ԿարևորՀասարակություն

Ամենահրամանատարը․ 44-օրյա պատերազմի հերոսն այսօր կդառնար 44 տարեկան

«Ամենահրամանատարը» կամ «Օմարի արծիվը» այսպես էին բնութագրում նրան՝  գնդապետ Վահագն Ասատրյանին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ընտանիքի անդամներն են, նրա  զինակից ընկերներն ու  հարազատները։ 44 օրյա պատերազմի հերոսը  այսօր կդառնար 44  տարեկան։  

Տիկին Սիմայի հետ քայլում  ենք զինվորական պանթեոնում ու հիշում   հերոսի  ծնունդը։ Վահագնը  ընտանիքի կրտսերն էր։ Մայրը պատմում է՝  շատ  էր  երազում  աղջիկ ունենալ ու մինչև վերջին  պահն էլ  գիտեր, որ աղջիկ է ունենալու։

«Ամուսինս ամեն անգամ ասում էր, որ իրենից միայն տղաներ են ծնվում։ Վահագնը մեր կյանքի իմաստն է»։

«Նա իր ծննդյան օրը միշտ ուշանում էր, բայց  մեկ ժամից ոչ ավելի»,–զրույցին միջամտում է Նիկողայոս Եղիազարյանը, որը Վահագնի հարազատներից է,  նաև՝ Արցախյան պատերազմի մասնակից։

«Ասում էր՝ մեկ ժամից կգամ։ Պատերազմի օրերին  խոսում էինք։ Ես ասեցի, որ իմ Նաիրի ջոկատով գալիս եմ, ասաց՝ եղբայր, այստեղ այնքան մարդ կա, մարդու պատերազմ չէ։ Իհարկե գնացինք․․․Հոկտեմբերի 12–ին եղավ դեպքը, ու իմ ողնաշարը կոտրվեց»։

Երբ Վահագնը  ընտրեց զինվորականի մասնագիտութունը, որևէ մեկը չզարմացավ։ Հերոսի  ընտանիքում  զինվորական լինելը ձևավորված ավանդույթ էր։ Պապիկը  Հայրենական պատերազմի մասնակից է եղել, քեռին գեներալ–մայոր Աստվածատուր Պետրոսյանն է։   Իսկ  մոր և որդու զրույցների հիմնական թեման հայրենիքն էր։ Տիկին Սիման ասում է՝ նա կարողանում էր այնպես անել, որ որդին պատմեր իր զինվորական կյանքից։

Վահագնի որդիները դեռ փոքր են, բայց կինն ասում է, որ մեծ տղան որոշել է  զինվորական  դառնալ։ Հասմիկը կամ Հասիկոն, ինչպես  նրան դիմում էր Վահագնը,  ասում է, որ իր կյանքը սկսվել է հենց Վահագնով, նրա հետ ծանոթացել է 16 տարեկանում։ Որքան խիստ զինվորական էր ու պահանջկոտ,  նույնքան էլ ռոմանտիկ էր ու հումորով  լեցուն։ Վահագնի համար չլուծվող խնդիր չկար՝ ասում է։

Ազգային հերոսն Արցախի սարերում ու ձորերում  կռիվ տվեց, չնահանջեց անգամ այն ժամանակ, երբ տղաները  շրջափակման մեջ հայտնվեցին։ Նրա իրականացրած օպերացիաներից  մեկի մասին տեղեկացանք պատերազմից հետո՝ զինվորներից մեկի գրառումից։

«Սեպտեմբերի 27-ն էր, երբ տագնապի ձայնը լսելով՝ մեկնեցինք Սյունիք ու նույն օրը տեղափոխվեցինք Քարվաճառ, որտեղ և հանդիպեցինք հրամանատար Վահագն Ասատրյանին։ Մեզ կարճ բացատրեց իրավիճակը, ինչպես միշտ՝ դուխ տվեց ու ասաց, որ այս պատերազմը շատ հարցեր է լուծելու և կոչ արեց՝ ոչ ոք չմոռանա իր կարևորության մասին և անձնուրաց կռիվ վարի։

Հոկտեմբերի …-ն  էր․ հրամանատար Վահագն Ասատրյանի մշակած օպերացիայով կարողացանք հետ գրավել Քելբաջարի Շղթաներ դիրքը, որտեղ տվեցինք մեկ զոհ՝ Խաչատուրյան Խաչատուրին։ Դիրքը գրավելուց հետո հրամանատարը հրամայեց, որ այդ դիրքը կոչվի Խաչատրյանի անվամբ»։

«Քելբաջարից շարժվեցինք դեպի Ջաբրայիլ, որտեղ հոկտեմբերի …-ին ընկանք շրջափակման մեջ ու կրկին հրամանատար Վահագն Ասատրյանի շնորհիվ կարողացանք ճիշտ մարտ վարել ու դուրս գալ շրջափակումից։ Անհավատալի էր՝ մենք տվեցինք ընդամենը մեկ զոհ՝ Հենզելը, բայց  այդ իրավիճակն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։ Հրամանատարն ասում էր՝ մենք կռվելու ենք մինչև վերջին մարդը, վախենալ պետք չէ։ Բայց հրամանատարի մահից հետո ամեն ինչ վերջացավ․․․»։

Գնդապետ Ասատրյանը ռազմական հինգ բուհ է ավարտել։  Նրա համար հրամանատարի օրինակ էր Մոնթեն։ Պարբերաբար մեջբերում էր Մոնթեին, բայց նաև ինքն ուներ մի քանի թեզեր, որոնցով  առաջնորդվում էր։

«Հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած,  ու դու դառնալու ես առաջնորդ, որը հաղթելու է հակառակորդին»։

«Օմարի արծիվը» թշնամու ահն  ու սարսափն էր՝ ասում է   հրամանատարի  օգնական  Արթուր Մուսայելյանը, որը Վահագնի հետ դեպքից երկու ժամ առաջ էր  հանդիպել։

«Վահագնը չխփվեց, Վահագնի հետևից ընկել էր ամբողջ ֆրոնտը։ Մի ռադիոհաղորդման փոխանցումով, որ մերոնք էին գրանցել, թուրքերն ասել էին Վահագնին, որտեղ տեսնենք, սմերչով խփեք»։

Գնդապետը դեպքից երկու օր առաջ  իր սիրելի  Օմարի բարձունքից  լուսանկար էր ուղարկել տիկնոջը։

«Հոկտեմբերի 10-ին նկար  էր ուղարկել  Օմարի բարձունքից,  ու նկարի մեջ  կարծես ինքը ամպերից վեր լիներ։  Ու հենց էդպես էլ գրել էր․ «Հաս, նայի ամպերից էլ վեր եմ․․․», ու էդպես ամպերից էլ վեր մնաց»։

Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության եւ անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանը հետմահու պարգեւատրվեց Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Back to top button