ԿարևորՏնտեսական

Արցախի վերահսկողության տակ է մնացել 34 ՀԷԿ-երից 6-ը․ ինչպե՞ս են վերականգնվելու էներգետիկ կորուստները

Պատերազմի հետևանքով Արցախն ունեցել է 112,5 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ։ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ են մնացել 34 ՀԷԿ-երից 6-ը։ Հինգը փոքր ՀԷԿ-եր են, մեկը` խոշոր՝ Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարի մոտ։ Այս կորուստներից հետո Հայաստանի եւ Արցախի էներգետիկ անվտանգության գնահատականները հուսադրող չեն։ Սպառողները ստիպված են լինելու օգտվել Հայաստանի ՀԷԿ-երի արտադրած առավել թանկ էներգիայից։ Փորձագիտական շրջանակներում, սակայն, կարծում են, որ առաջ գնալու տարբերակներ կան՝ առաջարկներ արվում են, որոնք, սակայն, հաճախ բախվում են  պատկան մարմինների անտարբերությանը։

«Հայկական էներգետիկական ակադեմիա» ՀԿ նախագահ Ստեփան Պապիկյանի խոսքով՝ աշխատանքներ շատ կան անելու եւ հրատապ կարգով, քանի որ վիճակը Արցախում էներգետիկ հզորությունների կորստի պատճառով շատ վատ է։ Մինչ այդ աշխատանքները հնարավոր է համարում արեւային եւ էներգախնայող լամպերով որոշակիորեն մեղմել վիճակը․«Տեղեր կան, որ դիզել-գեներատորներ են տեղադրվել, բայց դա հարցի վերջնական լուծում չէ»։

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ: Այս տվյալները  Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ  ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ տարածքային հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, կորուստը եղել է 112,5 մեգավատ դրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 50 մեգավատ, 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատ դրվածքային հզորությամբ և մեկ` 12-մեգավատանոց ՀԷԿ»,– նշել է փոխնախարարը։

Նախկինում Արցախը գրեթե ամբողջությամբ բավարարում էր էլեկտրաէներգիայի իր կարիքները։ Հայաստանի Հանրապետության հետ իրականացվում էր էլեկտրաէներգիայի փոխանակում։ Ընդ որում` եղել են տարիներ, երբ Արցախն ավելի շատ էլեկտրաէներգիա է մատակարարել ՀՀ, քան ստացել։ Այժմ ՀՀ-ն կավելացնի Արցախի էլեկտրամատակարարումը Գորիսից գնացող էլեկտրահաղորդման գծով։

Ստեփան Պապիկյանը կարծում է, որ հիմա պետք է նախ կազմել Հայաստանի եւ Արցախի էներգետիկ համակարգի նոր ծրագիր՝ խնդիրները լուծելու եւ առաջ գնալու համար։ Այսօրվա ծանր պայմաններում Արցախի էներգետիկ անվտանգությունն ապահովելու անհրաժեշտ քայլերի մասին էլ առաջարկներ է հրապարակել։

Նշենք, որ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված է եղել, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից պետք է ներկրեր 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Սա հաստատելով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մանրամասնել է.   «Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան հավասարազոր էր Հայաստանում փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի գնի՝ գումարած 7 տոկոս տեղափոխման եւ կորստի ծախսերին»։

Պատերազմից հետո ձևավորված էներգետիկ բալանսով, սակայն, այդ էներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան էր: Այսինքն՝ սպառողները ստիպված կլինեն օգտագործել ավելի թանկ էլեկտրականություն։ 

Հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքներում գտնվող էլեկտրակայաններից հասցրել են դուրս բերել տուրբիններն ու այլ սարքավորումները։ Ի դեպ, այդ ՀԷԿ-երը ոչ թե խորհրդային ժամանակաշրջանից են մնացել, այլ տարբեր ժամանակներում կառուցել է հայկական կողմը՝ հիմնականում փոքր հզորության կայաններ։ Ստեփան Պապիկյանը նկատում է, որ Հայաստան տեղափոխված հիդրոուժային էներգետիկական սարքավորումները պատկանում են գործարար մարդկանց, սակայն դրանք հնարավոր է նորից գործարկել:  

 «Օրինակ, մենք Դեբեդ գետի վրա լավ ջրեր ունենք։ Կարելի է այդ գործարար մարդկանց տալ հնարավորություն՝ ժամանակավոր, անվճար սկզբունքով, պետությունը նրանց կողքը կանգնի եւ հնարավոր կլինի շատ կարճ ժամանակամիջոցում՝ կես տարվա ընթացքում բավականին մեգավատտեր ապահովել։ Շատ բան է հնարավոր անել»։   

«Հայկական էներգետիկական ակադեմիա» կազմակերպության նախագահը կարծում է, որ ճիշտ կլիներ ստեղծել անկախ պետական մասնագիտական հանձնաժողով, որպեսզի գտնվեն ուղիներ, այդ թվում՝ այդ սարքավորումների արդյունավետ օգտագործման հնարավոր տարբերակները։

Back to top button