ԿարևորՀասարակություն

Դրոններ ու ռոբոտներ հավաքել՝ սիրելով․ Startup Armenia-ի կրթական նոր ծրագիրը

Ստեղծագործական միտք + տեխնիկական միտք = սեփական արտադրանք։ Բավական է համակարգչի մեջ հավաքել համապատասխան կոդը և դրոնը կկատարի հրահանգը․ աջ, ձախ, պտույտ, տեղում։ Startup Armenia հիմնադրամի EduLab-ի սովորողներն ուսումնասիրելու են դրոններ և ռոբոտներ հավաքելու հնարավոր բոլոր  տարբերակները, բայց փորձելու են ստեղծել սեփականը։

«Առաջին կրթական ծրագիրը դրոնների հիման վրա է ստեղծված, իսկ մյուսը՝ ռոբոտների։ Այսինքն՝ իրենք դրոնաշինական ու ռոբոտաշինական ֆունկցիաները սովորեցնող ծրագրեր են։ Օրինակ, երբ դրոնը որևիցե ֆունկցիա է կատարում մենք հեռախոսով կամ հեռակառավարման վահանակով կառավարում ենք, չէ՞, դրոնը, այս ու այն կողմ ենք տանում, վերև–ներքև, հիմա մենք հնարավորություն կունենանք այդ ծրագրի միջոցով սովորեցնել, թե ինչ կոդերի արդյունքում ինչ ֆունկցիա պետք է կատարի դրոնը։ Այսինքն՝ կոդավորում են սովորելու, որի միջոցով կկարողանան կոդավորել դրոնին ու ֆունկցիաներ տալ, նույնը նաև ռոբոտի հետ կապված»։  

Դեռ պատերազմից առաջ Startup Armenia հիմնադրամը մարզերում իրականացնում էր «Ստարտափ ակումբ» նախագիծը․ նպատակը պատանիներին ձեռներեցության մասին գիտելիքներ փոխանցելն էր։ Հենց այդ ժամանակ էլ Startup Armenia հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանն ու իր թիմը նկատեցին․

Լուս․՝ Ֆեյսբուքյան էջի

«Ստարտափ ակումբների կրթական ծրագիրը իրականացնելու արդյունքում մի խնդրի բախվեցինք հասկացանք, որ մեր պատանիները, ճիշտ է, բավական ֆունդամենտալ գիտելիքներ են ստանում ձեռներեցության ոլորտից, բայց տեխնիկական գիտելիքների պակաս ունեն։ Սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ հետաքրքիր կրթական ծրագրեր կան, որոնց միջոցով երեխաները կարող են տեխնիկական գիտելիքներ ստանալ»։

Ուսումնասիրեցին ու 2020թ մարտին սկսեցին բանակցել աշխարհի ամենամեծ դրոնաշինական ընկերության՝ չինական DJI–ի հետ, նրանց կրթական ծրագրերը Հայաստանում ներդնելու համար։ Արդյունքում՝ Startup Armenia հիմնադրամը ստեղծեց «Ռեսփո» ընկերությունը, որը դարձավ Հայաստանում DJI–ի պաշտոնական ներկայացուցիչը։   

«DJI–ի կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս քո կրեատիվությունը դնել այս ամեն ինչի մեջ։ Նույն դրոնների ու ռոբոտների ֆունկցիաները բավականին շատ են, այսինքն՝ երեխաներին, ուսանողներին անսահմանափակ հնարավորություններ է տալու կոդավորելու համար։ Ինչ–որ պահի մենք մտածում էինք նաև, որ մեր EduLab-ում կունենանք 3D պրինտերներ, որի միջոցով մասնակիցները հնարավորություն կունենան իրենց դրոններն ու ռոբոտները սարքելու, որովհետև DJI–ի կրթական դրոններն ու ռոբոտները այնպիսին են, որ կարող ես ամբողջությամբ քանդել ու հավաքել, այսինքն՝ ինչ–որ պահի իրենք կսկսեն նաև դրոնաշինությամբ զբաղվել։ Ու այստեղ ամենակարևոր բաներից մեկն այն է, որ մենք երեխաներին, մեր մասնակիցներին սիրել կտանք դրոնների հետ աշխատանքը ու հիմնական գիտելիքներ տալով իրենց հնարավորություն կտանք մտնելու  դրոնաշինության ոլորտ, որն այս պահին Հայաստանում արագ  տեմպերով զարգանում է»։

Առաջին կրթական ծրագիրը նախատեսված է 12–16 տարեկանների համար, իսկ երկրորդը՝ ուսանողների։ Մասնակիցները կստանան տեխնիկական գիտելիքներ, որոնք կարող են օգտագործել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության, գյուղատնտեսության ու բնապահպանության ոլորտներում։ Դրոններն ու ռոբոտները Python ծրագրավորման լեզվով են աշխատում, որի միջոցով կոդավորում են արհեստական բանականության մասերը։  Մասնակիցներին կընտրեն հարցաշարի միջոցով, մինիմալ գիտելիքների կարիք կլինի, բայց շատ դժվար չի լինի։ Նախատեսում են մեկնարկել փետրվարին։ Կրթական ծրագրերը, նաև դրոնները ձեռք բերելու համար դրամահավաք են կազմակերպել։ Նվիրաբերել կարող է յուրաքանչյուրը։

«Դրամահավաքը անում ենք ֆեյսբուքի միջոցով մեզ անհրաժեշտ գումարը հարյուր ինը հազար դոլար է, բայց հիմա արդեն մեր բոլոր հայրենակցների, ընկերների, գործընկերների աջակցությամբ մոտ 86  հազար արդեն հավաքել ենք։  Այսինքն՝ վստահաբար, անպայման կսկսենք իրականացնել այս ծրագրերը»։

Յուրաքանչյուր խմբում կլինեն 20 սովորող։ Կրթական ծրագիրը կսկսեն Երևանում, հետագայում նաև մարզերում կներդնեն։ Առաջին ծրագրի տևողությունը երկու ամիս է, երկրորդինը՝ երեքից չորս ամիս, բայց փորձելու են երկու ծրագրերը միացնել ու հայաֆիկացնել, այսինքն՝  հայկական խնդիրներ լուծող կրթական մասեր ավելացնել։

«Նախատեսում ենք բոլորի հետ համագործակցել, աշխատել, արդեն հանդիպումներ ենք ունենում, որ կարողանանք մեր կրթական ծրագրերը ստանալուց հետո որոշակի փոփոխությունների ենթարկել ու երեխաներին, պատանիներին ավելի պատրաստի կադրեր դարձնել, օրինակ՝ եթե ռազմաարդյունաբերության ոլորտի ընկերությունները հետաքրքրված կլինեն մեր EduLab-ը ավարտողներով, կփորձենք իրենց համար այնպիսի կուրսեր մտածել, որ իրենք ավելի պատրաստ լինեն ռազմարդյունաբերության ոլորտ մտնելու»։

Դրոնաշինության և ռոբոտաշինության կրթական ծրագիրն ընդամենը 4 տարվա պատմություն ունեցող  Startup Armenia–ի արդեն երրորդ նախաձեռնությունն է։ Առաջինը Sevan Startup Summit-ն էր, որը դարձել է ամենամյա։ Երկրորդ՝ «Ստարտափ ակումբ» կրթական նախագիծը դարձավ  երրորդի հիմքը։ Իսկ երրորդը կարող է իրական հիմք դառնալ ռազմարդյունաբերության զարգացման համար, բայց մեկ պայմանով․ անհրաժեշտ գումարը պետք է հավաքվի։

Back to top button