ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Նաղդալյան

Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված «սադրիչ հայտարարությունները», հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրատվականների հարցերին:

Լրատվականները մասնավորապես հետաքրքրվել էին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը, կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար:

«Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորելու վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ»,-պատասխանել է Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ «դեռևս Ադրբեջանը պատրաստ չէ դրան».

«Ավելին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները գալիս են փաստելու, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին»:

Աննա Նաղդալյանը նշել է, որ հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված «սադրիչ հայտարարությունները», ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը:

«Այս իրողությունները վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով»,-եզրափակել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button