ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը գերիների խնդիրը դարձրել է ճնշման գործիք. իրավապաշտպաններ

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գերիների վերադարձը եւ ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը։ Իրավապաշտպանները կարեւորում են դիվանագիտական աշխատանքը, բոլոր միջազգային կառույցներին այս հարցի լուծմանը ներգրավելը։ Բոլոր ուղղություններով բոլոր ջանքերը պետք է ներդնել՝ ասում են նրանք։ Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ պետք է հրաժարվել այն գործիքներից, որոնք կողմերը ստանձնել են միջազգային պարտավորություններով։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նկատում է, որ գերիների վերադարձի հարցը կողմերի բանակցային գործընթացի արդյունքն ու որոշելիքն է, որում ԿԽՄԿ-ն ընդգրկված չէ։

«Սակայն կողմերի որոշմամբ եւ առաջարկով նաեւ ԿԽՄԿ-ն պատրաստ է օգնել՝ կազմակերպելու վերադարձը», -ասում է Ամատունին։

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն չունի ամբողջական պատկերը, թե կոնկրետ քանի գերի է պահվում Ադրբեջանում։ 

«Միաժամանակ, պետք է ասեմ՝ անկախ նրանից, որ մենք չենք հրապարակում տվյալներ, գոնե այն անձանց մասին, որոնց մենք այցելում ենք, տեսակցում ենք, իրենց հարազատների հետ մենք ուղղակի կապի մեջ ենք, եւ նրանք դա գիտեն, թե երբ ենք տեսակցել։ Այդ կապը առկա է եւ շարունակական այդ իմաստով»։  

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի ձեւակերպմամբ՝ նոր լեգենդ է, երբ Ադրբեջանը շարունակում է ներկայացնել գերիներին՝ որպես ահաբեկիչներ։ Նրա խոսքով՝ այդ կերպ Ադրբեջանը իրավական հիմք է փորձում ստեղծել նրանց պահելու համար։  Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ մեր կառույցները պետք է փաստերի ուժով կոտրեն այդ լեգենդի հետագա շարունակությունը։

«Երբ հարցը տեղափոխվեց ՄԱԿ-ի հարթակ, դա արդեն բավականին պատասխանատու քայլ է, որից հետնահանջ չկա։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է շարունակի այդ լեգենդը,  պետք է մտնի փնտրտուքի մեջ՝ գտնելու իրավական, փաստական հիմքեր։ Պահեն բացարձակ մեկուսացման մեջ այդ մարդկանց, նրանցից կորզեն ցուցմունքներ, որ իրենք ահաբեկիչներ են։ Հայաստանի կառույցներն էլ փաստերի ուժով պետք է կոտրեն այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալու համար, որ դրա նպատակը քաղաքական է»,- ասում է Արա Ղազարյանը։  

ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանն էլ նկատեց, որ անթույլատրելի է ռազմագերիների հայտնած տվյալները՝ որպես ապացույց օգտագործելը, ինչը փորձում է անել Ադրբեջանը։ Սա խնդիր է միջազգային իրավունքի տեսանկյունից՝ շեշտեց մեր երկրի ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչը։

«Խնդիրը պարբերաբար բարձրացնում ենք միջազգային ատյաններում։ Խնդիր է նաեւ, որ Ադրբեջանը իրական թիվ չի ներկայացնում։ Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց ունեցել ենք դեպքեր, երբ  կոնկրետ մենք չենք իմացել, որ այդ անձը գերության մեջ է եւ այնտեղից վերադարձած անձինք են հստակ տեղեկություններ տրամադրել, որ նրանք գտնվում են գերության մեջ»։   

Թիվը էական է հանրության համար, սակայն դրա գաղտնիությունը որքան հասկանալի է ԿԽՄԿ-ի, նույնքան անհասկանալի եւ անընկալելի է իրավապաշտպանների համար։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ էթնիկ ատելության հողի վրա քաղաքական մոտեցումները շարունակում են դրսեւորել նաեւ ռազմագերիների նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները ստորադասվում են քաղաքական նպատակներին։

«Այդ կերպ Ադրբեջանը խնդիրը դարձնում է իր համար ճնշման գործիք՝ արտաքին և ներքին քաղաքական դիսկուրսը թեժացնելու համար։ Այդ կերպ Ալիևը պատանդի կարգավիճակում է պահում նաև ՀՀ իշխանություններին»։

Ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները. իրավապաշտպանի դիտարկմամբ՝ այդ խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա, որը բավարար չափով չի արվում։ Ըստ նրա՝ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն միջազգային կառույցներին ներգրավելու համար այդ երկխոսության կայացման գործում։ Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ բոլոր գործիքներից՝ եզրափակեց իրավապաշտպանը։

Ցուցադրել ավելի
Back to top button