ԿարևորՎերլուծական

Թբիլիսիին չի անհանգստացնում տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը

Թուրքիայի դերակատարության ուժեղացումը մեր տարածաշրջանում թեև անհանգստացնում է հարևան Վրաստանին, սակայն ոչ այնքան, որքան Ռուսաստանի ռազմաքաղաքական մենաշնորհը։ Այս մասին «Ռադիոլուրին» ասել են վրացի փորձագետները, ովքեր հիմնականում դրական են վերաբերվում Անկարայի ակտիվացմանը։

Ի դեպ, հատկանշական է, որ Թուրքիայի ակտիվացումը գերադասելի է հիմնականում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա կուսակցությանը հարող շրջանակներին։

Պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում Վրաստանի փորձագիտական շրջանակներին հիմնականում անհանգստացնում է ռուսական ներկայության ավելացման համատեքստում։ Թբիլիսիում կարծում են, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Վրաստանի համար ավելի շատ խնդիրներ են առաջ եկել։    

«Տարածաշրջանում որքան ավելանում են ռուսական զորամիավորումները, այնքան էլ  խնդիրները՝ մեզ համար»,-ասում է կոնֆլիկտաբան Գիորգի Կանաշվիլին՝ նկատելով, որ Ռուսաստանը կրկին ցույց տվեց, որ որոշիչ ազդեցություն ունի Կովկասում:

Անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Դարչիաշվիլին նկատում է, որ Թուրքիայում ոչ նույն չափով, ինչ Մոսկվայում, բայց կարոտախտ են զգում երբեմնի կայսրության ազդեցության հանդեպ։ Սա, ըստ նրա, թեև մեծացնում է հնարավոր ռիսկերը, այդուհանդերձ ավելի գերադասելի է․    

«Իրականում Թուրքիան միջազգային իրավունքին հավատարիմ դերակատար է: Բացի այդ, Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանի ռազմավարական գործընկերն է և սատարում է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքը՝ տարածքային ամբողջականությունը Հարավային Կովկասում: Այնպես որ, այս ամենը հավասարակշռում է թուրքական ազդեցության մեծացման հնարավոր ռիսկերը, և դա շատ ավելի քիչ ռիսկային է, քան կայսերական ռուսական քաղաքականության ազդեցությունը»:

Վրաստանում համեմատաբար քիչ թվով փորձագետներ հակառակն են պնդում։ Վերջիններս նշում են, որ տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացումը վտանգ է ներկայացնում նաև Վրաստանի համար, ինչպես սիրիական պատերազմից հետո, այսօր ևս կոչ անում իշխանություններին երկիրն ահաբեկչական գործողություններից հեռու պահելու նպատակով չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը։

Քաղաքագետ Պետրե Մամրաձե նկատում է․ «Վրաստանին դա իհարկե անհանգստացնում է․ երկիրն այսօր ժողովրդագրական աղետի առաջ է կանգնած, բնակեցվում է բոլորովին այլ էթնոսով (թուրք, խմբ․)՝ օտար մշակույթ ու դավանանք կրող։ Այս ամենը մեզ խիստ անհանգստացնում է»։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Թուրքիայում Վրաստանի նախկին հյուպատոս Զաուր Մճեդիշվիլին ահազանգում է՝ վերջին տարիներին վրացական Աջարիան թուրքական տարածաշրջանի վերածվելու փաստն ու Էրդողանի՝ «Բաթումին պետք է մտնի Թուրքիայի սահմանների մեջ» հայտարարությունը լուրջ չի ընկալվում։

«Վրաստանի ներկայիս իշխանությունները հիմնականում տեղի են տալիս, Թուրքիային: Հետխորհրդային ողջ ժամանակահատվածում այդ երկիրն արել է ամեն ինչ, որպեսզի թելադրի Վրաստանին իր շահը, ուստի սա ևս մեկ անգամ ապացուցում է վրացական կողմի թուլությունը: Սա, իհարկե, վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև Վրաստանի ներքին քաղաքականությանը, նույնիսկ, ցավոք սրտի, կրթության ոլորտին: Վրաստանի վրա իրականացվում է լուրջ քաղաքական ճնշում»,- նշում է վրացի թուրքագետը՝ նկատելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Թբիլիսի դիրքորոշումը չեզոք է։

Back to top button