ԿարևորՔաղաքական

Պուտինն Էրդողանին ներկայացրել է հունվարի 11-ի հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեջ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը։

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, ընդգծվել է, որ բանակցությունների հիմնական արդյունքներից մեկն է Ադրբեջանի և Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատմումն ու տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործնական փոխգործակցության պատրաստակամությունը:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ հնարավոր է եղել համաձայնության գալ այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլերի վերաբերյալ:

Իր հերթին, Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական գործընթացում Ռուսաստանի ջանքերին, հանդես եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին, այդ թվում` տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի խթանման շահերից:

Առանձնակի շոշափվել են հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ձևավորման որոշ նրբություններ: Երկկողմ օրակարգը քննարկելիս՝ հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, առանցքային ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի խնդիրներին` ներառյալ պատվաստանյութերի համատեղ արտադրության և օգտագործման պլանների իրականացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button