ԿարևորՀասարակություն

Անվտանգությունը՝ ապաշրջափակման գլխավոր նախապայման

Հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ճանապարհների ապաշրջափակման  և երկաթուղային հաղորդակցության մասին կետը առանցքայիններից է: Ավելի ուշ ռուսական «Կոմերսանտը» հրապարակեց  քարտեզ, որը ներկայացնում էր, այսպես ասենք,  ապաշրջափակման երթուղին։

 «Կոմերսանտ»–ում հրապարակված  քարտեզը  պաշտոնական փաստաթուղթ չէ, բայց դրա հավաստիությունը, որպես  Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային  հաղորդակցության  իրական երթուղի, ոչ հերքվել,  ոչ  էլ հաստատվել է։

Քարտեզում մատնանշված են երեք ուղղություններ։ Դրանցից մեկը սկիզբ կառնի Երևանից և Նախիջևանով կշարունակվի դեպի Իրան, մյուսը կսկսվի Թուրքիայի Իգդիր քաղաքից և կձգվի Նախիջևան, Ադրբեջան, Ռուսաստան երթուղիով, իսկ երրորդը կմիավորի Երևանը, Նախիջևանը, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Արդեն ձևավորվել  է աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։  Մինչև այս ամսվա վերջ պետք է տեղի ունենա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մինչ այդ ընթանում են  քննարկումներ մասնագիտական ու փորձագիտական հարթակներում։  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ հստակեցնում է, որ եթե անվտանգության հարցերը չլուծվեն, անիմաստ է այդ ճանապարհների գոյությունը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ Հայաստանի տարածքով ադրբեջանական, թուրքական բեռների տեղափոխումը անվտանգային լուրջ խնդիրներ է պարունակում․

Արմեն Սիմոնյանի դիտարկմամբ՝  Նախիջևանի ու Ադրբեջանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղին Երևանին կարող է հետաքրքրել միայն բեռնափոխադրումների մասով, օրինակ,  երբ փակվի Լարսի անցակետը վատ եղանակի պատճառով։

Ըստ փոխնախարարի՝ անհրաժեշտ են  հաշվարկներ, պետք է հասկանալ, թե ինչ բեռներ են փոխադրվելու և ըստ այդմ՝ որքանով է այդ ճանապարհը շահավետ լինելու  Հայաստանի համար։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մինչև ներկայացված ճանապարհների քարտեզի մասին խոսելը կարևորում է անվտանգության, տարիֆների հարցը ու նաև այն, թե ինչ կարգի բեռներ են տեղափոխվելու երկաթուղային ճանապարհներով՝ թա՞նկ, թե՞ էժան, ծա՞նր, թե՞ թեթև։

«Երկար տարիներ դա  ձեռնտու կլինի Իրանին և Ռուսաստանին, քանի որ մեծ է ապրանքաշրջանառությունը, նույնիսկ Ադրբեջանը այդքան շահույթ չի ստանա»։ 

Գագիկ Մակարյանը մեկ այլ նկատառում ևս արեց՝ ով կառուցում է այդ երկաթգիծը, նա էլ դառնում է դրա  «տերը»․ եթե Ադրբեջանն է մեծ գումար դնելու այս նախագծում, իսկ Ռուսաստանն էլ իրականացնելու է սպասարկումը, ապա ավել մեծ շահույթ հենց այդ երկրներն են ունենալու։ Պետք է մտածել,  թե այս  հնարավորությունից ինչպես է օգտվելու Հայաստանը։

«Գուցե ԵՄ-ի հետ խոսելու ու միջոցներ ներգրավելու կարիք կա, այդ դեպքում  Հայաստանը իր  հակակշիռը մեծացնելու հնարավորություն կստանա»։

Եթե խաղաղ պայմաններում երկաթուղին բեռնափոխադրումներ է իրականացնում , ապա պատերազմական իրավիճակում նույն  ճանապարհները կարող են օգտագործվել զենք–զինամթերք տեղափոխելու համար՝ նկատում  է զրուցակիցս։

Օրերս Հանրային հեռուստաընկերության  հետ զրույցում  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն էլ  նշել էր, որ դեռ հայտնի չէ, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում  Հայաստանից դուրս եկող որ ուղղությանը նախապատվություն կտրվի։ «Այս փուլում որևէ բովանդակային քննարկում չի եղել, բայց Հայաստանի համար շատ կարևոր է ապաշրջափակումը։ Այս փուլում թե՛ ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում կապը խաթարված է, ինչ-որ ժամանակ է պետք՝ այն վերականգնելու համար», – նշել էր նախարարը։

Մինչև հունվարի 30-ը եռակողմ  աշխատանքային խումբը պետք է գումարի առաջին նիստը, իսկ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի միջազգային փոխադրումների կազմակերպման համար տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման միջոցառումների ցանկը։

Back to top button