ԿարևորՏնտեսական

Ութ տոկոս անկումից՝ երկնիշ տնտեսական աճ․ էկոնոմիկայի նախարարը լավատես է

Նախկինում  գործարար,  այժմ պետական պաշտոնյա  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ըստ էության,  նախկին գործընկերների՝  բիզնեսմենների շահերի պաշտպանն է կառավարությունում։ Խոստովանում է՝

«Ես այժմ գործարարությամբ չեմ զբաղվում, հոգով գործարար եմ ու մնալու եմ այդպիսին»,- ասաց Քերոբյանը։

Հոգով  գործարար, պաշտոնով  նախարար Քերոբյանը  մշակել  ու  կառավարության քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով  առաջարկում է  նեդրողների համար  առավել հասանելի դարձնել ֆինանսական միջոցները։ Նախկին գործարարը պնդում է՝ Հայաստանում բիզնեսի ամենալուրջ  խնդիրը շրջանառու միջոցների պակասն է։

Գործող ընթացակարգերն էլ բարդ են։  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին  ծրագիրն է մատնանշում՝ Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամում առկա միջոցներն ուղղվում են լայնածավալ ներդրումներին՝ համաֆինանսավորմամբ:

Ֆոնդի կողմից կատարվող ներդրումների դեպքում առնվազն նույն չափով ներդրում է պահանջվում մասնավորից։  Նոր մեկնարկող ծրագրերի դեպքում  ՝ ֆոնդի ու մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության  սեփական կապիտալը ավելանում է այդ ներդրումների հանրագումարի չափով․

«Ֆոնդի և մասնավոր ներդրողի  կողմից ներդրման դեպքում կազմակերպությունը պետք է ստանա առնվազն  այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։ Առաջարկում ենք հանել պահանջները, որպեսզի հնարավոր լինի ներդրում կատարել մասնավոր ընկերություններում»։

Կառավարությունը տնտեսվարողին գումար կտա, եթե  վերջինը ներգրավի նաև վարկային միջոցներ։  Քերոբյանը առաջարկում է հանել այս պահանջը։   Ավելին, եթե բիզնեսն  այլևս որևէ տեղից  հնարավորություն չունի գումար վերցնելու, ապա գա ու կառավարությունից վերցնի։  Պետական կառավարման համակարգում  փորձառու  ֆինանսների նախարարն առաջարկի հետ համաձայն չէ։  Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կիսում է  Ատոմ Ջանջուղազյանի կարծիքը։

«Շահառուները գուցե ավելանան, բայց թե ինչ խնդիր կլուծվի դրանով, այնքան էլ բացահայտված չէ»։

Էկոնոմիկայի նախարարը վստահ է՝ ներդրումներ ապահովելու համար պետք է ռիսկի դիմել,  հատկապես  այն դեպքում, երբ բիզնեսի գլխավոր խնդիրը գումարն  է։ Էկոնոմիկայի նախարարության, ըստ Քերոբյանի,  ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք փողն ավելի հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։

«Ես նախարարությունում կոչ եմ արել չվախենալ ու ռիսկի դիմել։ ՀՀ–ում բիզնեսի ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է, և ոչ թե հարկերը, բյուրոկրատիան կամ կոռուպցիան։ ՀՀ–ում բիզնեսը կարող է փող վերցնել միայն բանկից։ Չկան մասնավոր ներդրումային ընկերություններ, վենչուրային ու հրեշտակային ֆոնդեր, կապիտալի շուկաներ։ Այսօր բանկային համակարգը ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու հարցում»։  

Նույն՝ ռիսկի դիմելու տրամաբանությամբ էլ, թերևս, տնտեսական ծանր տարվա համար էկոնոմիկայի  նախարարը  երկնիշ տնտեսական  աճի մասին է խոսում։   

«2020 թվականին,  իմ կարծիքով,   8,5 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել։  Տնտեսությունը կայունացնելու ու զարգացնելու քայլերի երկար ցանկ ունենք։ Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»։

 Գրեթե բոլոր ոլորտներում 2020–ին  անկում գրանցած ոլորտի պատասխանատուն  ասում է տնտեսության նկատմամբ լավատեսությունը չի կորցրել։ Իսկ ոլորտների հաշվին է  երկնիշ տնտեսական աճն ապահովվելու։   Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում  պարզաբանում է, թե ինչի վրա հիմնված լավատեսական ակնկալիքները։

«Ցածր բազայի էֆեկտի շնորհիվ տնտեսական աճ կլինի, երկրորդ գործոնը հայ–թուրքական սահմանի բացումն է, որի մասին նաև հայտարարել է նախարարը։ Երրորդը,  ենթադրում եմ, վարվող  քաղաքականության արդյունքում աճ կգրանցվի»։

Երեք գործոնների վերաբերյալ  էլ փորձագետը հարցեր ունի։ Դրանք հատկապես շատ են հայ–թուրքական սահմանի բացման առնչությամբ։ Հիշեցնում է 2005թ արված հետազոտություններից մեկն ու վստահեցնում՝

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սահմանի բացումը  տնտեսական աճին ավելի քիչ կնպաստի, փոխարենը այլ ռիսկեր կառաջացնի»։

Էկոնոմիկայի նախարարը   խոստանում է՝ եթե աշխարհաքաղաքական ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, թուրքական ապրանքների ներկրման արգելքը 6 ամսով չի սահմանափակվի։

Ցուցադրել ավելի
Back to top button