ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը պատրաստվում է պատվաստել բոլոր տարեցներին

ԱՄՆ-ում բաշխում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի այսօր առկա ամբողջ պաշարը, որպեսզի այստեղ պատվաստման ենթարկվեն 65-ից բարձր տարիք, նաեւ առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձինք, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Նյու Յորքում զանգվածային պատվաստումների համար նախատեսված ծառայությունն ամեն օր կարող է պատվաստման ենթարկել 10 հազար մարդու: Սակայն այսօր, երբ ամբողջ նահանգն ամեն շաբաթ ստանում է միայն 300 հազար չափաբաժին, նշված ծառայությունը չի կարող աշխատել իր ամբողջ կարողությամբ:

Ինչպես Նյու Յորքի առողջապահության նախարարությունից Հովարդ Զուքերն է ասում, ‘’Սա գրեթե պատերազմական իրավիճակ է, երբ ամեն րոպե վտանգի տակ են դրված մարդկային կյանքեր’’:

Այլ նահանգներում, ինչպես օրինակ Փենսիլվանիայում ու Նյու Ջերզիում, դժվարությունն առկա պատվաստանյութերը կիրառելն է: Ամբողջ երկրում մինչ այժմ բաշխվել է 29 միլիոն չափաբաժին, սակայն կիրառվել է միայն 9 միլիոնը:

Դաշնային կառավարությունն այժմ որոշել է բաշխել ամբողջ չափաբաժինը, այլ ոչ թե դրանց կեսը պահել, որպես երկրորդ ներարկում:

Նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդնը վստահ է, որ իր կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում հնարավոր կլինի ապահովել հարյուր միլիոն չափաբաժին: Նա նաեւ որոնում է ուղիներ, որպեսզի պատվաստումներ ստանան նաեւ ավելի կարիքավորներն ու փոքրամասնության ներկայացուցիչները:

ԱՄՆ-ում անցած երեքշաբթի օրը գրանցվել է կովիդից մեկ օրվա ընթացքում մահվան ամենաբարձր ցուցանիշը` 4327 մարդ: Անցած ամիսների ընթացքում ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 380 հազարից:

Գլխավոր հույսը, ասում են բժիշկները, պատվաստանյութն է:

Back to top button