ԿարևորՀասարակություն

Նոր առաջարկ գինեգործներից. գազավորված մրգային գինիները եզակի են շուկայում

Գազավորված մրգային նոր գինիները  սպառողների ուշադրությունը գրավել են  ոչ միայն ալյումինե տարաներով, այլև դրնաց պիտակների  կրեատիվ, ոչ ստանդարտ  արտահայտություններով։ «Սերը  տարավ»-ը, «Դե լավ էլի»-ն ու ոչ միայն  նորություն են  Հայաստանում ու աշխարհում, թե՛ տեսքով, թե՛ բովանդակությամբ։

Արարատի մարզում արտադրությունն արդեն սկսվել է՝ ոչ ավելի, ոչ պակաս պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Մասնագիտությամբ գինեգործ Կամո Ավետիսյանը  շուրջ  40 տարի գինեգործությամբ է զբաղվում։ Հենց չորս  տասնամյակի մասնագիտական պրպտումներն էլ գազավորված մրգային գինիների  արտադրության հիմքում են։

«Մենք կարող ենք հպարտ ասել, որ այսօր ունենք գազավորված մրգային գինիներ՝ 9 տոկոս թնդությամբ 4․5–5 տոկոս շաքարայնությամբ։ Ունենք նուռ,  բալ ու մոշ՝ կիսաքաղցր գինիներ են։ Առաջիկայում  կունենանք նաև սերկևիլի ու ծիրանի գազավորված, կիսաքաղցր գինիների արտադրություն,ինչպես նաև խաղողի դառը, թույլ գազավորված գինի»։

Առևտրի որոշ կետերում հնարավոր է ձեռք բերել, սպառողին այն հասնում է մոտ  850 դրամ արժեքով։ Գործարարն ասում է, որ համավարակի ու պատերազմի օրերին նոր արտադրություն սկսելը ռիսկային էր, բայց նորույթը սպառողներին հետաքրքրեց․

«Բոլորն  էլ ունեին մտավախություն, քանի որ նոր արտադրանք էր։ Կոնյակ ու գինի չի, տարաներն էլ տարբեր, հետաքրքրությունը  մեծ է։ ԱՄՆ–ից, օրինակ, արդեն  պատվեր ենք  ստացել ու աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Տարին ռիսկային էր տնտեսության բոլոր ճյուղերի համար,   գինեգործներն ու կոնյակագործներն էլ մտավախություններ ունեին։  Գինեգործների միության նախագահ Ավագ  Հարությունյանը  փարատում է  բոլոր մտահոգությունները՝  ոլորտի համար տարին ավելի դրական էր, քան կանխատեսվում էր․ խաղողն  առատ էր, մթերման խնդիրներ գրեթե չեղան։

«Գյուղացին շատ բերք ուներ։ Այս առումով տարին հաջող էր։ 2019–ին շուրջ 163 տոննա խաղող էր մթերվել, 2020–ին՝  235  հազար տոննայից ավելի։ Այդ բերքի շուրջ  95 տոկոսը վճարված է։ Սա գյուղացու համար ռեզերվ է ստեղծել, որ տարին լավ սկսի»։

Գինու արտահանման ծավալները շուրջ  3 տոկոսով են նվազել, խնդիրները առավելապես  ներքին շուկայում են՝ նվազել են գինու, օղու և կոնյակի արտադրության ու սպառման ծավալները։

«Ներքին  շուկայում անկումը նվազագույնը 20, առավելագույնը՝ 60 տոկոս է։ Անկման ծավալը կախված է արտադրողներից»։

Արցախյան պատերազմից  հետո հայերը սկսել են ավելի շատ օղի օգտագործել։ Բայց ավելի շատ խմում են  տանը պատրաստված մրգային օղի։  Տեղական օղու արտադրության ծավալները նվազել են։ Փոխարենը տարեցտարի ավելանում է  գինու պահանջարկը։  Գինեգործը համոզված  է՝ 2021–ն ավելի լավն է  լինելու ոլորտի համար։

Back to top button