ԿարևորՀասարակություն

ԱԺ օրակարգում «հետպատերազմական» հարցեր չկան

Խորհրդարանի ոչ բոլոր պատգամավորներն էին  գոհ ԱԺ–ի այս տարվա առաջին նստաշրջանի օրակարգից․ ընդգրկված հարցերը հասնում են 60–ի, բայց որևէ անդրադարձ չկա հետպատերազմական իրողություններին և մարտահրավերներին։ Խորհրդարանի այսպիսի աշխատանքին դեմ են ընդդիմադիրները։

Իվետա Տոնոյան . «Այս գերհագեցած օրակարգային հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր հասարակության և մեր պետության առջև»։

Արման Աբովյան . «Ես տպավորություն ունեմ, որ ինչ-որ հանգիստ, հանդարտ պետության պառլամենտ է։ Որևէ հարց  ստեղծված իրավիճակին չի առնչվում»։

Արման Բաբաջանյան . «Ես հույս ունեի, որ խորհրդարանի այս տարվա առաջին քառօրյա առաջին նստաշրջանի քննարկմանը կներկայացվի Արցախյան երկրորդ պատերազմի, մեր պարտության, տեղի ունեցածի համար մեր բոլորի հավաքական պատասխանատվության և վաղվա անելիքների վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի  բանաձև–հայտարարության նախագիծը։ Բայց, ավաղ»։

Խորհրդարանը մերժեց և օրակարգ չընդգրկեց ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը և նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու մասին «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզը և բոլոր քաղաքական ուժերին ուղղված կոչը՝ այդ թվում նաև արտահերթ ընտրությունների հարցով քննարկումներ սկսելու մասին։  

Լիլիթ Մակունց . «Լուսավոր Հայաստան խմբակցությունն ասում է՝ դնենք այդ ամբողջը մի կողմ, քննարկենք միայն այս նախագիծը, իրենց օրակարգով։ Այդպես չի լինում։ Որքան էլ  պնդեք, որ առաջարկը խնդիրների լուծմանը և լարվածության թուլացման է ուղղված, միևնույնն է,  ձեր գործողությունները միտված են ոչ թե խնդիրների լուծմանը և լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը»։

Նիստերի դահլիճում ևս մթնոլորտը թեժացավ։

Էդմոն Մարուքյան. «Եթե ուզում եք կազմակերպել արտահերթ ընտրություններ, կազմակերպեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Պրոցեսը հետևյալն է՝ պետք վարչապետը հրաժարական  տա, որից հետո երկու անգամ վարչապետ չընտրվի և գնանք արտահերթ ընտրությունների։ Մենք արդեն մեծ թափով պատրաստվում ենք, սպասում ենք այդ հրաժարականին»։

Վաղարշակ Հակոբյան . «Ես հիմա չեմ ուզում լարել իրավիճակն ու  ասել, որ այն մտքերը, որոնք այստեղ հնչում են, ազնիվ չեն, դրանցից ոմանք ժողովրդին խաբելու միտում ունեն, բայց ուզում եմ ընդգծել՝ հարցերը շահարկելով ընդամենը իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է սա»։

Արփի Դավոյան. «Այո, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ, և այդ լրջագույն խնդիրների անունը ընդդիմություն է։ Դա այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո շահարկում են հետպատերազմյան իրավիճակը»։

Արման Աբովյան . «Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր։ Պատրաստ եղեք, չենք թողնելու մարսեք»։  

Իրավիճակը  հարթ չէ ոչ միայն ընդդիմության հետ հարաբերություններում, այլև  հենց խորհրդարանական մեծամասնության շարքերում։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով այսօր խորհրդարան եկավ նոր պատգամավոր․ մանդատը ստանալիս Աննա Գրիգորյանը հայտարարել էր խմբակցությունից դուրս գալու մասին։ Որոշումը քննարկվել է թե’ քաղաքական թիմի, թե’ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ՝ ասում է։ Նա մանդատը ստացել է նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականից հետո։ Երկուսն էլ Սյունիքից են։ Հետպատերազմական շրջանում սահմանային խնդիրներն են ստիպում թիվ 12 ընտրատարածքի տարածքային ցուցակով ընտրվածներին կոշտ կեցվածք որդեգրել։

Նոր պատգամավորը, ինչպես մյուսները, երդվեց նպաստել Հայաստանի շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար։ Իր ճանապարհը չի պատկերացնում ո’չ խորհրդարանում, ո’չ էլ խորհրդարանից դուրս գործող քաղաքական ուժերի հետ։ Արտահերթ ընտրությունների և միջանկյալ կառավարության» կողմնակից է․

«Ես չեմ տեսնում այսօր, որ հստակ լինեն զրույցներ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ կլինի, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք հայտնվելու։ Իմ պատկերացումներով պետք է այս պահին գործի միջանկյալ «տեխնոկրատների» կառավարություն։ Մարդիկ, որոնք լավ գիտեն իրենց գործը, անհատների անուններ չեմ տալիս, որովհետև այս պահին չեմ տեսնում այն մարդկանց, ովքեր կարող են տեխնոկրատ կառավարություն ձևավորել։ Մարդիկ, որոնք պերճախոսելուց բացի, կպերճախոսեն նաև իրենց գործով։ Ես ուզում եմ տեսնել մի ուժ, որը հիմնականում կազմված կլինի կառավարիչներից, որոնք կկայունացնեն իրավիճակը։ Կարծում եմ՝  նոր պետք է ստեղծվի»,- ասաց Գրիգորյանը։

Արդեն 5–րդ պատգամավորին «կորցրած» «Իմ քայլը»–ում կարծում են, որ խմբակցությունը լքած բոլոր պատգամավորները լեգիտիմության խնդիր ունեն։

Back to top button