ԿարևորՀասարակություն

Հեռուստաեթերի «հներն» ու «նորերը»․ ՀՌՀ–ն ամփոփել է մրցույթի արդյունքները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2 օր անընդնմեջ նիստեր իրականացրեց, քվեարկեց, հաշվարկեց և ներկայացրեց հաղթողներին, նրանց, ովքեր կլնեն հեռուստաեթերում կամ հանապետության ողջ տարածքում, կամ մայրաքաղաքում, կամ մարզերում։

Ամենից առաջ  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարեց՝ որոշում կայացնելու են խորհրդի 7 անդամները․

«Նրանց որոշումների վրա չի ազդում ոչ քաղաքական փոփոխությունները, ոչ եթե այդպիսիք լինեին՝ քաղաքական ճնշումները և հանձնաժողովը պատասխանատու է իր որոշումների համար։ Մենք սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել, որ որևէ ճնշում, որևէ ընկերական հարաբերություններ չեն գործում և մենք առաջնորդվում ենք օրենքով, արժեքների մասին մեր պատկերացումներով և այն ահռելի փաստերով, որոնք մեզ ներկայացրել են հանձնաժողովի ստորաբաժանումները։ Սա ասում եմ, որովհետև մենք քաղաքական շահարկումների պատճառով եղած ինֆորմացիոն հոսքերի մեջ (ինչը միշտ սպասվում է, երբ պարտվողներ կան), չենք մտնելու»։

Ի սկզբանե հանրապետական սփռում ձեռք բերելու համար խորհրդի էին ներկայացվել 12 ընկերությունների հայտեր, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ» մեդիա կենտրոն ՍՊԸ–ն, որը ներկայացնում էր 1in.am-ը և Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքը հետ են կանչել իրենց հայտերը, ուստի չեն մասնակցել մրցույթին։

Այսպիսով՝ 10 ընկերություն մրցում էին հանրապետական 5 հաճախականության համար։ 10-ից երեքը՝ Հ2, Արմենիա և Ա1+, մրցում էին բացառապես հանրապետական ծածկույթ ունենալու համար։ Մյուսները՝ Արմնյուզը, 5-րդ ալիքը, Կենտրոնը, A TV–ն, Ֆրինյուզը, Երկիր մեդիան և Շանթը հանրապետականում ձախողելու դեպքում դեմ չէին հեռարձակվել միայն մայրաքաղաքում։

Մրցույթում գրանցված արդյունքները՝ ըստ հավաքած միավորների, ներկայացնում է խորհրդի նախագահը․

«Արմենիա թիվի»- 713
«Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը)-688
«Շանթ» ՍՊԸ-680
«A TV»-670
«Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի» — 663

Մրցույթն անցկացվում էր ըստ վեց չափորոշիչներով սահմանվող գնահատականների՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայություն, հայերեն հաղորդումների գերակայություն, բազմակարծությունը խթանելու կարողություն, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը ուղղված հաղորդումների գերակայություն:

5-րդ ալիքը, Արմնյուզը և Ֆրինյուզը կհեռարձակվեն միայն մայրաքաղաքում։ Բացառապես Երևանում կհեռարձակվեն նաև Արփի մեդիան, Դար 21-ը և Նոր Հայաստանը։

Իսկ Հ2-ը և Ա1+–ը միայն հանապետական ծածկույթի համար պայքարելու և ձախողելու արդյուքնում առհասարակ զրկվեցին եթերից։

Մրցույթից առաջ Հայկական երկրորդ հեռուստաալիքը հաջողության հարցում կասկածներ չուներ։ «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը, մասնավորապես,  «Առավոտին» ասել էր․

«Մենք վստահ ենք մեր ուժերի վրա և չենք տեսնում որևէ թույլ կետ: Մեր ներկայացրած մրցութային առաջարկում, ընդհանրապես մեր 30-ամյա կենսագրության մեջ չկա մի կետ, որը կարող է առիթ հանդիսանալ հանձնաժողովի անդամներին բարձր գնահատական չդնել մեր հեռուստաալիքի ներկայացրած մրցութային առաջարկին: Մեզ մոտ ամեն ինչ, մի բան էլ ավելի, փայլուն վիճակում է։»

Մրցույթի ավարտից հետո Շավարշ Գևորգյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ խոստանալով՝ կխոսի մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո։ Դա տեղի կունենա 3 օրվա ընթացքում։

Իսկ ինչ վերաբերում է մարզային սլոթերին․ Արարատի և Վայոց ձորի մարզերից մրցույթին որևէ հայտ չի ուղարկվել։ 8 մարզից ընդհանուր առմամբ ներկայացվել էր 13 հայտ․ Լոռուց՝ 3, Արագածոտնից, Արմավիրից, Շիրակից՝ 2–ական, մյուսներից՝ 1-ական հայտ։ Ամեն մարզից հաղթողը մեկն է։

Որպես ամփոփում՝ խորհրդի նախագահը հանդես եկավ բոլոր հաղթող ընկերություններին ուղղված խորհուրդ–մաղթանքով․

«Հույս եմ հայտնում, որ բոլոր այն հեռուստաընկերությունները», որոնք կստանան լիցենզիա, կզգան իրենց կարեւորագույն սոցիալական առաքելությունը, կհեռարձակեն հանրային պահանջմունքների եւ հետաքրքրությունների բազմազանությունը, կհամապատասխանեն տեխնիկական եւ արտադրական բարձր ստանդարտներին եւ կօգտագործեն հեռուստատեսության ճանաչողական եւ գիտելիք տարածելու դերը»։

Հեռուստատեսային մեդիա ներկայացուցիչները փոխվեցին․ նախկինում ծանոթ անուններից որոշները լքեցին եթերը, անծանոթ անունները սովորական դառնալու պոտենցիալ ձեռք բերեցին։

Այժմ կարող ենք իմանալ ինչ անուններ, լոգոներ, դեմքեր կտեսնենք էկրանից, սակայն դրանք ինչ բովանդակություն կտան, դեռևս հայտնի չէ։

Ժամանակ է պետք հասկանալու համար՝ հեռուստաեթերում փոփոխվելու է միայն ձև՞ը, թե՞ նաև բովանդակությունը։

Back to top button