ԿարևորՀասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտի հարցերն անպատասխան մնացին

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտն իր գաղտնիքները չբացեց Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առջև։ Հայաստանում գործող 30 մետաղական հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, նախորդ իշխանությունները Ամուլսարի շահագործման անօրինական որոշումներ են կայացրել, պետեկամուտների կոմիտեից ստացված գրությունները ամբողջական չեն, կառույցի նախկին ղեկավար Դավիթ Անանյանն էլ արհամարհել է քննիչ հանձնաժողովը և չի ներկայացել խորհրդարան։ Այս ամենը թվարկում է հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Բագրատյանը։

Երբ հանձնաժողովը ստեղծվում էր, նա ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Հանձնաժողովում աշխատանքն ավարտում է անկախ պատգամավորի կարգավիճակով։

«Ոլորտում առկա են բազմաթիվ բացթողումներ։ Հիմնական խնդիրներից մեկը, որին բախվեց քննիչ հանձնաժողովը, հանքարդյունահանողների գործունեությունն ուսումնասիրելու ընթացքում  հարցումներին ոչ ամբողջական պատասխաններն են կամ պատասխաններից խուսափելը։ Փաստում ենք, որ ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների հաշվետվությունները հիմնականում արժանահավատ չեն, դրանց օրինականությունը հիմնականում հիմնավորված չէ»,-ասաց Բագրատյանը։

Ինչ է կատարվում մետաղական հանքերի ոլորտում․ ենթադրությունները և կասկածները շատ են, հստակ պատասխանները ՝ քիչ։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզ ասում է՝ ձախողել են այս քննիչ հանձնաժողովի գործունեությունը։

«Արդյո՞ք սա այն էր, ինչ պետք է աներ այս հանձնաժողովը, թե՞ ոչ։ Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, արժանահավատությունը։ Պարզե՞լ ենք, չենք պարզել։ Ցավոք, այստեղ կան ընկերություններ, որոնց հաշվետվությունն ընդհանրապես չես կարողանում գտնել։ Կա ընկերություն, որը՝ որպես հանքարդյունաբերական ընկերություն, առանձին չկա, մի հոլդինգի մեջ է մտնում, որը նաև այլ գործունեությամբ է զբաղվում։ Սա մեզ համար թող դաս լինի, որ հաջորդ անգամ քննիչ հանձնաժողով ստեղծելը ինքնանպատակ չլինի»,- նշեց Թունյանը։

Մեկ այլ քննիչ հանձնաժողով աշխատանքային ժամկետը նույնպես ավարտել է, հրապարակային զեկույցի ժամկետները խախտվել են, բայց պատճառը՝ պատերազմն էր։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ 97 էջանոց հաշվետվությունը ներկայացվել  է ԱԺ նախագահին։ Փաստաթուղթը հրապարակվելու է՝ ասում է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, բայց չի շտապում խոսել արած բացահայտումների մասին։ Անգամ չի հստակեցնում՝ եթե հանձնաժողովի բացահայտումներն արվեին ավելի վաղ, դրանք կօգնեի՞ն Արցախյան երկրորդ պատերազմում, թե՞ ոչ։

«Եկեք այսօրվա պատերազմի հետևանքների մասին հիմա չխոսենք, դեռ վաղ է։ Կարևոր է, որ մենք նախ իմանայինք, թե 2016-ին, այնտեղ կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել և եթե պատերազմը չլիներ, դասեր քաղած լինեինք, որովհետև գոնե հիմնական հարվածային ուղղությունները և դրանց զարգացումները  հաջորդ պատերազմի հնարավորության դեպքում տեսանելի էին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։  

Նրա համոզմամբ՝ դեռ վաղ է խոսել արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին։ Նմանատիպ առաջարկներ արդեն հնչել են։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան»–ը փաստահավաք խմբի աշխատանքը պատկերացնում է խորհրդարանից դուրս՝ խորհրդարանական, արտախորհրդարանական կուսակցությունների և հանրային հատվածի մասնակցությամբ։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ղեկավարը մտավախություն ունի՝ այս փուլում կառույցը կարող է քաղաքականացվել։

«Կարծում եմ՝ հիմա վաղաժամ է դրա մասին խոսել։  Չքաղաքականացման լավագույն մեխանիզմը, նախ՝ ինչ–որ պահ դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելը։ Միայն հանդարտ միջավայրում և համապատասխան շահագրգռվածություն ունեցող կառույցը առաջին հերթին  պետք է հետաքրքրված լինի, որ իրականացնի իր ուսումնասիրությունները։ Դա մեր պաշտպանական գերատեսչությունն է»,- հավելեց պատգամավորը։

Փոխարենը՝ ԱԺ–ում գործելու է մեկ այլ՝ թարմ հանձնաժողով։ Ընդդիմադիրների նախաձեռնությամբ 2020–ին ստեղծվեց կորոնավիուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս տարեսկզբին արդեն հաստատվել է հանձնաժողովի անդամների կազմը։ Հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ–ից Արկադի Խաչատրյանը, փոխնախագահը  «Իմ քայլ»-ից Հերիքնազ Տիգրանյանն է։ Ընդհանուր առմամբ, 12 անդամ ունեցող  հանձնաժողովում երկուսը «Լուսավոր Հայաստան»-ից  են, երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, մնացածը՝ «Իմ քայլը»-ից։

Կարդացեք նաև
Close
Back to top button