ԿարևորՀասարակություն

Հին գողացվածը նոր ձևերով վերադարձնելու նոր փորձ

Կոռուպցիոն բնույթի գործերն առաջիկայում քննելու են հատուկ դատարանները, հատուկ դատավորներով։ Քրեական գործերում մասնագիտացված դատարաններն այլևս չեն առնչվի նմանատիպ գործերին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը առաջարկում շեշտը դնում է ծանրաբեռնվածության վրա․  դատական համակարգի նկատմամբ վստահության մասին որևէ խոսք չկա։

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը  դատական համակարգում 30% է և  աճի միտում ունի։ Մասնագիտացման, այդ գործերի տարանջատման անհրաժեշտությունը այս թվերից է բխում»։

Վերջին մեկ տարվա ընթացքում՝ հուլիսից հուլիս, դատարաններում քննվում են 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողություն։

Նույն խնդիրների մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն շեշտադրում է  վստահության գործոնը։

«Պետք է երաշխավորված լինենք, որ իսկապես այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի։ Այսինքն՝ կայացվեց որոշումը, բոլորը ի գիտություն ընդունեն, որ դատարանը այդպիսի որոշում կայացրեց և ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ պատճառահետևանքային, այդ թվում՝ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ։ Խնդիրը, որ մենք պետք է լուծենք, սա է»։

Հակակոռուպցիոն դատարանները և դատավորները վաղվանից կամ առաջիկա օրերին չեն անցնելու աշխատանքի։ Օրենսդրական փաթեթներն այս տարի ուժի մեջ կմտնեն, բայց ճանապարհը ավելի երկար է՝ զգուշացնում է արդարադատության նախարարը․

«Անցումային դրույթներով ինչ–որ մրցութային պրոցեսներ կան Արդարադատության ակադեմիայում, մի բան էլ կա, որը օրենքի նախագծում չի երևում․ շինանրարական աշխատանքներն են ։ Այսինքն՝ դատարանները, աշխատակազմը պետք է պատշաճ շենքային աշխատանքային պայմաններ ունենան, և մենք այս մասով կոնկրետ միջոցառումներ իրականացնում ենք»։

Դատավորի բարեվարքության ստուգումը այսօրվա կարգով կրում է խորհրդատվական բնույթ, նախատեսվում է, որ կոնկրետ բարեվարքության գնահատականը որոշիչ պետք է դառնա դատավորի ընտրության ժամանակ։

Հակակոռուպցիոն գործերի ապագա դատավորները դեռ պետք է որոշակի ուսուցում անցնեն Արդարադատության ակադեմիայում։ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ 5–ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 10 դատավոր։

Արդեն ԱԺ օրակարգում է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը: Փաթեթի վերջնական ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դրանց քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:

Հաջորդ շաբաթ այս փաթեթների մի մասը արդեն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։

Ցուցադրել ավելի
Back to top button