ԿարևորՀասարակություն

Պատերազմից հետո սփյուռքահայերի՝ հայրենիքում աշխատելու ցանկությունն ավելի մեծ է

Ամերիկաբնակ Օննիգ Բայրամյանը ամիսներ առաջ եկել էր Հայաստանում աշխատելու, եկել էր կռունկի կանչով՝ ազգային ոգին փնտրելու ու գտնելու։ Ծանոթացանք ու զրուցեցինք ամիսներ առաջ, երբ նոր էր մեկնարկել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Ի գործ» ծրագիրը, իսկ մանկավարժ–վերապատրաստող Օննիգ Բայրամյանը մեկն էր այն տասնյակ բարձրակարգ մասնագետներից, որ եկել էին իրենց փորձով կիսվելու ու աշխատելու ՀՀ պետական կառավարման համարակգում։ Այսօր արդեն սփյուռքահայ զրուցակիցս հպարտությամբ պատմում է կատարած աշխատանքի մասին։

«Երբ սկսեցի դպրոցների տնօրենների, փոխտնօրենների ու մանկավարժների  հետ շփվել, վերապատրաստել նրանց, համոզվեցի, որ գերազանց մանկավարժներ ունենք։ Ես ամբողջ աշխարհում՝ Չինաստանից մինչև ԱՄՆ, մանկավարժների վերապատրաստումներ եմ իրականացրել, բայց հայ մանկավարժների նման նվիրվող մասնագետներ հազվագյուտ եմ տեսել։ Այստեղ տեսա նրանց զոհողությունները, տեսա, որ ամսական քիչ աշխատավարձով գիշեր–ցերեկ նվիրված աշխատում են։ Ես հիացած եմ և միշտ բրավո կասեմ իրենց»,– ասում է Օննիգ Բայրամյանը։

Օննիգ Բայրամյանը իր գործընկերների հետ արդեն մի քանի ամիս  Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր է իրականացնում։ Աշխարհի տարբեր երկրներում աշխատելուց հետո իր հետ բերել է նոր մանկավարժական հմտություններ, նոր մեթոդներ դասը մատուցելու համար․ վստահ է՝ եթե կիրառենք միջազգային փորձը, շատ շուտով կկարողանանք Սինգապուրի նման աշխարհում առաջատար դպրոցներ ունենենալ։

«Ուսուցիչները ոչ միայն գիտելիքներ պետք է տան աշակերտներին, այլ նաև հմտություններ, որ նրանք կարողանան ապագայի առաջնորդները դառնալ և հայ ժողովրդին տանել դեպի մեծ Հայաստան ու մեծ հաղթանակներ»։

Սփյուռքահայերի աշխատանքը կառավարությունում

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ռադիոլուր»–ին հայտնեցին, որ չնայած համավարակով ու պատերազմական իրավիճակով պայմանավորված ծրագրի ժամկետներում ու մասնակիցների թվի մեջ փոփոխություններ եղել են, բայց «Ի գործը» շատ չի տուժել։ Գլխավոր հանձնակատարի մամուլի քարտուղար Ամալյա Կարապետյան։

«Պատերազմից հետո Սփյուռքի մասնագետներն ավելի մեծ ցանկություն ունեն գալու և աշխատելու Հայաստանում՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ Սփյուռքի ինտելեկտուալ ներուժը առավել քան երբևէ պետք է Հայաստանի զարգացմանը»։

Ծրագրի իրականացման մի քանի ամիսների ընթացքում մասնակիցներն  արդեն հաջողություններ ունեն։ «Ի գործ»–ցիները պատերազմի ողջ ընթացքում արտակարգ ռեժիմով են աշխատել, նաև սեփական միջոցներով փորձել են օգնել զինվորներին ու Արցախից եկած քաղաքացիներին։ Առողջապահության նախարարությունում աշխատող ամերիկաբնակ հայրենադարձ մասնակիցն էլ պատերազմի օրերին համակարգել է Սփյուռքից եկած այն բժիշկների աշխատանքը, որոնք ցանկություն էին հայտնել գալ Հայաստան ու աշխատել Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներում։

Մոսկվայաբնակ Զավեն Այվազյանը օրերս  նույն ծրագրով եկել է հայրենիք, աշխատելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։

«Մոսկվայում իմ կրթությունն ավարտելուց հետո ես սպասում էի, փնտրում էի աշխատանքի հնարավորություն, որ տուն գայի, բայց չէր ստացվում, ու այդպես 25 տարի։ Հեղափոխությունից հետո որոշել էի, որ պիտի գամ ու փորձեմ օգտակար լինել ապագայի երկիրը կառուցելու գործում, իսկ պատերազմը ստիպեց մտածել, որ հիմա է իսկական ժամանակը գալ ու օգնել, որ հիմա է պետք այստեղ լինել ու ինչ–որ օգուտ բերել»,– ասում է Զավեն Այվազյանը։

«Ի գործ»–ցիների հետ զրուցում ենք ապագայի պլանների մասին։ Զավենն Այվազյանը զարմանում է, երբ հարցնում եմ, թե ծրագրի ավարտից հետո ինչ է անելու։ Ասում է ծրագիրը պարզապես առիթ էր․ ինքը տուն է եկել ու մնալու է տանը։ Օննիգ Բայրամյանն էլ պատրաստվում է գործընկերների հետ մեկնել Արցախ և ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն այնտեղ էլ իրականացնել, իսկ մինչ այդ ամբողջ աշխարհին հրավիրում է գալ ու տեսնել մեր խելացի, անձնուրաց, նմանը չունեցող հայ մանկավարժներին։

Back to top button