ԿարևորՀասարակություն

Նանոֆիզիկան ու առաջատար տեխնոլոգիաները՝ դիվերսիոն փորձերը կանխելու ու զրահաբաճկոններ արտադրելու համար

Հաջորդ ուսումնական տարվանից Մայր բուհի ֆիզիկայի ֆակուլտետում երեք նոր մասնագիտություններով մեկնարկող ծրագրերը  ուսանողներին հնարավորություն կտան հմտանալ ու գիտելիքները ռազմական արդյունաբերոււթյան մեջ կիրառել։  Մինչ ուսանողները կսկսեն գիտական առաջարկներ ներկայացնել, գիտնականներն արդեն  փորձարկում են իրենցը։

Հայկական հայտնի   պերլիտն  ու դրա մեջ  ներարկված  մեկուսիչ նանոմասնիկները կարող են միանալ ու պինդ նյութ դառնալ։ Իսկ այս խառնուրդը  կարող է զրահաբաճկոնի հիմք դառնալ ։ Գիտական այս արդյունքը արտադրանք դարձել է՝ ասում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և հավելում՝ սա գիտական միակ արտադրանքը չէ։

«Մեկ այլ առաջարկ էլ հենվում է էլեկտրական հարթ  կոճերի վրա։ Մեկ հարթության վրա սարքած կոճը, պարզվում է, ունի մագնիսական դաշտի նկատմամբ  մեծ զգայունություն։ Այս գաղափարի վրա  պատրաստվում են տվիչներ, որոնք կարող են օգտագործվել շատ տարբեր բնագավառներում, օրինակ՝ բժշկության մեջ։ Ռազմարդյունաբերության   մեջ կարող են սահմանապահները օգտագործել։ Համակարգչի առջև նստած հնարավոր է հետևել՝ արդյոք սահմանախախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ։  Այս մեթոդը կօգնի կանխել օրինակ դիվերսիոն ներթափանցման   փորձերը»։ 

Գիտական առաջարկի փորձարկումներն արվել են, արտադրանքի տեսքով այն դեռ չկա։ ԵՊՀ ֆիզիկայի  ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը պատմում է, որ հաջորդ ուսումնական տարվանից ուսանողները գիտական այս առաջարկների մանրամասներին կծանոթանան՝ արդեն լսարանում։ Երեք նոր   մասնագիտություններով   կսովորեն  բակալավրիատի ուսանողները։ Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ  մասնագիտությամբ այս տարի ընդունելություն արդեն կազմակերպվել է։  Ֆակուլտետի դեկանն ասում է, որ շատ արագ բացվեց, սակայն  ուսանողներ ունեցան, չնայած մրցույթը մեծ չէր։

«Առաջին նոր մասնագիտությունը  տվյալների մշակումն է ֆիզիկայում և  արհեստական բանականությունը։  Երկրորդ նոր մասնագիտությունը կոչվում է նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաների  ֆիզիկա։  Այս ուղղությամբ կարող են  Հայաստանի համար չափազանց  կարևոր մասնագետներ պատրաստվել։ Նրանք պետք է շատ լավ իմանան և ֆիզիկան, և ռազմական գործը։ Այսպիսի մասնագետները շատ քիչ են այժմ։ Այս ֆակուլտետի ուսանողները պետք է եղած զենքերը կատարելագործեն կամ ստեղծեն նոր զենքեր»։

Թե ինչու է կարևոր   երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա մասնագիտությունը,  բացատրում  է   ծրագրի ղեկավար, պահեստազորի գնդապետ   Աշոտ Մելքոնյանը։ Ասում է՝ բնական անհրաժեշտություն կա տնտեսական, ֆինանսական, կադրային ու պաշտպանական ոլորտներում ավելի ուժեղ դառնալ։  Խնդիրները լուծելու համար մարտահրավերները շատ են։

«Այն սխալ պատկերացումն  էր, որ ունեին նախկին կառավարությունները։ Նրանք կարծում էին, որ պետք է փողը փող բերի , արդյունքում զարգացավ միայն բանկային համակարգը։ Արդյունքում՝ ոչ լիարժեք ձևով զարգացավ տնտեսությունը։ Կորավ նաև հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ։  Սիստեմատիկորեն պակասեց ու վերջին  30 տարում բուհերում նվազեց ուսանողների թիվը»։

Թե առաջարկների որ մասը տնտեսության ու հատկապես  պաշտպանական համակարգում կներդրվի, Մայր բուհում գիտեն, սակայն փակագծերը չեն բացում։ Ի վերջո, պաշտպանական համակարգը նաև գաղտնիքներ ունի։  Ասում են, որ Հայաստանի ռազմական ոլորտը , գուցե մի քիչ հախուռն, սակայն, զարգանում է,  կուտակում  ներուժ մարտահրավերներին դիմակայելու  համար։

Ցուցադրել ավելի
Back to top button