակում նախապատրաստելուն։ Այնպես որ՝ դրանք ե՛ւ նախապատրաստական զորավարժություններ են, ե՛ւ ունեն հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ»,- նշեց Սաֆրաստյանը։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանային եկրների համար քաղաքական նոր իրողություններ են ձևավորվել։  Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ՝ Իրանի ներքաղաքական դիսկուրսում ակնհայտորեն Արցախի հարցը դարձել է առաջնային. Ադրբեջանի կողմից ժամանակավոր բռնազավթումն այդ գոտում ահաբեկիչների հայտնվելն է, մտահոգությունը, որի դեմ տարիներ շարունակ նրանք պայքարել են։

Նոր իրողություններին անդրադառնալով՝ իրանցի միջազգային հարցերով փորձագետ Սաման Նայազին, հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, նկատում է.

«Տարածաշրջանային ազդեցություն ստեղծող եւ ապակառուցողական նպատակներ հետապնդող ուժերը նրանք են, որոնք իրենց ազդեցությունն ու եսասիրական բարեկեցությունը տեսնում են կործանման եւ ազգերի միջեւ պատերազմի մեջ»։

Վերջերս Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դժգոհության նոտա էր հղել Թուրքիային՝ Բաքվում անցկացված զորահանդեսում Էրդողանի ելույթի կապակցությամբ, որում վերջինը ակնարկել էր  իրանական Ատրպատականի տարածքների վերաբերյալ հավակնությունների մասին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս ամենի համատեքստում նաեւ այսպիսի դիտարկում ունի։

 «Ինչո՞ւ է ներգրավվում Պակիստանը։ Թուրքական էրդողանական քաղաքականությունը երեք կետերի վրա է հիմնված՝ նեոօսմանիզմ, պանթուրքիզմ,  պանիսլամիզմ, այս դեպքում՝ համասուննիականություն, որովհետեւ շիայական իսլամի հետեւորդ ժողովուրդները եւ պետություններն ակնհայտ է, որ համախմբվում են Իրանի շուրջ։ Պակիստանն այս երեք առանցքային կետերից տեղավորվում է համաիսլամականության. համասուննիականության համատեքստում։ Պակիստանը սուննիական երկիր է, որն ունի նաեւ խնդիրներ իր հարեւան Հնդկաստանի հետ։ Մենք հաճախ զգացական գնահատական ենք տալիս, բայց  իրականում պետք է հստակորեն հասկանանք՝ այս ամբողջ համատեքստում եւ անդրկուլիսյան այլ խաղացողներ, չեն ստացել այն, ինչը պետք է ստանային, ուստի տարածաշրջանի խնդիրների բարդ հանգույցը մնում է չլուծված, հետեւաբար պատերազմի վտանգը մնում է իրական»,-ասաց իրանագետը։  

Սա սակայն չի նշանակում, որ մենք պետք է ապրենք վախի մթնոլորտում։ Տարածաշրջանում բոլորը պատերազմի են պատրաստվում եւ պետք է պատրաստ լինել այդ պատերազմին, ինչին չպատրաստվելը  չի նշանակում, թե տարածաշրջանը կունենա մարդկային դեմք։ Պետք է հնարավորին արագ վերականգնվել, լինել ուժեղ  նաեւ ռազմական իմաստով՝ հասկանալով, թե ինչ դաշնակիցների հետ է պետք աշխատել։ Հաղթանակները միշտ էլ հաջորդել են պարտություններին՝ եզրափակեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button