ԿարևորՀասարակություն

Ավելի պաշտպանված տնտեսական մրցակցություն՝ օրենքի փոփոխությամբ

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունները: 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (ՏՄՊՊՀ) Գեղամ Գևորգյանը նշեց, որ փոփոխություններով սահմանվում է տուգանքների վերին շեմ։ Գործող ընթացակարգը տնտեսավարողներին հնարավորություն է տալիս իրականացնելով խախտում՝ վերջնարդյունքում ունենալ առավել մեծ շահույթ և վճարելով տուգանքը՝ մնալ շահեկան վիճակում։ Առաջարկվող փոփոխությամբ տուգանքը չի կարող պակաս լինել ապացուցված խախտման արդյունքում ձեռք բերված օգուտներից։

Նախագծի ընդունումը այլ փոփոխություններ ևս ենթադրում է։

«Երբ հանձնաժողովը ֆինանսական պատասխաատվության է ենթարկում, տնտեսվարող սուբյեկտները չեն ունենում որևէ մոտիվացիա դրանք վճարելու և բողոքարկման գործընթացով չգնալու համար։ Մտնելով վիճարկման փուլ՝ նրանք կարողանում են հետաձգել վճարման գործընթացը առնվազն մի քանի տարով»,– նշեց Գևորգյանը՝ մանրամասնելով, որ կան տնտեսվարողներ, որոնք ընդունում են իրենց կատարած խախտումները, սակայն փորձում են հետաձգել վճարելու գործընթացը։

«Հանձնաժողովը որոշել է կատարել փոփոխություն, որով եթե տնտեսվարող սուբյեկտը վարույթի սկզբում ընդունում է, որ ինքը կատարել է իրավախախտում և համագործակցում է հանձնաժողովի հետ, ապա ֆինանսական տուգանքը չի լինում 50 տոկոսից ավելի», — նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Առաջարկվող փոփոխություններով հանձնաժողովը կարող է դիմել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով։

Գևորգյանը ներկայացրեց այս կետի անհրաժեշտությունն ու նախկինում դրա բացակայության հետևանքները․

«Օրինակ, հակամրցակցային համաձայնություն է, երբ տնտեսվարող սուբյեկտերը պայմանավորվում են (ընդ որում՝ բանավոր)  շուկան կիսել։ Հայաստանի Հանրապետությունը հակամրցակցային համաձայնության բացահայտմամբ աչքի չի ընկել։ Մենք վերջին շրջանում ունեցել ենք երկու դեպք, որ տուգանք ենք նշանակել, բայց պոստ ֆակտում, այսինքն՝ մենք կարող ենք հակամրցակցային համաձայնությունը տեսնել այն դեպքում, երբ, օրինակ, շուկայից տնտեսվարող սուբյեկտը դուրս է մղվում, բողոքարկում է, և շուկայում տեղի ունեցող փոփոխությունների գնահատումը հանգեցնում է այն եզրակացությանը, որ տեղի է ունեցել հակամրցակցային համաձայնություն»։

Գևորգյանը փաստեց՝ գործիքակազմի բացակայության մասին շատ է խոսվել, և տպավորությունն այն է, որ ՀՀ–ն չէր ուզում ներառել այդ գործիքակազմը, որպեսզի չպայքարեր նման իրավախախտումների դեմ։

Նախագիծը խորհրդարանում քվեարկության է դրվելու վաղը։

Back to top button