ԿարևորՀասարակություն

Հայաստանին պե՞տք են ադրբեջանագետներ

2016թ, մայիսի 11, Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ ամիս անց։ Բեմադրության համաձայն ադրբեջանցի աշակերտները դասարանում հայերենով ողջունում են ուսուցչին։ Իսկ հետո սկսվում է պետական քարոզչական թեզերի ամփոփումը՝ կրկին հայերենով։ Իսկ ի՞նչ է կատարվում այդ նույն ժամանակ հայկական կողմում։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում պետպատվերով մեկնարկում  է «ադրբեջանագիտություն»  նեղ մասնագիտացումը, որով սովորում են ադրբեջաներեն, Ադրբեջանի պատմություն, գրականություն, քաղաքականություն և քարոզչություն։  2018թ–ին դասընթացը հանվում է ծրագրից։ Այժմ այդ առարկաները դասավանդվում են արևելագիտության ֆակուլտետի այլ  ծրագրերում ևս, օրինակ՝ թուրքագետները թուրքերենին զուգահեռ տիրապետում են նաև ադրբեջաներենին, բայց ադրբեջաներենը նրանց համար երկրորդ մասնագիտական լեզու է։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան․

«Պատերազմից հետո ֆեյսբուքյան մի գրառում եմ արել , քանի որ Հայաստանում, ցավոք, շատ խնդիրներ ֆեյսբուքում ավելի ակտուալ են քննարկվում, քան այլ տիրույթներում։ Իմ այդ գրառումը որոշակի ընթացք է ստացել, ինչու եմ այդպես ասում, որովհետև ԿԳՄՍ–ից ԵՊՀ գրություն էր ուղարկվել պարզաբանման համար, թե ծրագիրն ինչպես է սկսվել, ինչու է փակվել։ Այդտեղից ենթադրում եմ, որ որոշակի ընթացք կա։ Անկախ քաղաքական դասավորվածությունից կամ քաղաքական մոտեցումներից՝ դա այն հարցն է, որ մեր պետականության համար ուներ և հիմա էլ ունի մեծ կարևորություն և հույս ունեմ, որ գոնե այս տարի  մենք կտեսնենք դրական փոփոխություններ»,–նշում է Մելքոնյանը։  

Ռուբեն Մելքոնյանը

Եթե «Ադրբեջանագիտություն» դասընթացի ծրագրով ադրբեջաներեն դասավանդվում էր ամեն օր, ապա այժմ ժամաքանակի տարբերություն կա․ դասավանվում է շաբաթական մեկ կամ երկու անգամ։  Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ թեև «Ադրբեջանագիտություն»–ը ուսանողների թվաքանակով զիջում էր  թյուրքագիտությանը, արաբագիտությանը և իրանագիտությանը, բայց այդ բոլոր ուղղությունների ուսուցումը դրված էր նույն մակարդակի վրա։

«Այստեղ պետք է գործեր հակառակ տրամաբանությունը․ ոչ թե պետք է բուհը և արևելագիտության ֆակուլտետը դիմեր իշխանություններին և կառավարությանը կամ հետամուտ լիներ այդ խնդրով, այլ  կառավարությունը և իշխանությունը պետք է նախաձեռնողը լինեին, բայց այս պարագայում արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությունը նաև կառավարության կողմից արժանացել է պասիվ կամ անտարբեր վերաբերմունքի, որի հետևանքով մենք արդեն երրորդ տարին է այդ մասնագիտացումը, ըստ էության, չունենք»,–ասում էՌուբեն Մելքոնյանը ։

Լուս՝ civilnet.am

Իսկ ինչու՞ է պետք ադրբեջաներենի իմացությունը և որտե՞ղ կարող է այն պետք գալ։ Վրացերենի ու ադրբեջաներենի միջև Քրիստինեյի ընտրությունը կանգ առավ ադրբեջաներենի վրա։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում վեց տարի սովորեց ու աշխատանքի անցավ Հանրային ռադիոյի Արտասահմանի համար տրվող հաղորդումների բաժնի ադրբեջաներենի խմբագրությունում։

«Գլխավոր թեման, որը արձագանքների մեծ ալիք է առաջացնում , վերաբերում է Արցախյան հակամարտությանը։ Իրավիճակի լարմամբ կամ պասիվացմամբ պայմանավորված՝ ակտիվությունը կարող է աճել կամ նվազել։ Օրինակ՝ պատերազմի օրերին չափազանց ակտիվ էր, մեկնաբանություններում քննարկումները բուռն էին, մենք էլ աշխատում էինք արտակարգ ռեժիմով»,–պատմում է Քրիստինեն։

Հանրային ռադիոյի ադրբեջաներեն բաժնում թարգմանում են այն, ինչ կհետաքրքրի նրանց, նաև այն, ինչի մասին  մենք կցանկանայինք, որ ադրբեջանական կողմը տեղեկանա։ Պատերազմի օրերին ֆեյսբուքյան էջի հետևողների թիվն ավելացել է 15 000–ով։

 «Պատերազմի օրերին և դրանից առաջ էլ նկատել էինք, որ իրենց լրագրողների շրջանում քննարկումներ են ընթանում, թե հայկական տիրույթում պատերազմին վերաբերող լուրերն ադրբեջաներենով ավելի օպերատիվ են տրվում, քան իրենց մոտ[Ադրբեջանում․ խմբ․]։  Թե պատերազմի օրերին, թե նաև տավուշյան դեպքերի ժամանակ ամեն օր լինում էին ճեպազրույցներ, որոնք մենք թարգմանում էինք ադրբեջաներեն, մինչդեռ ադրբեջանական տիրույթում ամենօրյա ճեպազրույցներ  իրենց պաշտպանության նախարարությունը չէր կազմակերպում, և մենք դառնում ենք ալտերնատիվ հարթակ, որը իրենց ձգում էր, որ գային և սրված օրերին տեսնեին, թե ինչ է կատարվում և ինչ ենք ներկայացնում մենք»,–մանրամասնում է Քրիստինեն։

 «Ադրբեջանագիտություն» մասնագիտացմամբ 2016թ–ին սովորել է 4 ուսանող, իսկ 2017թ․–ին՝ 10։ Հաջորդ տարիներին  նման տեղեր չեն հատկացվել։  Տեղերը ձևավորվում են գերատեսչությունների պատվերների հիման վրա և վերջնական հաստատվում են Կառավարության որոշմամբ ։ 2018, 2019 և 2020թթ․ ընթացքում  նման պատվեր չի եղել պետական գերատեսչությունների կողմից, և ուսումնական ծրագիրը չի շարունակվել։ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ  Լուսինե Գրիգորյան․

Ադրբեջաներենի դասընթաց՝ ԵՊՀ–ում, Լուսանկարը՝ ysu.am–ի

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ հնարավոր է և հավանական է, որ նոր ուսումնական տարում  նորից թյուրքագիտության շրջանակում նպատակային տեղեր հատկացվեն։ Նախագիծը շուտով կդնենք շրջանառության մեջ, արդեն հայտերն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ պետական մարմիներին՝  2021–22թթ․ ուստարվա ընդունելության հայտեր ձևավորելու համար։ Դրա շրջանակում ակնկալում ենք իրավապահ մարմիններից, Պաշտպանության նախարարությունից, նաև Ազգային անվտանգության ծառայությունից պատվերի հայտի ներկայացում»,–նշում է Գրիգորյանը։  

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտին կից գործող Գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնում տարիներ առաջ որոշեցին ադրբեջաներենի դասընթաց սկսել։ Հաջողության դեպքում դասընթացը վերածվելու էր մագիստրոսական ծրագրի։

«Որոշ ժամանակ անց նոր կազմ չկարողացանք հավաքել։  Լեզվի դասընթացի հայտարարություն ենք  տալիս, և այդ դասընթացը կսկսվի այն դեպքում, երբ համապատասխան կոնտինգենտ կլինի։ Եթե չի լինում կամ այնքան քիչ է, որ իմաստ չի լինում այդ դասընթացը կազմակերպել, մենք չենք կազմակերպում»,– ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռոբերտ Ղազարյանն է մանրամասնում։

Ռոբերտ Ղազարյանը, լուսանկարը՝ sci.am-ի

Այժմ մտադիր են ծրագիրը կրկին փորձարկել, փետրվարին կսկսեն ադրբեջաներենի ուսուցումը։ Տարիքային և այլ սահմանափակումներ չկան, դասընթացի մասնակիցներ կարող են դառնալ և լեզվին չտիրապետողները, և  արդեն որոշակի գիտելիքներ ունեցողները։ Հայտարարությունը մեծ արձագանք է գտել, շատերը նույնիսկ օնլայն տարբերակով սովորելու ցանկություն են հայտնել ։

«Ես հույս ունեմ, որ այդ ուսանողներից ոմանք, եթե կցանկանան էլ ավելի խորամուխ լինել կոնկրետ ադրբեջանագիտության մեջ, միգուցե գան մեզ մոտ նաև մագիստրատուրայում սովորելու, շարունակելու։ Որովհետև մենք մտադրություն ունենք խումբ ձևավորվելու դեպքում ոչ միայն լեզուն, այլ նաև այդ երկրի պատմությունը, տարածաշրջանային զարգացումները սովորեցնել, այսինքն՝ տարբեր դասընթացներ, որոնք կապ կունենան այդ պետության և նրա վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Երկու տարվա մագիստրատուրայից հետո նաև ադրբեջանագետներ կունենանք»,–խոսքն ամփոփում է Ղազարյանը։

Թշնամուն դիմագրավելու համար նախ պետք է ճանաչել ու չթերագնահատել  նրան։ Տարածաշրջանային խաղացողներին հասկանալու, անվտանգային ու արտաքին քաղաքականություն մշակելու առաջին քայլերը գուցե սկսվում են կրթական ծրագրերից։  Մինչ մենք քննարկում ենք բուհերում ադրբեջանագետներ պատրաստել, թե ոչ, նրանք վաղուց որոշել են հայերեն սովորեցնել դպրոցում, հայագիտության դասընթաց ունենալ՝ հայատյացության ակնհայտ միտումով։

Back to top button